Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նման պատկեր սպասվում էր՝ բայց մոտավորապես 2026-ից հետո, ծնունդների անկումը շատ ավելի շուտ սկսեց ու անսպասելի էր: Ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ականների երկրորդ կեսին ծնված սերունդը, որոնց թիվն ավելի քիչ է եղել, քան 80-ականների սերնդինը: Ըստ կանխատեսումների՝ պարզ էր, որ ունենալու ենք ծնունդների բացարձակ թվի անկում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նշում է ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024-ի հունվարի-նոյեմբերին ծնվածների թիվը կազմում է 30916, մինչդեռ 2023-ի նույն ժամանակահատվածում` 33514:
Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 23391, 2023-ի հունվար-նոյեմբերին՝ 22192: Մեռելածինների թիվը 2024-ի հունվար-նոյեմբերին կազմել է 412, 2023-ի նույն շրջանում՝ 375:Այսպիսով՝ 2024-ի հունվար-նոյեմբերին բնական հավելաճը կազմել է 11322, 2024-ի նույն ամիսներին՝ 7525:
Խոսելով պատճառների մասին՝ մասնագետը նկատում է, որ ավանդական պատճառներից արտագաղթը, կամ սոցիալ-տնտեսական պայմանները այս պարագայում միակ գործոնները չեն.«Եթե ցուցանիշները դիտարկում ենք, միգրացիոն սալտոն դեռևս դրական է, պատճառների շատ ավելի խորը վերլուծություն պետք է արվի, ժողովրդագրությունն այն ոլորտն է, որ անընդհատ պահանջում է նոր ուսումնասիրություններ, խնդիրների նոր մեկնաբանություններ, քանի որ շարժուն օրգանիզմ է, երեք տարի առաջ վեր հանված պատճառները այսօր արդեն կարող են փոխված լինել»:

Արտակ Մարկոսյան
Մարկոսյանը նաև մտահոգություն է հայտնում, որ վերջին չորս տարում ծնունդների թիվը՝ և բացարձակ թվով և ընդհանուր ծնելիությամբ Երևան քաղաքում նվազում է.«Մայրաքաղաքում գրանցվում է ծնելիության գործակցի ամենացածր ցուցանիշը :Մինչդեռ մինչև 2000 թ-ը Երևան քաղաքը ամբողջ հանրապետությունում ամենաբարձրն էր ցուցանիշներով, պետք է հասկանալ գոնե թե այս պահին ինչ է կատարվում Երևանում»:
«Ծնելիության նվազում է արձանագրվում ամենաբարեկեցիկ տարածաշրջանում, մինչդեռ մյուս մարզերում ծնելիության գումարային գործակիցները բարձր են՝ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում: Երևանում 2023-ին գումարային գործակիցը տարեկան իջել էր մինչև 1,380, իսկ դա նորմալ ցուցանիշից ցածր է առնվազն 60-70 տոկոսով: Սա լուրջ անկում է , մինչև դեռ 2000-ին Երևանում ծնելիության գումարային գործակիցը մոտ է եղել 2-ին՝ պարզ վերարադրության ցուցանիշին» :
Իսկ մինչև շատ ավելի խորը կվերլուծվեն պատճառները, թե ինչու մայրաքաղաքում չեն ցանկանում երեխաներ ունենալ ժողովրդագիրն առաջարկում է չանտեսել փաստը, որ մտածողության լուրջ փոփոխություններ են եղել.«Երիտասարդներն ամուսնանում են ու երեխաներ ուշ են ունենում», - ընդգծում է նա և հավելում պետք չէ անտեսել նաև առողջական տարատեսակ խնդիրները:
«ՀՀ-ի նման երկրի համար միջինացված ցուցանիշներով ամեն ընտանիք պետք է ունենա առնվազն երկու երեխա, իսկ պարզ վերարտադրության ցուցանիշները բարելավելու համար՝ երեք »:
Մարկոսյանը նաև կարևորեց, որ ՀՀ-ում ընդունվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների գործողությունների ծրագիր, որն անդրադարձ է կատարում նաև ծնելիության խնդրին, ընդգծեց՝ այս հարցում մեծ է սոցիալական ծրագրերի դերը, նախորդ տարիների ցուցանիշնրրը դա են վկայում.«2018-2023թթ-ին մենք ծնունդների կայունության շրջան ունեցանք՝ 36-36,5 հազար,դա բնականաբար նաև մեկնարկած ծրագրերի, սոցիալական աջակցության միջոցառումների արդյունքն էր, ժողովրդագրության վրա ծախսերը 2018-2023-ին մոտավորապես հինգ անգամ աճել են»:
Ի դեպ, ռազմավարության մեջ նշվում է, որ խնդիր է դրված տարբեր գործիքներով ավելացնել բնակչության թիվը՝ և՛ ծնելիության առումով, և՛ նաև ներգաղթի կազմակերպման համար պայմաններ ստեղծելով, թեև բնակչության ցանկալի թիվ նշված չէ, բայց դեռ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեել ՝ պետք է 2050-ին ՀՀ բնակչությունը լինի 5 միլիոն:
Արդյոք բազմազավակությունը խրախուսող արցախցի մեր հայրենակիցների ՀՀ-ում հաստատվելը կարող է ինչ-որ ձևով ազդել ծնելիության մակարդակի բարձրացման վրա,Մարկոսյանն առաջարկեց այս երևույթի հետ մեծ հույսեր չկապել. «Հայաստան գալով՝ արցախցի ընտանիքների մոտ այս առումով կարող են նկատվել վարքագծային փոփոխություններ, եթե Արցախում միտված էին շատ երեխաներ ունենալ, պարտադիր չէ, որ ՀՀ-ում էլ դա շարունակվի: Սա ժողովրդագրության մեջ բավականին ընդունված է, որ միջավայրի, իրավիճակի փոփոխությունը շատ լուրջ ազդեցություն կարող է ունեալ: Ընդ որում, թե 2024-ի, թե 2023-ի ցուցանիշներում ներառված են նաև արցախցիների ծնունդները»:
Մարկոսյանը նաև նկատեց, որ օրինակ 1986-ին ՀՀ-ում ծնվել է 81,192 երեխա՝ այդ ժամանակ մեր երկրի բնակչությունը կազմում էր ավելի քան 3 միլիոն երեք հարյուր հազար:
Ի դեպ ՀՀ-ում աճել է նաև ամուսնալուծությունների թիվը՝ 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է ամուսնալուծության 4279 դեպք, 2023-ին նույն ամիսներին՝ 4165: Ամուսնալուծությունների հիմնական պատճառների վերաբերյալ անդրադարձին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:




