Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Արդեն երևի թե հասել ենք գրիպի և սուր շնչառական վարակների տարածվածության պիկին», -Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վերլուծության և վիճակագրության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը:
«ՀՀ-ում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, նաև գրիպի Բ տեսակի հարուցիչները, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսը, ադենովիրուսը և այլ վիրուսներ: Մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքեր չեն արձանագրվել: Արձանագրվել են նաև կորոնավիրուսի դեպքեր, վերջին 7 օրում դրան նախորդող 7 օրվա համեմատ կորոնավիրուսի դեպքերը նվազել է 18-ով, որը 2024-ի նույն շրջանի համեմատ ցածր է 2,4 անգամ»:
«ՀՀ-ում շարունակում է պահպանվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն, իրավիճակը սեզոնին համահունչ է, որևէ առանձնահատկություն չկա, ճիշտ է , արձանագրվում են թվով շատ դեպքեր, բայց նույն իրավիճակը եղել է նաև նախորդ տարիների ընթացքում»,- ընդգծեց մասնագետը: Նաև հայտնեց, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության աճի շրջանը սկսել է դեռ հոկտեմբերից և շարունակվելու է մինչև մայիս, բայց մոտ ժամանակներում արդեն ցուցանիշները կսկսեն աստիճանաբար նվազել:
_1739963989.jpg)
Աիդա Հովհաննիսյան
«2025-ի 7-րդ շաբաթվա ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ սուր շնչառական վարակներով պայմանավորված դիմել են 10.739 բուժառու, ինչը 2025-ի 6-րդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա: Նախորդ տարվա նույն շրջանի համեմատ ցուցանիշը՝ 1,2 անգամ բարձր է: Ընդհանուր դեպքերի 72,5 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները:
Թոքաբորբով պայմանավորված՝ 2025-ի 7-րդ շաբաթվա ընթացքում դիմել է 983 բուժառու, որը 6-րդ շաբաթվա համեմատ 1,1 անգամ պակաս է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը 2,9 անգամ բարձր է: Գրանցած դեպքերի 66,8 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները:
2025-ի 7-րդ շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել են 863 բուժառու, որոնց 92.4 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, 6-րդ շաբաթվա համեմատ այս ցուցանիշը գրեթե նույն մակարդակում է: 2024-ի նույն շրջանի հետ համեմատած ցուցանիշները գրեթե նույնական են:
Թոքաբորբով պայմանավորված 597 բուժառու է հոսպիտալացվել, որոնցից 59,9 տոկոսը 0-18 տարեկաններն են: Նախորդ շաբաթվա համեմատ ունենք նվազում՝ 1,1 անգամ» :
Քանի որ վերջին շրջանում հատկապես շատ է խոսում հիվանդանոցների գերբեռնվածության մասին, Հովհաննիսյանը նշեց, որ այս տարին հոսպիտալացումների առումով չի տարբերվում նախորդ տարիներից, իրավիճակը գրեթե նույնական է նախորդ տարվա հետ.«Իրավիճակը կառավարելի է և վերահսկելի, մշտապես մեր կողմից իրականացվում է մոնիթորինգ: Այս պահին մտահոգություն առաջացնոող ցուցանիշներ չկան, այլապես լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկվեն»:
Ի պատասխան ահազանգերի, որ հիվանդացության նման մակարդակի դեպքում պետք է ժամանակավորապես դադարեցնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը, մեր զրուցակիցը նշեց.«Ունենք կանոնակարգում, թե երբ պետք է անցնենք արձագանքման նման միջոցառումների: Դա իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է միաժամանակ 25 տոկոս բացակայություն՝ գրիպով ու սուր շնչառական վարակներով պայմանավորված»:
«Ներկա ցուցանիշների դեպքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 2,1 տոկոս, ինչը ընդհանուր բացակաների թվի 20,9 տոկոսն է: Դպրոցներում առանձին վերցված՝ ՍՇՎ-ով ընդհանուր հիվանդությունը կազմում է 1,8 տոկոս, ինչը բացակաների ընդհանուր թվի 22,5 տոկոսն է»:
Աիդա Հովհաննիսյանի խոսքով, դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ-ի նման բնակլիմայական պայմաններ ունեցող երկրներում գրիպի տարբեր տեսակների, սուր շնչառական վարակների տարածումը բնական պրոցես է: Նկատեց՝ եթե մեր երկրում գրիպի դեմ պատվաստումներն ավելի բարձր մակարդակում լինեին, կունենայինք հիվանդացության ավելի ցածր մակարդակ:
Նա հիշեցրեց, որ հիվանդացության թիրախային գոտում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, հղիները, բուժաշխատողները, փակ տիպի հաստատությունների բնակիչները՝ ծերանոցներ, հիվանդանոցներ:
Աիդա Հովհաննիսյանը հորդորեց վարակվելուց խուսափելու համար կիրառել կանխարգելիչ պաշտպանական միջոցառումներ՝ հետևել ձեռքերի հիգենային, հաճախ օդափոխել փակ տարածքները, խուսափել շփվել վարակի ախտանշաններ ունեցողների հետ:




