Փորձ է արվում դեպքին տալ քաղաքական աստառ և վախ սերմանել․ Արտաշես Խալաթյանը՝ Մերձավանի սպանությունների մասին Zarkerak - Փորձ է արվում դեպքին տալ քաղաքական աստառ և վախ սերմանել․ Արտաշես Խալաթյանը՝ Մերձավանի սպանությունների մասին
Zarkerak Zarkerak - Փորձ է արվում դեպքին տալ քաղաքական աստառ և վախ սերմանել․ Արտաշես Խալաթյանը՝ Մերձավանի սպանությունների մասին
Փորձ է արվում դեպքին տալ քաղաքական աստառ և վախ սերմանել․ Արտաշես Խալաթյանը՝ Մերձավանի սպանությունների մասին

Փորձ է արվում դեպքին տալ քաղաքական աստառ և վախ սերմանել․ Արտաշես Խալաթյանը՝ Մերձավանի սպանությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կարծում եմ՝ մեղադրանքների հիմնական ուղղվածությունը մանիպուլյատիվ է, այսինքն՝ խոսքն ամենևին այն մասին չէ, որ իշխանությունը որևէ կերպ կարող է դրան մասնակից լինել, դա սուտ է, մանիպուլյացիա և քաղաքական դիվիդենտ շահելու փորձ, բայց միաժամանակ չենք կարող չմատնանշել, որ երկրում որոշակի հանցածին իրավիճակ կա և օպերատիվ իրավիճակն այնքան էլ բարվոք չէ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մերձավանում տեղի ունեցած սպանություններին և իշխանության հետ կապված շահարկումներին, ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:

Խալաթյանի խոսքով՝ ոչ միայն կա հանցագործությունների աճ, այլ դրանց իրականացման բացահայտ եղանակ, ինչը նշանակում է որոշակի արհամարհանք իրավակարգի հանդեպ և այդ ամենում անպատժելիության տարրեր. «Այստեղ կան կոնկրետ պատասխանատուներ՝ իրավական համակարգի ներկայացուցիչներ, որոնք պետք է ավելի մեծ աչալրջություն ցուցաբերեին՝ իրավիճակի նախականխման համար: Այնպես չի, որ իրավական համակարգը միայն գործ քննող մարմին է, այլ նաև հանցագործությունները կանխող, իսկ այդ կանխելու էլեմենտը ՀՀ-ում որոշակիորեն կաղում է: Մենք տեսնում ենք հանցավոր արարքների միջոցով հարցեր լուծելու բավականին ակնհայտ դրսևորումներ, որոնք որոշակիորեն նաև պատկան մարմինների թերացման արդյունքում են: Օբյեկտիվ քննադատությունը պետք է ուղղվի այս ուղղությամբ, ոչ թե անհեթեթ մեղադրանքներ հնչեցվեն իշխանության մեղսակցության վերաբերյալ: Սա նաև ցույց է տալիս մեր քաղաքական ընդդիմության մի որոշակի հատվածի, հատկապես՝ խորհրդարանական ընդդիմության պրոֆեսիոնալիզմի պակասի մասին: Խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ հարթակն օգտագործում է ոչ թե առողջ քննադատության և խնդրահարույց հարցերի վերաբերյալ խոսելով, այլև նման մերկապարանոց քննադատությունների վրա է ժամանակ ծախսում»:

Ընդդիմության կողմից նման գործելաոճը՝ ըստ Խալաթյանի, էժանագին փորձ է և նպատակն է հենց նախընտրական դիվիդենտներ քաղելը. «Սա այնքան մերկապարանոց է և հիմնազուրկ, որ որոշակի հատկանիշների բավարարման պարագայում կարող է անգամ զրպատության հայցի հիմք հանդիսանալ»:

Խոսելով շրջանառվող վարկածների մասին՝ Խալաթյանն ասաց. «Իրավապահ մարմինները մինչ այս պահը չեն ներկայացնում որևէ արժանահավատ տեղեկություն, թե իրականում, որն է այդ հանցագործության շարժառիթը, չկան մեղադրյալներ և իրավապահ մարմինների պասիվությունը թույլ է տալիս, որ և՛ ասեկոսեներ տարածվեն, և՛ ինչ-որ ենթադրություններ արվեն: Հիմա խոսվում է  այն մասին, որ իբրև թե համայնքապետի մերձավորներն ամիսներ առաջ մարդ են սպանել, հիմա վրեժխնդրություն է, բայց այս ամենն ընդամենը ենթադրություններ են, որոնք իրավական հետևանք չեն կարող ունենալ, բայց հանրային տրամադրություններ մանիպուլացնել կարող են: Չի կարելի հասարակությանը թողնել անպաշտպան ու առանց ստուգված ինֆորմացիայի, պատկան մարմինները պետք է կարողանան պայքար մղել հիբրիդային  պատերազմի էլեմենտների դեմ: Երկրում տեղի ունեցող նման տրագիկ իրադարձություններից հետո փորձ է արվում դրանց տալ քաղաքական աստառ և սերմանել ապատիա, վախ և այլն»:

Թե որքանով իշխանությունը հետամուտ կլինի գործի շուտ բացահայտմանը՝ Արտաշես Խալաթյանը նշեց. «Իշխանությունը պետք է երկու մակարդակի բաժանել, իշխանություն, որն ունի քաղաքական կամք և տեսլական՝ երկրի ժողովրդավարական և իրավական որակները զարգացնելու վերաբերալ, բայց կա նաև պրոֆեսիոնալ ապարատ, որն արդեն այդ քաղաքական օրակարգի մասնագիտական սպասարկումն է  իրականացնում, այստեղ մենք ունենք խնդիր: Այո, իշխանությունն օբյեկտիվորեն նախանձախնդիր է՝ թե՛ սուբյեկտիվ առումով՝ նախընտրական շրջանը հաշվի առնելով, թե՛ օբյեկտիվ՝ հաշվի առնելով իր հետհեղափոխական օրակարգը՝ բացահայտման առումով, բայց քաղաքական իշխանությունը չէ, որ բացահայտում է գործը, այլ համապատասխան արհեստավարժները»:

Մեր այն հարցին, թե արդյոք սպասելի են պաշտոնանկություններ՝ Խալաթյանն ասաց. «Հիմնավոր տեղեկատվության առկայության պարագայում դա ևս չպետք է բացառել: Քաղաքական իշխանությունն ակնհայտորեն տեսնում է, որ բովանդակային առումով որոշակի խզվածք կա ժողովրդի և դատաիրավական համակարգի միջև: Այդ խզվածքի դրսևորումներից մեկն էլ հենց նման իրավիճակներն են: Այստեղ պողպատե մանդատը կարող է գործի անցնել, բայց ամենևին չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ մեկի պաշտոնանկությունն եմ քարոզում, բայց չեմ կարող բացառել, որ պաշտոնանկությունը կարող է որպես ծայրահեղ քայլ լինել»:

 

Աննա Բզնունի

25 Սեպտեմբեր, 2025 16:40
Վեր