Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սամվել Կարապետյանը քաղաքական հանցանք է գործել, կանգնել է զինված հեղաշրջում նախաձեռնող, կոչ անող, կազմակերպողների կողքին, կոչ է արել հենց այդ ձևով պայքարել քաղաքական իշխանության դեմ: Ես դա համարում եմ քաղաքական հանցագործություն, Սամվել Կարապետյանը պետք է պատժվի ժողովրդավարական իշխանությունը տապալելու փորձի համար»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Նշենք, որ գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով:
Ըստ Ազատ Արշակյանի՝ ով ձեռք է բարձրացնում ՀՀ ինքնիշխանության և ժողովրդավարության վրա, պետք է զրկվի բոլոր իրավունքներից. «Թող նստի, մեղմ որոշում է կայացվել, միանգամից պետք է ցմահ տային: Սամվել Կարապետյանի նմանների օրոք ՀՀ բանտերում քաղաքական կալանավորներ են եղել, Երևանի կենտրոնում գնդակահարվել է առնվազն 10 անձ: Թող Կարապետյանը նստի, իր գործընկերների համար էլ տեղ պահի՝ գալու են: Ովքեր դեմ են եղել Հայաստանի անկախությանը և ժողովրդավարությանը, շուտով կհայտնվեն Սամվել Կարապետյանի կողքին: Հայաստանում չպետք է լինի հակապետական քաղաքական գործիչ»:
Արշակյանի խոսքով՝ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և այստեղ չի կարող լինել քաղաքական բանտարկյալ. «Սամվել Կարապետյանն իր ռեսուրսները՝ տնտեսական, ֆինանսական և մարդկային, օգտագործում է Հայաստանում ժողովրդավարական կարգերը փոխելու համար, նրան պետք է զրկել այդ ռեսուրսներից: Եթե օրինակ՝ զենք-զինամթերք է կուտակում հեղաշրջում կազմակերպելու համար՝ հարկավոր է զինաթափել, եթե ֆինանսական ռեսուրսներ է օգտագործում, օրինակ՝ գնում է քաղաքացիների ձայնը, մարդկանց վճարելով հրավիրում է հանրահավաքների, ընտրակաշառք բաժանելով քվե է գնում՝ դա հանցագործություն է: Ճորտատիրություն է, երբ իր ֆիրմայի աշխատակիցներին մասնակից է դարձնում քաղաքական պրոցեսների, կարծում եմ՝ Կարապետյանը հանրայնորեն վտանգավոր մարդ է, նա պետք է մեկուսացվի, առնվազն՝ արտաքսվի ՀՀ-ից՝ որպես օտարերկրացի, նրան պետք է արտաքսել Կիպրոս կամ Ռուսաստան»:
Անդրադառնալով Կարապետյանի եղբորորդու այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար՝ Արշակյանը նշեց. «Սամվել Կարապետյանն ինքը կարող է հայտարարել՝ պատրա՞ստ է անազատության մեջ մնալ իր հայացքների համար, այդ երիտասարդն ինչու է մեջ ընկնում: Կարծում եմ՝ կոռեկտ չէ նման բան հայտարարելը, իր հորեղբորը կարող է պաշտպանել՝ տաք գուլպաներ ու «սուխարի» ուղարկելով: Պետք է խիստ լինել և պաշտպանել Հայաստանի անկախությունը և ազատությունը բոլոր տեսակի ոտնձգություններից: ՀՀ անկախության և ժողովրդավարության հակառակորդները պետք է հարգեն, եթե չեն հարգում, պետք է վախենան ՀՀ արդարադատությունից: Չի կարելի վաճառել ո՛չ ձայնը, ո՛չ հայրենիքը, ո՛չ ազատությունը, դրանք վաճառքի ապրանքներ չեն, Սամվել Կարապետյանը՝ որպես գործարար, պատրաստ է ամեն ինչ գնել և վաճառել, նրա համար կարևորը հաջող գործարքն է: Քաղաքացիներին կոչ եմ անում չվաճառել իրենց ձայնը և հայրենիքը»:


