Գաղտնիք չէ, որ 2020 թվականից հետո Ռուսաստանը՝ իրեն ծառայող հայկական քաղաքական ուժերի և տարբեր կալիբրի գործիչների միջոցով փորձում է իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Ի դեպ, Կրեմլի այս նպատակի մասին պարբերաբար բարձրաձայնում են ռուսական ազդեցիկ քարոզիչները, որոնք ռուսական գլխավոր հեռուստաընկերությունների եթերներն արդեն մի քանի տարի շարունակ լցնում են հակահայկանան գռեհիկ ու ագրեսիվ քարոզչությամբ։
Ռուսներն իրենց տեղական գորածակալների միջոցով մի քանի անհաջող փորձ արեցին Հայաստանում իշխանությունը տապալելու և իրենց կամակատարներին նշանակելու համար։ ՀՀ նախկին նախագահները, տարատեսակ հոգևորականներն ու բազմաթիվ այլ մանր-մունր ձկները մի քանի տարի շարունակ փորձում էին երկիրը քաոսի վերածել։ Կազմակերպեցին տարբեր փողոցային ակցիաներ, որոնք սակայն այդպես էլ հանրային լայն աջակցություն չստացան։ Չստացան, որովհետև Հայաստանը վաղուց արդեն նախկին ֆորպոստ երկիրը չէ։ Փոխվել է ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև հանրության վերաբերմունքը՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած ոչ բարեկամական քաղաքականության հանդեպ։
Հայաստանում շատերն են արդեն հասկանում, որ Ռուսաստանը վաղուց հայտնվել է մեր թշնամիների ծոցում և Ալիևների հետ է սկսել «1000 ու մեկ գիշերներ» անցկացնել։
Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները և արդեն ակնհայտ է, որ պռոռուսական ուժերը ոչ միայն չեն կարողանալու իշխանությունը վերցնել, այլև կասկածի տակ է դրված խորհրդարանում հայտնվելու նրանց շանսերը։ Մոսկվան կարելի է ասել արդեն ամբողջովին սպառել է տեղի գործակալների ներուժը և այլևս հույս չի կապում նրանց հետ, որոնց քաղաքական վազվզոցի համար ժամանակին միլլիոներ էր ծախսում։
Եվ ահա Ռուսաստանը սկսեց այսպես ասած իր «բալիստիկ հրթիռներն» ուղարկել Հայաստան։
Սամվել Կարապետյանը այդ համազարկի առաջին հրթիռն է, գուցե նաև վերջինը, որը սակայն «отсечка» տվեց։ Սամվել Կարապետյանը ռուսական օլիգարխ է։ Կարապետյանների ընտանիքը նախկինում միշտ ակտիվ ներգրավված է եղել հայկական քաղաքական իսթեբլիշմենթում։ Սամվել Կարապետյանի եղբայրը, Կարեն Կարապետյանը, եղել է ԱԺ տարբեր գումարումների պատգամավոր, և տարբեր ժամանակներում ազդեցիկ դիրք է զբաղեցրել Բաղրամյան 26-ում։
Սամվել Կարապետյանին է պատկանում Հայաստանի էլեկտրական ցանցերը, ավելի ճիշտ Կարապետյանին է հանձվել ՀԷՑ-ի հսկողությունը, իսկ իրականում այդ ռազմավարական կառույցը շարունակում է հսկայական ֆինանսական հոսքեր ապահովել Ռուսաստանի համար, փոխարենը ՀՀ քաղաքացիներին մատուցելով անորակ և ցածրակարգ ծառայություն։
Եվ ահա Սամվել Կարապետյանի «շռնդալից» մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ՝ անձամբ արգելակեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բավական կտրուկ և կոշտ քայլերի գնաց։ Նախ ձերբակալվեց Սամվել Կարապետյանը, որին բավական ծանր մեղադրանքներ է առաջադրվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարգադրել է սկսել ՀԷՑ-ը ազգայնացնելու գործընթաց։
Ակնհյատ է, որ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը զուտ ներքին քաղաքական հարց չէ։ Վարչապետի հայտարարությունները վկայում են, որ եկել է Ռուսաստանի հետ խաղաքարտերը բացելու և իրականության հետ առերեսվելու ժամանակը։ Իսկ առջևում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի կարևոր այցը Թուրքիա։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։