Ծանոթացե'ք, Տիգրանն ու Մարկն են Գեղարքունիքի մարզի 300 բնակիչ ունեցող Սեմյոնովկա գյուղի հիմնական դպրոցի երկու առաջին դասարանցիները։
Նրանց արդեն հասցրել են դպրոցում դիմավորել, բարձրդասարանցիներն ու ուսուցիչները ողջունել են, տղաներն էլ միասին են հնչեցրել դպրոցական առաջին զանգը ու դե, իհարկե, ինչպես իրենք են պատմում՝ Zarkerak.am-ի հետ զրույցում ոտանավոր են արտասանել, Մարկն ասել է՝«Տանից վաղ դուրս եկա, դպրոցի բակում հանկարծ մեծացա, առանց մայրիկի վերև բարձրացա», Տիգրանն էլ ավելացրել՝ «Արդեն մեծ եմ՝ վեց տարեկան, ես դարձել եմ դպրոցական»։ Ու հնչել են ջերմ-ջերմ ծափեր և լավատեսական մտքեր, որ ինչ լավ է՝ այս տարի երկու առաջին դասարանցի կա, օրինակ անցած տարի մեկն էր։
Այս փոքրիկ գյուղի համար փոքր թվով դպրոցականներ ունենալը վերջին տարիներին սովորական է դարձել, դպրոցում առավելագույն թվով երեխաներ միայն 9-րդ դասարանում են՝ 7 աշակերտ, մնացած դասարաններում աշակերտների թիվը չի անցնում 4-ը, 8-րդ դասարանում էլ մեկ աշակերտ է սովորում, որ եկել է Արցախից։
Արդեն պաշտոնապես առաջին դասարանցի Մարկի ու Տիգրանի հետ զրույցը կարճ է տևում, նոր դերում հուզված են, միայն հասցնում ենք իմանալ, որ ընկերներ են, դպրոցի ճանապարհն ամեն օր միասին են կիսելու, քանի որ մոտ են ապրում, ու անպայման որոշել են լավ սովորել։ Մասնագիտական «կողմնորոշումն» էլ կարծես հստակ է՝ Տիգրանը, որ մեծանա հարուստ է դառնալու, Մարկն էլ՝ «սփայդեր-մեն»։ Բայց անգամ կարճ զրույցի ընթացքում հասցնում ենք հասկանալ, որ երկուսն էլ շատ կուզեին իրենց դասարանում էլի աշակերտներ լինեին․
«Ես կուզեի էլի տղաներ ու աղջիկներ լինեին»,- ասում է Մարկը,
«Մանկապատեզում շատ-շատ էինք, շատ ընկերներ ունեի»,- պատմում է Տիգրանը։ Ի դեպ, տղաները հաճախել են հարևան գյուղի մանկապարտեզ, քանի որ Սեմյոնովկայում մանկապարտեզ չկա։
Պակաս հուզված չէ Մարկ Ավետիսյանի մայրիկը՝ Ռոզան։ Ասում է՝ ծնողի համար էլ երեխային առաջին դասարան ուղարկելը խառն էմոցիաների փուլ է, հատկապես այն դեպքում, որ դասարանում երկու աշակերտ է լինելու․«Մի կողմից ուրախ եմ, որ կարծես դասերն անհատական պարապմունքի ձևով են լինելու, քանի որ ուսուցչի ողջ ուշադրությունը կենտրոնանալու է միայն երկու երեխայի վրա, հատկապես, որ դասարանները չեն միավորվելու։ Բայց մի այլ կողմից էլ տեսնում եմ, որ Մարկի համար էլ դեռ անսովոր է, որ բազմամարդ մանկապարտեզից հետո դասարանում երկուսով են լինելու» ,- ասում է նա։
Ռոզան նշում է, որ անգամ չի էլ մտածել երեխային տանել օրինակ՝ հարևան գյուղի դպրոց, որտեղ, վստահաբար, որդին դասընկերների խնդիր չէր ունենա։ Վստահ է, որ պետք է իրենց գյուղի դպրոցի զարգացմանը նպաստեն, հեռանալով ու գնալով հարցը չի լուծվում․«Առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ երեխան որտեղ էլ լինի, կսովորի, կապ չունի 20 հոգով են, 30, թե ինքը մենակ է։ Ինձ համար տարբերություն չկա, կարևորը երեխան կրթություն ստանա, ու գիտեմ, որ մեր դպրոցում լավ կրթություն հաստատ կստանա»։
Ռոզան անկեղծանում է, որ սեպտեմբերի 1-ին նախապատրաստվելիս մտածում էր, թե ինչու՞ այնպես ստացվեց, որ մի ամբողջ գյուղում միայն երկու ընտանիք է պատրաստվում երեխային դպրոց ճանապարհել․«Շատ կուզեի, որ գյուղում շատ ընտանիքներ ձևավորվեին, երեխաներ ծնվեին, այստեղ դպրոց գնային, գյուղն աշխույժ լիներ ու էլ ավելի մարդաշատ։ Ես վստահ եմ՝ գյուղերում էլ երեխաները կարող են ստանալ որակյալ կրթություն ու լինել մրցունակ»։
Մանուշը՝ Տիգրան Քոչարյանի մայրիկը, նաև 4-րդ դասարանում սովորող աղջիկ ունի, դասարանում կրկին երկու աշակերտ են։ Ասում է՝ Տիգրանի համար դա այնքան էլ անսովոր չէ․«Ինքն արդեն վաղուց գիտի ուր է գնում, իր դասընկերն ով է, որ դասարանում լինելու են երկուսով, կարծում եմ՝ դա իր համար խնդիր չի» ։
Հետո կեսկատակ-կեսլուրջ ավելացնում է, որ պետք է գոհ լինեն՝ Տիգրանը գոնե դասընկեր ունի։
«Փոքր գյուղ է, բոլորը բոլորին ճանաչում են, շատ միասնական են, դպրոցն էլ նույն ձևով՝ կարծես մեկ ընտանիք լինի, դրա համար էլ տղայիս բնավորությունն իմանալով գիտեմ, որ իրեն շատ լավ կզգա դպրոցում, Տիգրանն էլ շատ լավ է տրամադրված»,- ուրախությամբ նշում է Տիգրանի մայրը։
Մանուշի խոսքով՝ իր համար հատկապես կարևոր է այն, որ Տիգրանն ու Մարկը սովորելու են առանձին դասասենյակում, դասարանների միավորում չի լինելու, ըստ նրա՝ այս մեթոդն ավելի արդյունավետ կլինի․«45 րոպե երկու երեխայի հետ աշխատանքը, կարծում եմ, իր արդյունքը կտա ու երեխաների առաջադիմությունն էլ բարձր կլինի, դասերին միշտ պատրաստ կգնան։ Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած իրավիճակում առաջինը պետք է լավը տեսնել»,- ասում է նա։ Անկեծանում է, իհարկե, ցավալի է տեսնել նման պատկեր, իհարկե, շատ կուզեր, որ գյուղի դպրոցում աշակերտների փոքր թիվը սովորական չդառնար, բայց, եթե ստեղծվել է ներկա վիճակը, գոնե պետք է փորձել խնդրին դրական կողմից նայել։
Դասվար Լարիսա Քոչարյանն ասում է, որ առույգ ու համարձակ Տիգրանն ու Մարկն իր աչքի առաջ են մեծացել։ Տարիներ շարունակ առաջին դասարանցիներին ողջունող տիկին Քոչարյանի խոսքով, առաջին դասարանում նման փոքր դիմելիություն ունենալն իրենց դպրոցի համար արդեն սովորական է դարձել, որքան էլ երեխաների փոքր թիվը տխրեցնող է, փորձում է հարցին մի քիչ էլ փիլիսոփայորեն մոտենալ՝ հիշելով հայտնի խոսքը․«Ինչքան աղբյուրը փոքր լինի, այնքան շատ ես ջուր խմում»։
«Անկեղծ ասած, վերջին տարիներին մեր գյուղի պարագայում այս թիվը նորմալ է։ Տարիներ առաջ աշակերտներն ավելի շատ են եղել, բայց արտագաղթը չի շրջանցել նաև մեր գյուղը, Սեմյոնովկայից երիտասարդ շատ ընտանիքներ են հեռացել։ Հայաստանում նման գյուղեր շատ կան, միայն մեր գյուղը չէ, որ նման խնդիր ունի։ Չեմ ուզում հույսս կորցնել, որ մի օր մեր դպրոցում իրավիճակը կփոխվի և համայնքում բազմաթիվ ընտանիքներ կավելանան»,- ասում է նա։
Ինչպես Քոչարյանը հայտնեց, սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների դեպքում գործող երկկոմպլեկտ համակարգը փոխվել է, յուրաքանչյուր դասարան դասերն առանձին է անցկացնելու։ Ըստ դասվարի՝ սա միանաշանակ դրական կանդրադառնա դասապրոցեսի վրա․ «Սա շատ մեծ և ուրախալի լուր է։ Չնայած երկկոմպլեկտ դասարաններում էլ ոչ մի երեխա աչքաթող չի արվել, անհատական մոտեցում է ցուցաբերվել, բայց արդեն առանձնացված դասարաններում կարծես անհատական պարապմունքի նման են դասերը, ինձ թվում է՝ ծնողներն էլ շատ ուրախացել են այս փաստից, մենք էլ իրենց հետ։ Անցած տարի առաջին դասարանում ունեցել ենք մեկ աշակերտ, դասարանը երկկոմպլեկտ էր, բայց երեխան ոչ մի բանից դուրս չի մնացել, ուսուցումը մեզ մոտ շատ լիարժեք ընթանում է»։
Դասվար Քոչարյանի խոսքով՝ բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխան սովորի լավ պայմաններում, օգտվի ժամանակակից կրթության բոլոր հնարավորություններից, իրենց դպրոցում փորձում են պահել մրցունակ կրթության նշաձողը․«Փորձում ենք անել հնարավորը, որ դպրոցը լիարժեք ու կայացած լինի, դասապրոցեսը՝ հետաքրքիր։ Դպրոցական միջավայրն էլ փորձում ենք լավը դարձնել, դպրոցը բարվոք վիճակում է, դասասենյակները՝ կահավորված, լուսավոր»։
Լարիսա Քոչարյանն էլ գիտի, որ իրեն, Տիգրանին ու Մարկին երկար ճանապարհ է սպասվում, որը պետք է անցնել սիրով ու համբերությամբ, թեև շատ կուզեր, որ ամեն անգամ առաջին դասարան մտնելիս իր ողջույնին ի պատասխան «բարև Ձեզ» վանկարկողները շատ լինեին։ Սեմյոնովկայի դպրոցի բոլոր ուսուցիչներն այս երազանք-ցանկությունն ունեն։
Նշենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում (ոչ պետական դպրոցներում հայտագրումը վերոնշյալ համակարգի միջոցով չի իրականացվում) հայտագրված է 34․780 առաջին դասարանցի։
Մարիամ Մկրտչյան