Հայաստանյան հանրային դիսկուրսում վերջին տարիներին հաճախ տեսնում ենք մի տարօրինակ, բայց արդեն սովորական դարձած երևույթ՝ հոգևորականները ներգրավվում են քաղաքական գործընթացների մեջ։ Այս երևույթն ինքնին նորություն չէ, բայց երբ տեսնում ենք, որ ոչ միայն հասարակ քաղաքացին, այլև քաղաքական կուսակցություններն ու գործիչներն են այս կամ այն հոգևորականին ընկալում որպես իրական քաղաքական լիդեր, այստեղ արդեն սկսում է մի տխուր ու միևնույն ժամանակ բավականին ծիծաղելի իրավիճակ։
Այսինքն մենք գործ ունենք մի քաղաքական իրականության հետ, որտեղ քաղաքական միավորներն առաջնորդ լինելու փոխարեն առաջնորդ են փնտրում եկեղեցու ներսում։ Այստեղից կարելի է գալ մի շատ պարզ, բայց անհարմար եզրակացության՝ կուսակցությունները փաստացի ընդունում են, որ առաջնորդություն չունեն։ Ավելի վատ՝ ընդունում են, որ այնքան չկայացած են, որ հոգևորականից են սպասում քաղաքական ուղենիշ։
Այստեղ հարցը այս կամ այն հոգևորականը չէ կամ նրա գաղափարները։ Հարցն այն քաղաքական տկարությունն է, որը տարիներ շարունակ կուտակվել է և հիմա սկսում է արտահայտվել այսպիսի «փրկչական» սպասումներով։ Այս սպասումը հիշեցնում է խորհրդային տարիների կոլխոզների մթնոլորտը, որտեղ բոլորը սպասում էին, որ ինչ-որ մեկը վերևից կգա ու կհրահանգի՝ ինչ անել։ Ոչ թե կփորձեն իրենք նախաձեռնություն դրսևորել, կառուցել թիմ, մշակել քաղաքական օրակարգ, այլ ուղղակի սպասում են որևէ անձի, որը կգա ու կվերցնի ղեկը։
Այդ անձը հիմա հոգևորականն է։ Ինչպես ասում են՝ եթե քաղաքական դաշտում վակում է, այն անպայման լրացվելու է։ Բայց երբ այդ վակումը լրացվում է ոչ թե քաղաքական գործիչներով, այլ եկեղեցականներով, դա պետք է արդեն մեզ զգուշացնի, որ քաղաքական դաշտում կարծես թե լրջագույն անբավարարություն կա՝ քաղաքական հասունության մակարդակում։
Եվ եթե սա չվերլուծվի, չքննարկվի, շատ հնարավոր է, որ վաղը արդեն ոչ միայն հոգևորականները, այլև դերասանները, երգիչները կամ ծաղրածուները ներկայացվեն որպես քաղաքական փրկիչներ։ Չնայած, արդարության համար պիտի նշենք՝ որոշակի առումով արդեն դա էլ ենք տեսել։
Իսկ իրականությունը ցավալի պարզ է։ Եթե քաղաքական ուժերը, տարիներով ձևավորված կուսակցությունները այսօր առաջնորդի փոխարեն առաջնորդ «փնտրում են» եկեղեցու ներսում, ուրեմն իրենք դեռ մնացել են «կոլխոզային» մտածողության փուլում։ Պետք է սա ընդունել ու փորձել դուրս գալ այդ փուլից։ Ոչ թե փրկիչ փնտրել, այլ ձևավորել գաղափար, օրակարգ, արժեքային դաշտ և թիմ։ Մնացածը՝ կատակերգություն է։ Բայց, ցավոք, այդ կատակերգության մեջ մենք բոլորս ենք ապրում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


