Մարդիկ այլևս չեն փորձի զարտուղի ճանապարհներ գտնել՝ բանակից ազատվելու համար. Ռոբերտ Ղևոնդյան Zarkerak - Մարդիկ այլևս չեն փորձի զարտուղի ճանապարհներ գտնել՝ բանակից ազատվելու համար. Ռոբերտ Ղևոնդյան
Zarkerak Zarkerak - Մարդիկ այլևս չեն փորձի զարտուղի ճանապարհներ գտնել՝ բանակից ազատվելու համար. Ռոբերտ Ղևոնդյան
Մարդիկ այլևս չեն փորձի զարտուղի ճանապարհներ գտնել՝ բանակից ազատվելու համար. Ռոբերտ Ղևոնդյան

Մարդիկ այլևս չեն փորձի զարտուղի ճանապարհներ գտնել՝ բանակից ազատվելու համար. Ռոբերտ Ղևոնդյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սա իրականում շատ հետաքրքիր փոփոխություն է, վերաբերում է այն մարդկանց, ովքեր զարտուղի ճանապարհներ են գտնում, որպեսզի խուսափեն ծառայությունից»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական այն փոփոխությանը, որով 18 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ծառայել 6 ամիս կամ վճարել 20 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Նշենք, որ ներկայումս նման տարբերակից օգտվում են միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։ 

Ղևոնդյանը նշեց, որ շատերը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից՝ բանակում չծառայելու համար. «11 830 ՀՀ քաղաքացի 2018-2024 թվականների ընթացքում իր քաղաքացիությունը փոխել է, որպեսզի զինվորական ծառայություն չանցնի, այսինքն՝ մարդիկ այդ գումարները ծախսում են, որպեսզի դառնան ուրիշ երկրի քաղաքացի, միայն թե չծառայեն ՀՀ-ում: 11 830 զինվորը գոնե մինչև պատերազմյան ժամանակաշրջանը՝ Հայաստանի մեկ քառորդն էր, էլ չասած, թե քանիս-քանիսն են կարողանում բժշկական փաստաթղթեր ունենալով, սպորտային հավաքականների անդամ լինելով՝ ազատվել բանակից: Առաջարկվում է մի տարբերակ, որի դեպքում մարդիկ այլևս չեն փորձի զարտուղի ճանապարհներ գտնել, այլ այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն այդ գումարները ծախսելու՝ այն կուղղեն բյուջե: Այն մարդիկ, ովքեր 15-20 միլիոն դրամ վճարելու են, այսպես թե այնպես՝ անկախ այս օրենքից, գտնելու են այդ գումարով իրենց որդուն բանակից ազատելու հնարավորությունը: Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է ձևավորել այնպիսի հասարակություն, որ բանակում ծառայելը լինի պատիվ, ոչ թե մարդիկ դրանից խուսափելու հնարավորություններ փնտրեն»:

Թե ինչպես կվերաբերվի հասարակությունն այս նախագծին՝ քաղաքագետը նշեց. «Ակնհայտ է, որ արմատական ընդդիմությունն ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, ամենավատ խոսքերով է բնութագրելու նախագիծը, և բացարձակապես կարևոր չէ, թե այնտեղ ինչ է գրված, նրանց առիթ է պետք, որպեսզի հարձակումներ գործեն իշխանությունների վարած քաղաքականության վրա: Եթե իշխանությունները կարողանան ճիշտ ներկայացնել՝ ինչ գործընթաց են իրականացնում, ինչի համար է դա, ապա հասարակությունը սրերով չի ընդունի և ըմբռնումով կմոտենա խնդրին: Նշեմ, որ այստեղ մեկ դրական բան էլ կա, որ այն մարդիկ, ովքեր այդ գումարը ծախսելու են, այնուամենայնիվ, նրանց որդիներն օրինակ՝ մեկ ամիս ծառայելու են և զինվորական գործին ծանոթ են լինելու, այսինքն՝ եթե հետագայում լինի պատերազմական իրավիճակ, այդ մարդիկ ենթակա կլինեն զորակոչման, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ազատվել են օրինակ՝ ինչ-որ հիվանդության պատճառով»:

 

Աննա Բզնունի

13 Մայիս, 2025 11:32
Վեր