Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեզ քննադատում են նրա համար, որ մենք հեղափոխությունից հետո խոստացել էինք թալանվածը հետ վերադարձնել և այդ գործում այդքան էլ մեծ հաջողություններ չունենք։ Իրականում ես պիտի չհամաձայնեմ այս տեսակետի հետ»։ Այս մասին այսօր Գյումրիում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ–որ առումով այդ գործընթացքում մեր ինստիտուցիոնալ հաջողության ուղղակի վկայությունն է։
Ուզում եմ հիշեցնել, թե Գյումրիի ավագանիում երբ խնդիր առաջացավ. երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը՝ Սև Բերդը, սեփականաշնորհվել է ապօրինի ձևով, և պետք է վերադարձվի համայնքին։
ՀՀ Գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան՝ գույքը համայնքին վերադարձնելու համար։ Ներդրվեց նոր ինստիտուտ, որով Գյումրիում և մնացած համայնքներում պետք է վերադարձվի ապօրինի թալանված գույքը»:
Ըստ Փաշինյանի՝ Գյումրիի ավագանու մեծամասնությունը, հրաժարական տալով, հայտարարեց, որ հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։