Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինչքանով ինձ է հայտնի՝ Սահմանադրության վերաբերյալ հնչող մոտեցումները բանակցային սեղանի շուրջ չեն քննարկվում և խաղաղության պայմանագրի տեքստի տարբերակներում չեն երևում: Ինչ վերաբերում է տարբեր դիրքորոշումներին, սա ավելի շատ նման է բանակցային դիրքորոշման, նմանատիպ բան կարող է ասել նաև Հայաստանը, բայց չեմ կարծում, թե պետք է ասի, որովհետև մեր գերնպատակը հիմա ոչ թե պետք է լինի ադրբեջանական ցանկացած հայտարարությանը հայելային պատասխան գտնելը, այլ կնետրոնանալը խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման և ստորագրման վրա»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը ՀՀ սահմանադրության, իսկ մյուսը՝ ՀՀ ներկայացուցիչների տարբեր դիրքորոշումներ ունենալու մեջ է՝ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
Ադրբեջանը պատրաստվում է երեք սցենարի՝ նշեց Քոչինյանը. «Ադրբեջանը փորձում է հնարավորին պատրաստված լինել տարբեր սցենարների իրացմանը: Կա տեսականորեն երեք սցենար. մեկը, որ ստորագրվում է խաղաղության պայմանագիրը և երկրները գնում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, երկրորդ սցենարը, որ շարունակվում է ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ ընթացիկ իրավիճակը, և երրորդը, որ իրավիճակը գնում է էսկալացիայի ուղղությամբ: Այս երեք սցենարները կախված են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից և ոչ միայն երկու մայրաքաղներում ընդունվող որոշումներից, այստեղ որոշիչ է աշխարհաքաղաքական իրավիճակը»:
Արեգ Քոչինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է իր համար հնարավորինս մեծ դաշտ ստեղծել, իսկ, թե որն է այս երեք սցենարից Բաքվի համար ավելի նախընտրելին՝ քաղաքագետն ասաց. «Որպես ամենահեշտ և մեր կասկածները վերահաստատող տարբերակ կլինի պատերազմի տարբերակը, բայց ես կխուսափեմ նման պատասխանից, որովհետև այդ հարցին պատասխանելու համար պետք է շատ ավելի տեղեկություն ունենալ, պետք է ամբողջ բանակցային գործընթացի, ուժերի հարաբերակցության մասին տեղեկություններ ունենալ: Էական է այլ բան, որ Հայաստանն էլ պետք է կարողանա ձևավորել կարողություններ և պատրաստվել բոլոր երեք սցենարներին: Մինչև այս պահը Հայաստանը փայլուն պատրաստվում է խաղաղության սցենարին և մեծագույն առումով հենց դրա վրա է խաղում Ադրբեջանը և, պատրաստվելով երկու մյուս սցենարներին, կարողանում է իր բանակցային դիրքորոշումը կոշտացնել և խաղաղության գործընթացի մեջ էլ ավելի շատ բան ստանալ Հայաստանից: Մեր կարևորագույն խնդիրն է՝ կարողանալ պատրաստվել մյուս երկու սցենարներին»:
Խոսելով նաև այն հարցի մասին, թե որքանով են կողմերը մոտ պայմանագրի ստորագրմանը՝ Քոչինյանը նշեց. «Ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագիրը՝ որպես տեքստ, գրեթե պատրաստ է, մնացած երկու կետերը, ըստ էության, տեխնիկական կետեր են, ոչ թե բովանդակային, և այդ կետերը քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է 24 ժամում լրիվ համաձայնեցնել և փաստաթուղթը կլինի պատրաստ: Այստեղ խնդիրն այլ է, ինչպես նշեցի հայ-ադրբեջանական հակամարտության հարցը դարձել է միջազգային մեծ քաղաքականության մի բաղադրիչ, երկրորդ մասը՝ Ադրբեջանը չի շտապում գնալ առաջին ճանապարհով, որովհետև վստահ չէ, որ երկրորդ կամ երրորդ ճանապարհով ինքն ավելի շատ բան չի ստանա: Այս երկու գործընթացը միասին վերցրած հանդիսանում է այն հիմնական պատճառը՝ ինչու խաղաղության պայմանագիրն այսօր չի ստորագրվում»:
Անդրադառանալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Բաքվին և Երևանին խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդ պետք չէ՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Իհարկե, մեզ համար լավագույն տարբերակը կլիներ, որ միջնորդ լիներ և այդ միջնորդը լիներ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, բայց ինչպես փորձը ցույց տվեց՝ Ադրբեջանի դիմադրությունն այս հարցում գերազանցում էր մեր արևմտյան գործընկերների կոնկրետ այս հարցում քաղաքական էներգիա ծախսելու պատրաստակամությանը: Սա բերում է միակ այլընտրանքին, այն է՝ երկկողմ բանակցություններ»:
Խոսելով նաև Հաջիևի այն հայտարարության մասին, թե ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է ավարտի իր աշխատանքը՝ Արեգ Քոչինյանն ասաց. «ԵՄ դիտորդական առաքելությունը հատուկենտ գործիքներից է, որով սահմանափակվում է Ադրբեջանի կարողությունները նշածս երկրորդ և երրորդ սցենարների իրականացման դեպքում: Իրականում դա է պատճառը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը այդչափ ազդում է Բաքվի նյարդերի վրա: Բնական է, որ Հայաստանը չի հրաժարվի ԵՄ դիտորդական առաքելությունից, առնվազն քանի դեռ բոլոր հարցերը լուծված չեն և խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ: Հաջիևի հայտարարությունը ես դիտարկում եմ սպասվելիք հերթական ռաունդից առաջ հողի շոշափում կամ կոշտ դիրքորոշման արտահայտում, որից հետո սովորաբար սկսվում է առևտուրը»:
Մեր այն հարցին, թե Ադրբեջանը, որ դեպքում կարող է գնալ ռազմական ճանապարհով՝ Քոչինյանը նշեց. «Կարող է գնալ պատերազմի, եթե օրինակ՝ Իսրայել-Իրան հակամարտությունը վերածվի շատ ավելի խոշոր մի հանգամանքի, եթե ինքը վստահ լինի, որ ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիան որևէ կերպ չի արձագանքի դրան, եթե ինքն ունենա Ռուսաստանի աջակցությունը, այսինքն՝ մի քանի աշխարհաքաղաքական գործընթացներ կան, որոնք պետք է համընկնեն, դա կլինի այն իրավիճակը, երբ նա կգնա էսկալացիայի: Չէի բացառի նման հնարավորությունը, բայց նաև այդքան գործոնների համադրումը բավականին քիչ հավանական է այս պահի դրությամբ»:


