Գեղարքունիքի, Լոռու և Երևանի բնակիչներն անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան. մեկնարկել է «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը Zarkerak - Գեղարքունիքի, Լոռու և Երևանի բնակիչներն անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան. մեկնարկել է «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը
Zarkerak Zarkerak - Գեղարքունիքի, Լոռու և Երևանի բնակիչներն անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան. մեկնարկել է «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը
Գեղարքունիքի, Լոռու և Երևանի բնակիչներն անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան. մեկնարկել է «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը

Գեղարքունիքի, Լոռու և Երևանի բնակիչներն անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան. մեկնարկել է «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը

Չնայած այն բանին, որ առողջապահական ծառայություններն հասանելի դարձնելու համար մեր երկրում տարբեր միջոցառումներ են իրականացվում, այնուամենայնիվ խնդիրը դեռ մնում է՝ մարդիկ դիմում են բժշկի այն դեպքում, երբ արդեն դանակը ոսկորին հասած է լինում:

ԵՊԲՀ-ն իր 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նախաձեռնություն է սկսել՝ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը կոչված է օգնության կարիք ունեցող մարդկանց առողջական հոգսը թեթևացնելուն:

«Միտքը եկել է այսպես. վերջին տարիներին իսկապես զգալի աշխատանքներ են տարվել, որ բնակչության համար առողջապահական ծառայությունները դառնան ավելի մատչելի։ Բայց էլի, որ անդրադառնանք պաշտոնական վիճակագրությանը՝ մարդկանց մոտ 12,5-13 տոկոսը չի կարողանում դիմել մասնագետի, որովհետև իրենց համար բժշկական ծառայութունները ֆինանսապես հասանելի չեն»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, նշելով, որ ծրագիրն իրականացվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի և«Մուրացան» հիվանդանոցային համալիրի կողմից:

Ծրագիրը հասանելի է բոլորին, սակայն առաջնահերթությունը տրված է դրա կարիքն ավելի շատ ունեցողներին՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ռեկտորի կողմից հատուկ հանձնարարությամբ՝ ուշադրության կենտրոնում են պահվում նաև դասախոսական անձնակազմն ու  մանկավարժները:

«Մենք որոշեցինք իրենց համար սահմանել նաև անվճար հետազոտությունների փաթեթ և հետագայում այն մարդկանց, ովքեր կարիք կունենան վիրահատական բուժման, ռեկտորի կողմից խնդիր դրվեց, որ այդ բուժումը և հարբուժական բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են վիրաբուժական միջամտությունն անելու համար՝ անցկացվեն 50 տոկոս ավելի ցածր գնով: Սա է ամբողջ մեր նպատակը և մենք տեսնում ենք, որ մարդկանց կողմից, կարծես թե պահանջված է»,- ասում է Մելիք-Նուբարյանը հղում անելով ծրագրի երկու շաբաթների ամփոփումներին, ըստ որոնց առաջին շաբաթում 150 այցելու են ունեցել, իսկ երկրորդում՝ կրկնակի. «արդեն իսկ ունենք 60 վիրաբուժական միջամտության ցուցում և 1 տասնյակից ավել կատարված վիրահատություն»:

Հարցին, թե ինչպես են գնահատում այս ծրագիրը և արդյոք այն կարող է «մեղմել» առողջապահական ծառայություններից օգտվելու կարիքները, մեր զրուցակից Նարինեն ասաց, որ կօգտվի նման հնարավորությունից, որովհետև այսօր բժշկի մոտ սովորական այցն արդեն իսկ բավականին թանկ արժե:

«Իմ ստացած աշխատավարձը չի բավարարում տարբեր կաբինետներ մտնելու և պրոֆիլակտիկ ստուգումներ անցնելու համար: Ես բժշկի հիմնականում դիմում եմ այն դեպքում, երբ որևէ լուրջ խնդիր եմ ունենում և դա արդեն ինձ խանգարում է»,- ասում է մեր զրուցակիցն ու նշում, որ թեկուզ ոչ ամբողջական է, բայց հսկայական օգնություն է սա:

Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետի խոսքով մի մարդը կարող է դիմել մի քանի հիվանդությունների հետազոտությունների համար:

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝

1.Քիթ-կոկորդ-ականջաբան/դիմածնոտային վիրաբույժ

2.Միկրովիրաբույժ

3.Վիրաբույժ

4.Վնասվածքաբան

5.Սրտաբան

6.Ակնաբույժ/մանկական ակնաբույժ

7.Նյարդաբան/նեյրովիրաբույժ

8.Թոքաբան

9.Ուրոլոգ

10.Գինեկոլոգ

11.Ռևմատոլոգ

12.Ալերգոլոգ

«Մարդը հերթագրվում է բժշկի մոտ, վերջինս զննումն իրականացնելուց՝ եթե գտնում է, որ պետք են հետազոտություններ՝ սահմանված ծավալով՝ ոչ թե համալիր, ապա այդ սահմանված ծավալով հետազոտությունները մենք անվճար իրականացնում ենք: Եթե հետագայում մարդուն արդեն անհրաժեշտ է լինում վիրաբուժական միջամտություն՝ օրինակ կույր աղիքի հեռացում, արդեն կույր աղիքի հետ կապված հետազոտությունները մենք անում ենք 50 տոկոս զեղչով»,- ասում է Մելիք-Նուբարյանն ու նշում, որ ցավոք սրտի պրոֆիլակտիկայի համար չեն նախատեսված հետազոտությունները , այլ  այս ծրագրով հետազոտությունը պարտադիր պետք է ցուցված լինի մասնագետի կողմից: «Խնդիրն ուղղակի նրանում է, որ մենք գիտենք, որ պրոֆիլակտիկայի պահանջարկը զգալի է, բայց սա պարզապես համապետական աշխատանք է, և ոչ թե մեկ համալսարանի, դրա համար մենք գտնում ենք, որ մենք կարող են մեր լուման ունենալ, բայց պետության կողմից դրա իրականացնելու պայմանով»:

Բուժման շարունակականությունը

«Եթե վիրաբուժական բուժման մասին չի խոսքը, այլ կոնսերվատիվ բուժում է և եթե այն ծավալը, որը անվճար մարդկանց անում ենք բավարար է լինում ախտորոշելու և բուժում նշանակելու համար, ապա հասկանալի է, որ այդ բուժումը պետք է նշանակվի: Բայց այն դեպքում, երբ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն՝ օրինակ ՄՌՏ հետազոտություն, ապա այն այստեղ արդեն արվում է ըստ սահմանված կարգի՝ վճարովի:

Այսինքն, եթե մարդն ունի պետպատվերի շրջանակներում բուժվելու իրավունք՝ դա կարվի պետպատվերով, իսկ եթե չունի դա կարվի այնպես, ինչպես համալսարանի և ընդհանուր երկրի օրենսդրությունն է՝ կամ արտոնյալ, կամ վճարովի պայմաններում»:

Ծրագրի երկու շաբաթների ընթացքում արդեն իսկ որոշակի պատկեր կա այն մասին, թե որ մասնագետներն են առավել պահանջված: Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով, առավել պահանջված մասնագիտություններն են մեծահասակների մոտ՝ սրտաբանը, նյարդաբանը, վիրաբույժը, քիթ-կոկորդ-ականջաբանը, գինեկոլոգը, իսկ երեխաների մոտ բավական պահանջված է մանկական ներզատաբանությունը (էնդոկրինոլոգիան), նյարդաբանները, ընդհանուր մանկաբույժները:

«Սա երկու շաբաթվա պատկերն է, բայց ընթացքում այն կարող է շեշտակի փոփոխվել»:

Մարզերը՝ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրում

Ծրագրի 100 օրվա ընթացքում նախատեսվում են նաև այցելություններ մարզեր, որպեսզի այնտեղ ևս բժիշկները հնարավորություն ունենան  մարդկանց տեսնել, սպասարկել: Այցեր կիրականացվեն  մասնավորապես Լոռու ու Գեղարքունիքի մարզերում: Աշխատանքները համակարգվում են Առողջապահության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ, որպեսզի հնարավորինս մեծ քանակությամբ մարդկանց ու լայն աշխարհագրությամբ հնարավոր լինի ընդգրկել:

Գեղարքունիքի մարզից Արմենի հետ ենք զրուցել։ Նա ունի սրտային որոշ խնդիրներ: Արմենը մեզ հետ զրույցում ասում է, որ ամեն անգամ Երևան գնալն ու հետազոտվելը բավականին ծախսատար է ու հետազոտություններն իրականացնում է ըստ անհրաժեշտության: Մարզային հիվանդանոցներին չի վստահում։ Այլ հիվանդությունների համար հետազոտություններին հերթ չի հասնում՝ ֆինանսական միջոցները չեն բավարարում: Լսելով ծրագրի մասին, Արմենն ասում է, որ կկարողանա «մի քանի խանգարող խնդիրների համար հետազոտվել: Հանկարծ լուրջ բան չլինի»:

«Մարզերը պատահական չեն ընտրվել, կա ԱՆ-ի հրաման, որով խոշոր բազմապրոֆիլ հաստատություններին կցված են մարզեր և մենք, իհարկե, պահպանելով նախարարի հրամանը մեզ կցված այդ երկու մարզերում էլ պետք է այցելություններ անենք»,- նշում է Մելիք-Նուբարյանն ու ընդգծում, որր եթե գերատեսչություններն այլ մարզեր առաջարկեն՝ իրենք պատրաստ կլինեն քննարկելու:  

Դիմելու համար մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Արաքսյա Փաշոյան

24 Մարտ, 2022 17:54
Վեր