«Կարծում եմ՝ կարող է մամուլի ասուլիս հրավիրել և պատմել, թե ոնց է եղել, ինչ է եղել: Դրանից հետո էլի բարձրաստիճան պաշտոնյաներ եղած մարդիկ՝ այդ թվում ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից՝ ձեր շարքերում են, կարող են պատմել»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, որը վերաբերում էր 2018 թվականին վարչապետի, ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությանը և դատարանների վրա ճնշումներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով անկախ դատական համակարգ ունենալու կարևորության մասին՝ վարչապետն ասաց. «Իհարկե, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը: Արդյո՞ք ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում մենք ունենք լիարժեք անկախ դատական համակարգ, ոչ ես չեմ կարծում, որ Հայաստանում ունենք լիարժեք անկախ դատական համակարգ: Եթե դուք այդքան շատ տեղեկացված եք, գիտեք, որ դուք և ձեր խմբակցությունից էլ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ձեր նշած առաջվա լծակները մինչև այսօր պահում են դատական համակարգի վրա: Դուք հիմա հարցը տալիս եք որպես ընդդիմության ներկայացուցիչ և դա նորմալ է, բայց այդ հարցերը հնչում են կառավարող մեծամասնության ներկայացուցիչների կողմից: Իմ համոզմունքն այն է, որ անկախ դատական համակարգ ունենալը մի քայլանի գործողություն չի: Ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության արմատները գտնվում են Հայաստանի իրավաբանական կրթության տիրույթում: Հայաստանի անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ-ի հետագա զարգացման համար: Կա մի փաստ, որը վկայում է, որ մենք ոչ ամենացանկալի արագությամբ, բայց գնում ենք անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով»:
Անդրադառնալով տարիներ առաջ տարածված ձայնագրությանը՝ վարչապետն ասաց. «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այդ խոսակցության մեջ ես՝ որպես ՀՀ վարչապետ, որևէ գիծ չեմ անցել և չէի կարող անցնել, որը կհակասեր տրամաբանությանը, օրինականությանը»: