Քանի՞ երեխա Հայաստանում դպրոց չի հաճախում. Հաշվեքննիչ պալատը թվեր է ներկայացնում, ԿԳՄՍՆ-ն՝ հերքում Zarkerak - Քանի՞ երեխա Հայաստանում դպրոց չի հաճախում. Հաշվեքննիչ պալատը թվեր է ներկայացնում, ԿԳՄՍՆ-ն՝ հերքում
Zarkerak Zarkerak - Քանի՞ երեխա Հայաստանում դպրոց չի հաճախում. Հաշվեքննիչ պալատը թվեր է ներկայացնում, ԿԳՄՍՆ-ն՝ հերքում
Քանի՞ երեխա Հայաստանում դպրոց չի հաճախում. Հաշվեքննիչ պալատը թվեր է ներկայացնում, ԿԳՄՍՆ-ն՝ հերքում

Քանի՞ երեխա Հայաստանում դպրոց չի հաճախում. Հաշվեքննիչ պալատը թվեր է ներկայացնում, ԿԳՄՍՆ-ն՝ հերքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը գործում է 2024-ի մայիսի 1-ից և շուրջ 1 տարվա  իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ կրթական հաստատություններում վերականգնվել է 7308 երեխայի կրթության իրավունքը: Այս մասին ի պատասխան Zarkerak.am-ի հարցման պատասխանեցին ԿԳՄՍ նախարարությունից:

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը վերջին օրերին կրկին ակտիվ քննարկվում է, պատճառը հաշվեքննիչ պալատի և ԿԳՄՍՆ-ի տվյալների անհամատեղելիությունն է:

Ըստ Հաշվեքննիչ պալատի, ՀՀ-ում շուրջ 20 հազար երեխա ընդգրկված չէ պարտադիր կրթության համակարգում, որից մոտ 13 հազարը երբևէ հաշվառված չեն եղել, ստացվում է՝ կա 82,5 տոկոսանոց կրթության ընդգրկվածության ցուցանիշ:

Խնդրին ԱԺ-ում անդրադարձել է  ԿԳՄՍ նախարարը, նշելով, որ իրենց դիտարկումները արտացոլված չեն եզրակացության մեջ.«Հաշվեքննիչ պալատի գործընկերները մի փոքր շտապել են: Մի քանի օր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «ՀՀ սոցիալական վիճակը» հրապարակումը: 2024-2025 ուսումնական տարվա համար կրթության մեջ ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 90,4 տոկոս, ինչն արդեն իսկ ցույց է տալիս, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ ներկայացված 82 տոկոսն ուղղակի չի համապատասխանում իրականությանը:

Այս տարի 9-րդ դասարանն ավարտել է 39660 երեխա, նրանցից ավելի քան 13 հազարը ընդգրկվել են ՄԿՈՒ համակարգում, ավելի քան 24 հազարը գնացել են ավագ դպրոցներ: Ընդհանուր առմամբ,  95 տոկոս ցուցանիշ ունենք այս ամենախոցելի խմբի համար: Սա մի ցուցանիշ է, որը երբևէ չի գրանցվել: Նախորդ տարիների բոլոր ցուցանիշները դիտարկելով՝ կարող ենք տեսնել, որ էական բարելավում ունենք»:

Նախարարությունից սակայն մեզ հայտնեցին, որ այս պահին չունեն տվյալներ, թե  քանի երեխա  է դուրս մնացել պարտադիր կրթության համակարգից, չնշեցին նաև վերջին տարիների համեմատությամբ ինչ պատկեր է առկա: Պատճառը  բացատրում են այսպես.«Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ համադրման արդյունքում ձևավորված պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների նախնական թիվը ներառում է ՀՀ-ում ծնված, պարտադիր կրթության տարիքում գտնվող և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում չգրանցված երեխաների ընդհանուր թիվը, հետևաբար այն օբյեկտիվորեն չի կարող համարվել ելակետային ցուցանիշ, ուստի դրա համեմատությամբ վիճակագրություն չի վարվում: Պարտադիր  կրթությունից դուրս գտնվող  երեխաների թիվը կհստակեցվի միայն համապատասխան ցանկերը սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով զտելու, երկքաղաքացի, հայրանավան կամ ազգանվան փոփոխություն իրականացրած երեխաների մասին տեղեկատվությունը համապատասխան բազաներից ստանալու պարագայում»:

Հայտնեցին, որ պարտադիր կրթությունից  դուրս մնալու պատճառները շատ տարբեր են.«Կարգով սահմանված շահագրգիռ և պատասխանատու մարմինների կողմից պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների հետ իրականացված աշխատանքների շրջանակում առավել շատ հանդիպում են  սոցիալական-տնտեսական պատճառներով կրթությունն ընդհատելու դեպքեր, օրենքով սահմանված ժամկետում կրթության մեջ առաջին դասարան չներառվելու, հիմնական կրթությունից հետո ուսումնառությունն ավագ դասարաններում անավարտ թողնելու դեպքեր և այն: Պարտադիր կրթությունից դուս մնալու դեպքերի վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ կրթությունից դուրս մնալու հիմնական տարիքային խումբը կազմում են  օրենքով սահմանված ժամկետում առաջին դասարան  չհաճախողները  և հանրակրթության 3-րդ աստիճանում կրթությունն ընդհատող երեխաները»:

ՀՀ-ում պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների հայտնաբերման  և կրթության մեջ ընդգրկման հետ կապված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2021 թ-ի Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին որոշմամբ:

 Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան`

1) հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) չհաճախած և (կամ) որևէ ուսումնական հաստատությունում երբևէ չհաշվառված երեխաները.

2) որևէ ուսումնական հաստատությունում հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա մեջ ավելի քան 10 օր չհաճախած (չհաճախող) երեխաները.

3) հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորած և տվյալ ուսումնական հաստատությունից դուրս մնացած մինչև 18 տարեկան երեխաները.

4) ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի (արտերկիր մեկնելու նպատակով) հետևանքով ուսումն անավարտ թողած երեխաները.

5) այն երեխաները, որոնք հաշվառված են տնային ուսուցման համակարգում, սակայն ՀՀ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնային ուսուցում չի իրականացվում:

Նախարարությունից հայտնեցին, որ ընտանիքներում, որտեղ ապրող պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է պատկան մարմիններին՝ ի դեմս Խնամակալության և հոգաբարձության մարմնի և Միասնական սոցիալական ծառայության կենտրոնի, իրականացվում է վերահսկողություն: 

Նախարարությունը սակայն վիճակագրություն չի վարում, թե օրինակ քանի երեխա է դուրս մնում կրթությունից աշխատանքային շահագործման պատճառով: 

Կառավարությունը խոստացել է մինչև 2030 թվականը ապահովել պարտադիր կրթության 99%-անոց ընդգրկվածություն:

 

Մարիամ Մկրտչյան

03 Հոկտեմբեր, 2025 16:21
Վեր