Եթե հարմարվեմ՝ կմնամ սայլակին, ինձ համար ժամանակավոր կյանքի ձև եմ հորինել. Սեյրան Սողոյանը՝ նորից քայլելու նպատակի, պատերազմից հետո երկրորդ կյանք ստանալու մասին Zarkerak - Եթե հարմարվեմ՝ կմնամ սայլակին, ինձ համար ժամանակավոր կյանքի ձև եմ հորինել. Սեյրան Սողոյանը՝ նորից քայլելու նպատակի, պատերազմից հետո երկրորդ կյանք ստանալու մասին
Zarkerak Zarkerak - Եթե հարմարվեմ՝ կմնամ սայլակին, ինձ համար ժամանակավոր կյանքի ձև եմ հորինել. Սեյրան Սողոյանը՝ նորից քայլելու նպատակի, պատերազմից հետո երկրորդ կյանք ստանալու մասին
Եթե հարմարվեմ՝ կմնամ սայլակին, ինձ համար ժամանակավոր կյանքի ձև եմ հորինել. Սեյրան Սողոյանը՝ նորից քայլելու նպատակի, պատերազմից հետո երկրորդ կյանք ստանալու մասին

Եթե հարմարվեմ՝ կմնամ սայլակին, ինձ համար ժամանակավոր կյանքի ձև եմ հորինել. Սեյրան Սողոյանը՝ նորից քայլելու նպատակի, պատերազմից հետո երկրորդ կյանք ստանալու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աստված, մամաս ու ես. 3 բան, որ պատերազմի դաշտում ծանր վիրավորում ստացած, ինչի հետևանքով սայլակին նստած Սեյրան Սողոյանին կյանք վերադարձրեց:

«Նկարում եմ, վաճառում նկարներս, վարում եմ ինստագրամյան էջս, աշխատում եմ բիզնես զարգացման մասնագետ, այս ամենին զուգահեռ՝ մարզվում եմ, լողում, մեքենա վարում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է 26-ամյա Սեյրանը:

Կյանքը՝ ամենասկզբից

Սեյրանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Միշտ աչքի է ընկել ակտիվությամբ և նախաձեռնողականությամբ, որոշել է ուսումը շարունակել Երևանում և ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետ. «Մինչ բանակ գնալն իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել Գարեգին Նժդեհի խոսքերը՝ «Մարդկության ամենասրբազան գործերից մեկը հայրենիքի պաշտպանությունն է», այդ ժամանակ դեռ պատերազմ չկար, խոսակցություն էլ չկար, ինձ համար կարևոր էր բանակում ծառայել հասկացողությունը»,-ասում է նա:

Առաջին կուրսի երկրորդ կիսամյակում զորակոչվել է բանակ, 6 ամիս ծառայել է ուսումնական զորամասում, այնուհետև ստանալով տանկիստի կոչում՝ տեղափոխվել Որոտան, որտեղ նշանակել են ավագ նշանառու-օպերատոր, որովհետև լավ էր կրակում:

«Երեք ամիս էր մնացել ծայառությունս ավարտելուն, երբ սկսվեց պատերազմը: Այն օրը, երբ մնում էր ուղիղ 100 օր, երբ ես պետք է սկսեի հետհաշվարկը՝ վիրավորվեցի»:

Փրկե՛ք ինձ. պատերազմ, որը գլխիվայր շրջեց նրա կյանքը

«Իրականում պատերազմը շատ միանգամից սկսվեց, նախնական որևէ պատկերացում չկար: Մենք դեռ մինչև բուն կետին հասնելը մտածում էինք, որ հերթական զորավարժությունն է, բայց երբ տեսանք, որ կրակում են մեզ վրա, արդեն պահի լրջությունն ամբողջովին հասկացանք: Վիրավորվել եմ հոկտեմբերի 5-ին, մեզ վրա հարձակվել էին երեք կողմից ու պետք է մենք էլ հարձակում անեինք, երբ բարձրացա տանկի վրա, ինձ իրենց դիպուկահարը կրակեց, ես հասցրի ինձ գցել տանկի մեջ, հետո դուրս հանեցին, մի պահ կորցրի գիտակցությունս, մեր բուժակը մոտեցավ, հարցեր տվեց, բնականաբար չկարողացա պատասխանել, մտածեց՝ զոհվել եմ, ասաց՝ տեղափոխեք զոհվածների մեջ, ես լսեցի ու չգիտեմ ինչպես գոռացի՝ ինձ փրկեք: Այնտեղից տեղափոխեցին Գորիս, հետո Ստեփանակերտ, ապա՝ Երևան»,-պատմում է Սեյրանը:

Երբ նա արթնացել է, ոտքերը չի զգացել: Սեյրանը ողնաշարի, ձախ կողքի, թոքի վնասվածքներ է ունեցել: Ինչպես ինքն է ասում՝ գիտակցական ու հոգեբանական խնդիր չի ունեցել, միաժամանակ կողքին պառկած են եղել տղաներ, ովքեր հոգեկան, գիտակացական շեղումներ են ունեցել. «Հենց առաջին օրից էլ գիտակցել եմ՝ ինչ է կատարվել ինձ հետ: Ընտանիքիս անդամներն իմ կողքին են եղել, պապաս երբեմն հնարավոր է կոտրված պահեր ունեցած լինի, բայց մամաս ընդհանրապես չէ, իրենց շնորհիվ ես հաղթահարել եմ այդ փուլը: Այդ պահին չէի գիտակցում, որ կարող է չքայլեմ, անվասայլակին նստեմ, երբ սայլակը մոտեցրին՝ սկսեցի լրջորեն մոտենալ հարցին, բայց երևի մինչ օրս էլ դա ինձ չի խանգարել առաջ գնալ»:

Սեյրանն ասում է, որ չի թողնում՝ իրեն հերոս ասեն, կարծում է, որ այն վաղուց արժեզրկված բառ է:

Սեյրան Սողոյանը պատերազմի դաշտում կորցրել է երկու մտերիմ ընկեր, որից մեկը զոհվել է իր աչքի առջև. «Դա խոսելու կամ ասելու բան չի, դա զգալու բան է: Շատ դժվար եմ տարել սկզբնական շրջանում, պետք է խոստովանեմ՝ ժամանակի ընթացքում մի քիչ մեղմացել է, բայց լրիվ հնարավոր չի լրացնել նրանց բացը»,-ասում է Սեյրանն ու ավելացնում, որ ընկերների ընտանիքների հետ մշտապես պահում է կապը, որ նրանք իրենից, ինքն էլ նրանցից ընկերների կարոտն առնի:

Ինքդ քեզ հավատալ ու առաջ շարժվել. կյանք, որը նման է ֆիլմի, սակայն որը քոնն է

«18 տարեկան Սեյրանի և 26-ամյա Սեյրանի մեջ ոչ մի բան չի փոխվել, բոլոր դրական ու բացասական գծերս բերել եմ դեպի 2026 թվական: Ուժեղացել եմ, բայց որպես մարդ չեմ փոխվել: Պարզապես հիմա երկրորդ կյանք եմ ստացել ու աշխատում եմ վայելել ու գնահատել օրվա ամեն վայրկյանը»,-նշում է նա:

Սեյրանի կյանքում պատերազմից հետո եղած 6 տարիները շատ բան են փոխել: Որոշ սովորություններ ավելացել են, որոշները՝ շարունակվել. «Առաջ ընդհանրապես չէի մտածի, որ մեքենա կվարեմ, չէի սիրում, սիրում էի լինել հետևում նստած ուղևոր, հիմա արդեն ինքնուրույն վարում եմ, իմ մեքենայով ճամփորդում եմ Հայաստանում, աշխարհում, որը սկզբում դժվար էր թվում, բայց շնորհիվ ընկերներիս, ծնողներիս՝ հեշտ դարձավ: Իրականում շատ դժվարություններ եմ հաղթահարել, հենց առաջինը՝ սայլակին նստելը, հետո դրանով ապրելը, շրջելը, տարածքին հարմարվելը, տեղափոխվելու հետ կապված խնդիրները, մարդկանց հայացքները, հետո դա էլ հաղթահարեցի»:

Հիվանդանոցում լինելը չի խանգարել, որ Սեյրանը շարունակի ուսումը. «Բախտս բերել էր այն առումով, որ COVID էր ու դասերն օնլայն էին, բայց երբ այդ ամենն անցավ ու պետք է գնայինք համալսարան, քանի որ թեքահարթակ չկար, ես դիմեցի ու դրանից հետո համալսարանում թեքահարթակներ դրվեցին, իմ կուրսն ինձ շատ լավ ընդունեց, դասախոսներն էլ ընդհանրապես տարբերություն չեն դրել: Հիմա արդեն  մագիստրատուրան էլ եմ ավարտել, մտածում եմ նաև ասպիրանտուրա դիմելու մասին, հետո նոր իմ մասնագիտությամբ կաշխատեմ»:

Որոշում՝ կիսվել առօրյայով, ուրիշների համար դառնալ մոտիվացիա

«Երբ հիվանդանոցում էի, հիմնական մարզումներս առավոտյան էր, երեկոյան ազատ ժամանակը շատ էր, մտածեցի, որ կարելի է այդ ընթացքը նկարել ու կիսվել մարդկանց հետ, որ նայեն ու ոգևորվեն մյուս զինվորները, ես ցանկացել եմ օրինակ ծառայել ուրիշների, բայց առաջին հերթին ինքս ինձ համար, որ նայեմ ու փոփոխությունը զգամ: Հիմա երբ հետ եմ նայում, գիտակցում եմ, որ այդ ամենն ինձ հետ է կատարվել, ես նաև կարճ ֆիլմեր եմ նկարում իմ էջի համար ու ինչ-որ չափով որոշ դրվագներ ինձ ոգեշնչում են, ես դրականով եմ փորձում այդ ամենն օգտագործել: Բացասականը պետք չի ցույց տալ, որովհետև առանց դրա էլ բացասականը շատ-շատ է ու ոչ բոլորին է հետաքրքիր, դրա համար, ես այնպես չէ, որ ամեն օր ժպտում եմ, բայց փորձում եմ հիմնականում դրականը տարածել»,-ասում է նա ու նշում, որ շատ կարևոր է ինքդ քո հանդեպ հավատ ունենալը, Աստծո հետ կապը, այդ ամենն իրար հետ զուգահեռ օգնում են, որ կարողանաս հաղթահարել դժվարությունները:

Սեյրանի կարծիքով՝ պետք է շարունակել ապրել՝ անկախ նրանից, թե ինչպես ես դու շարժվում. «Ես երբեք չեմ սովորել ապրել այսպես, ոչ էլ համակերպվել եմ այս կարգավիճակին, ուղղակի ժամանակավոր կյանքի ձև եմ հորինել, որն ինձ կօգնի հաղթահարել այս փուլը: Երբ սկսեմ լիարժեք հարմարվել այս իրավիճակին, ուրեմն կմնամ սայլակին»:

Հիմա նա շարունակում է ինքնուրույն մարզումները, փորձում է նորից սովորել քայլել. «Դեռ շարժ չունեմ, բայց գնում եմ դրան: Իմ նպատակն անվասայակից վեր կենալն է: Չեմ սիրում բարձրաձայնել երազանքներիս մասին: Իմ ցանկությունները հերթով իրականացնում եմ, ինձ թվում է պարզ է, որն իմ նպատակը՝ նորից քայլել»:

Սեյրան Սողոյանը գնահատում է խաղաղության արժեքը և ասում՝ դա պարզապես խոսք չպետք է լինի:

 

Աննա Բզնունի

26 Հոկտեմբեր, 2026 12:45
Վեր