Հայաստանում մի «կախարդական» երևույթ կա՝ երբ քաղաքական գործիչը պաշտոնից հեռանում է՝ անմիջապես մաքրազգործվում է։ Ակնթարթորեն։ Ոչ թե Սուրբ ջրով, այլ հեռուստահարցազրույցների միջոցով։
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս, Ռոբերտ Քոչարյանն էլ՝ կողքից, երկուսն էլ փայլում են անմեղությամբ։ Լսում ես՝ կարծես երկիրը ոչ թե իրենց օրոք էր կաշառակերության, արտագաղթի ու անարդարության ճահճի մեջ խրվել, այլ ինչ-որ այլ մոլորակի ղեկավարներ էին դա արել։
Նրանք այսօր խոսում են հայրենասիրությունից, ժողովրդավարությունից ու բարոյականությունից՝ այնպիսի անկեղծությամբ, որ նույնիսկ հին հունական փիլիսոփաները կնախանձեին։ Եթե լսես նրանց առանց հիշելու անցյալը՝ կմտածես, որ հենց այս մարդիկ Հայաստանը Շվեյցարիա էին դարձրել, պարզապես հայ ժողովուրդը չգնահատեց նրանց։
Պաշտոնը թողնելուց հետո, երևի բոլորին է պատում ինչ-որ «հրեշտականացման» մառախուղ։ Մի պահ մոռանում են, թե ով էր կնքահայրը օլիգարխների, ով էր բիզնեսը բաժանել իր «ընկերների» մեջ, ով էր մամուլը վերածել լրատվական բրիգադների։ Մոռանում են նաև արյունը, որը թափվեց իրենց իշխանությունը պահելու համար։ Հիմա նրանք քննադատում են Նիկոլ Փաշինյանին՝ բոլոր մեղքերի համար։ Նույնիսկ, եթե հանկարծ արևը դուրս չգա՝ կրկին Փաշինյանն է մեղավոր, իսկ իրենք՝ անբիծ, փորձառու, խորաթափանց։ Եթե հարցնես՝ ինչու 20 տարի շարունակ ոչինչ չփոխվեց, ինչու Արցախի հարցը չլուծվեց՝ կասեն․ «լուծում էինք արագ տեմպերով ու ի շահ Հայաստանի»։
Ամենազավեշտալին այն է, որ նույն «մաքրագործվածներն» այսօր փորձում են ներկայացնել իրենց որպես փրկիչներ։ Բայց ժողովուրդը, նույնիսկ ներկա իշխանության սխալները տեսնելով, լավ հիշում է անցյալը։ Իսկ անցյալը մոռացվող բան չէ․ այն միշտ վերադառնում է, հատկապես երբ նախկինները նորից սկսում են բարոյականություն քարոզել։
Այսպես էլ ապրում ենք․ պաշտոնավարման ժամանակ՝ անմեղ, պաշտոնը թողնելուց հետո՝ մարգարե։ Հայաստանում քաղաքական «լվացարանները» ամենաարդյունավետ համակարգերն են՝ մաքրում են ոչ միայն ձեռքերը, այլև պաշտոնյաների հիշողությունը։
Պաշտոնը թողնելուց հետո անմեղ ձևանալը դարձել է հայկական քաղաքականության նոր ձևաչափ։ Այո, կարելի է քննադատել գործող իշխանությանը, կարելի է խոսել սխալների մասին, բայց երբ դա անում են նրանք, ովքեր այսօրվա սխալների հիմքն են դրել՝ դա արդեն ոչ թե օբյեկտիվ քննադատությունն է, այլ քաղաքական կեղծավորություն։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


