Ժամանակն է հրաժարվել փակ մտածողությունից․Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով Zarkerak - Ժամանակն է հրաժարվել փակ մտածողությունից․Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով
Zarkerak Zarkerak - Ժամանակն է հրաժարվել փակ մտածողությունից․Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով
Ժամանակն է հրաժարվել փակ մտածողությունից․Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով

Ժամանակն է հրաժարվել փակ մտածողությունից․Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով

 

Հայաստանը կանգնած է բարդ, բայց պատմական ընտրության առաջ։ Տարիներ շարունակ մեր երկրի շուրջ ձևավորվել է փակ տարածք՝ «սառեցված» սահմաններով, անավարտ խաղաղությամբ և անորոշ ապագայով։ Այս պայմաններում շատ քաղաքական ուժեր հայտարարում են, թե չեն ցանկանում, որ սահմանները բացվեն, բայց միաժամանակ խոսում են երկրի զարգացման անհրաժեշտությունից։ Սակայն սա հակասություն է, իրական նոնսենս։

Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով։ Փակ սահմաններ՝ փակ շուկաներ, փակ հնարավորություններ

Հայաստանի աշխարհագրական դիրքը մեզ դարձնում է «կղզի» մի տարածաշրջանում, որտեղ հաղորդակցությունը կյանքի երակն է։ Երբ մեր սահմանները՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, փակ են մնում, Հայաստանը կորցնում է իր տնտեսական լոգիստիկ դիրքի իմաստը։ Մենք վերածվում ենք փակ տարածքի, որտեղ ներմուծումն ու արտահանումը կախված են մեկ կամ երկու ճանապարհներից։ Սա ոչ միայն թանկացնում է ապրանքները, այլև կրճատում ներդրումների հոսքը, որովհետև ոչ մի ներդրող չի ընտրի երկիր, որը մեկուսացված է տարածաշրջանային ցանցերից։

Տնտեսական զարգացումը չի կարող նորմալ ընթանալ, երբ սահմանները փակ են, իսկ կապերը՝ սահմանափակ։ Որքան էլ, որ այդ թեզով մեզ նախկինում կերակրում էին։ Ռոբերտ Քոչարյանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն անձամբ էր ժամանակին հայտարարում թե իբր Հայաստանը շրջափակված վիճակում էլ դեռ 100 տարի կզարգանա։ Ժամանակը ցույց տվեց, թե ինչպես Օսկանյանը և իր «շեֆը» զարգացրեցին Հայաստանը։ Բայց սա էլ առանձին թեմա է։

Զարգացումը պահանջում է ազատ շրջանառություն՝ ապրանքների, գաղափարների, մարդկանց և գիտելիքի մակարդակներում։ Հայաստանում սահմանների թեման հաճախ դիտարկվում է միայն անվտանգության տեսանկյունից։ Բայց պատմությունն ապացուցում է, որ մեկուսացումը ոչ թե անվտանգություն է բերում, այլ՝ խոցելիություն։ Երբ երկիրը փակ է, այն դառնում է կախված արտաքին մեկ-երկու ուղղությունից՝ տնտեսական, քաղաքական և ռազմավարական առումով։ Իսկ իսկական անվտանգությունը գալիս է բազմակողմ կապերից, գործակցությունից, տնտեսական փոխկապակցվածությունից։
Բաց սահմաններով Հայաստանը կունենա ավելի մեծ մանևրելու հնարավորություններ, ավելի լայն արտաքին քաղաքական դաշտ և տնտեսական հիմք՝ սեփական պաշտպանունակությունն ամրապնդելու համար։

Շատերը սահմանների բացման գաղափարը տեսնում են որպես զիջում կամ պարտություն։ Բայց իրականում դա կարող է դառնալ Հայաստանի վերածննդի սկիզբը։ Բաց սահմանները նշանակում են նոր շուկաներ, նոր տրանսպորտային ուղիներ, նոր գործընկերություններ։
Դա հնարավորություն է՝ դառնալու ոչ թե փակ սահմաններով փոքր պետություն, այլ՝ բաց կապերի կենտրոն Հարավային Կովկասում։

Բացի այդ, սահմանների բացումը հնարավորություն կտա շփման, երկխոսության և նոր հավասարակշռության ձևավորման՝ ոչ թե ուժի, այլ փոխադարձ շահի հիման վրա։

Եթե իսկապես ուզում ենք զարգացած Հայաստան, պետք է հրաժարվենք «կփակվենք ու կապրենք մեր ուժերով» տրամաբանությունից։ 21-րդ դարում ոչ մի երկիր չի կարող առաջ գնալ մեկուսացած ձևով։ Զարգացումը չի ծնվում վախից․ այն ծնվում է վստահությունից՝ սեփական ուժերի և հարևանների հետ խաղաղ ապրելու կամքից։

Հայաստանի ապագան սկսվում է հենց իր սահմաններից։ Սահմանների բաց լինելը Հայաստանի անկախության սպառնալիքը չէ, այլ՝ դրա ամրապնդումը։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

14 Նոյեմբեր, 2025 12:11
Վեր