Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Օրվա ընթացքում ընդունում եմ միջինում 30 հիվանդ, այո՛, փոքր թիվ չէ: 15 տարի առաջ, միանշանակ, ավելի շատ տարեցների էինք ընդունում և եզակի դեպքերում երիտասարդների, մինչդեռ այսօր մեծանում է երիտասարդ պացիենտների թիվը: Բայց այդ միտումը, կոպիտ ասած, համարում ենք նորմալ, թեև հիվանդության երիտասարդացումը բազմապատճառ է, մի բան հստակ է՝ որքան զարգանում է աշխարհը, այնքան ավելանում են քաղցկեղածին ֆակտորները»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասում է Միքայելյանի անվան համալսարանական հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան Արմեն Ավագյանը:
Ինչ-որ բան փոխվել է՝ դեպի լավը
«Քաղցկեղը դատավճիռ է» տարածված մտայնությունը բժիշկ Ավագյանի դիտարկմամբ աստիճանաբար և դանդաղ զիջում է դոմինանտ դիրքը.«Տարիներ առաջվա համեմատ՝ բավական բան է փոխվել դեպի դրականը, և մարդիկ բավականին գիտակցում են բուժման հնարավորությունները, բայց, միևնույն է, մեր հասարակության մեջ դեռ այս հիվանդությունը չի ազատվել վերջնագիր լինելու պիտակից»:
Սակայն բժիշկը գոհունակությամբ փաստում է՝ էապես փոխվել է սեփական առողջության հանդեպ վերաբերմունքը, «դանակը ոսկորին հասնելու» մշակույթը, կարծես, հայ հանրությունից դուրս գալու շանսեր ունի.«Այս հիվանդության դեմ պայքարում ամենակարևոր զենքը գիտելիքն է, պետք է իմանալ բոլոր հիվանդությունների մասին, դրանց պատճառագիտությունը, հնարավորինս զերծ մնալ վատ սովորություններից և ճիշտ ժամանակին, ճիշտ տարիքային խմբերում ընդգրկվելով, փորձել խնդիրը շուտ հայտնաբերել, եթե վաղ ենք հայտնաբերում, բուժում ենք լիարժեք: Երիտասարդ սերունդն ավելի ուշադիր է իր առողջությանը, կարծում եմ՝ գնալով տենդենցը ծավալվելու է՝ ի վերջո դառնալով մշակույթ: Ամոթ չէ պրոֆիլակտիկ այցելել բժշկի և ամոթ չէ հիվանդության մասին հայտնելը, մեր երկրում այդ խնդիրն էլ կա, փորձում են թաքցել, որ ոչ ոք չիմանա, կարծում եմ՝ դա սխալ է»:
Կանայք... տղամարդիկ...
«Իմ կարծիքով կանայք ավելի ուժեղ էակներ են»,- նկատում է բժիշկը՝ անդրադառնալով այս հիվանդության դեմ պայքարում կանանց հավասարակշռվածությանը և հուզական ազդակներին.«Առհասարակ, աշխարհում ամենաշատ հանդիպող քաղցկեղի տեսակը հենց կրծքագեղձի քաղցկեղն է, և պարզ է, որ կանանց մոտ այն ավելի շատ է հանդիպում: Տղամարդկանց դեպքում գերակշռում է թոքի և շագանակագեղձի քաղցկեղի տեսակը»:
Անկախ սեռից, տարիքից, բժշկի խոսքով հիվանդության մասին լսելիս նախ իրականության չընդունման փուլն է.«Առաջին օրերին միշտ լինում են խնդիրներ՝ ինֆորմացիայի ընկալման, մշակման, ընդունման, բայց երբ հիվանդի հետ աշխատում ես, շատ կարճ ժամանակ հետո գրեթե բոլորը գիտակցում են խնդրի լրջությունը և ավելի ճիշտ են տրամադրվում բուժմանը»:
Բառ, որը վախեցնում է
«Բիոպսիա՝ կենսազննում, սա ուղեղի վրա ազդող արտահայտություն է, երբ ասում ես՝ պիտի գնաք բիոպսիա անելու, միանգամից մտածում են, որ դա վերջն է, դիագնոզը վատն է: Մինչդեռ բիոպսիայով մենք նախ հաստատում կամ ժխտում ենք խնդրի առկայությունը, պարտադիր չէ, որ անպայման հաստատենք՝ քաղցկեղ է»,- բացատրում է բժիշկը:
«Առանց բիոպսիա բուժումներ չեն արվում, ի դեպ երբ բժիշկն ասում է՝ պետք է բիոպսիա անել, դա չի «կատաղեցնում» հիվանդությունը և չի նպաստում տարածմանը, ինչպես մտածում են շատերը»:
Ծանրությունը՝ բժշկի ուսերին
Ինչպես ասել, որ հայտնաբերվել է քաղցկեղ, ասել այնպես, ինչպես կա՞, թե՞ մեղմել իրականությունը.«Աշխատում ենք միշտ արդար շփվել պացիենտի հետ և հնարավորինս ճշգրիտ ներկայացնել իրավիճակը, դիագնոզը և բուժման ուղիները, հնարավորությունները՝ հստակեցելով սպասելիքները: Բայց հաշվի առնելով ազգային մենթալիտետը՝ բախվում ենք տարբեր խնդիրների, օրինակ՝ երբեմն առաջինը այցելում է բժշկին ոչ թե հիվանդը, այլ հարազատը և նախ սկսում է հիվանդի հարազատի հետ աշխատանքը, քանի որ երբեմն պատնեշ է ստեղծվում՝ որ հարազատը չպետք է իմանա, այնպիսի մարդ է, որ իմանա իր կյանքին վերջ կտա, թևաթափ կլինի: Այսպիսի խնդիրների բախվելով ենք փորձում հիվանդին մատուցել ճիշտ ինֆորմացիան»:
Քաղցկեղի դեմ պայքարի ճանապարհին բժիշկը բռնում է պացիենտի ձեռքը, կարևոր է, որ պացիենտն էլ իր հերթին ընդունի մեկնված ձեռքը՝ առանց վստահության այս բարդ ուղին էլ ավելի է բարդանում.«Բժշկի հանդեպ վստահությունը շատ կարևոր է, և կարևոր է նաև իմանալ ճշգրիտ իրենց սպասվող ամեն ինչ, շանսերը: Նկատել ենք, որ պացիենտները, ովքեր համագործակցող են, ովքեր լսում են բժշկին, ավելի արդյունավետ են անցնում այս ճանապարհը՝ օգտագործելով իրենց տրված բոլոր հնարավորությունները»:
Ոչ բոլոր պատմություններն են ունենում երջանիկ վերջաբան
Իսկ ինչպես ասել, որ բժշկությունն անզոր է, չէ որ լինում են դեպքեր, երբ ջանքերն ինչ-որ փուլում ցանկալի արդյունք չեն տալիս.«Ամեն օր էլ լինում է այդ պրակտիկան, ուռուցքաբանի համար անխուսափելի է, շատ դժվար է այդ ինֆորմացիան մատուցել, ինքս ժամկետներ չեմ շեշտում՝ թե օրինակ որքան է մնացել ապրելու, չեմ կարծում, որ բարոյական է որպես վերջնաժամկետ սահմանել շաբաթները կամ ամիսները: Բայց հիվանդին հայտնում ենք, որ արդեն այն փուլում ենք, որ բուժական տարբերակները քիչ են և, ի վերջո, ելքը լինելու է..., այս ամենը բժշկի համար էլ շատ դժվար է ասել պացիենտին»:
Կա կարծիք, որ այս մասնագիտության մեջ բժիշկները էմոցիոնալ առումով քարանում են, դառնում պակաս ապրումակցող.«Չեմ կիսում քարանալ միտքը, բայց կան պարտականություններ և խոսքեր, որ պետք է ասվեն, գուցե կողքից թվա, թե ռոբոտացված կրկնում ես, բայց բժշկի ապրումներն իրականում ոչ ոք չի տեսնում, ինքը գիտի իր մենակության մեջ: Ցանկացած բժշկի համար շատ ծանր է կորուտսը, հատկապես՝ ուռուցքաբանի դեպքում, երբ պացիենտի հետ շատ երկար շփվում է՝ անգամ տարիներով, ու հետապնդում է այդ գիտակցումը՝ գուցե իր հիվանդն այսօր ապրում է, վաղը՝ ոչ: Դա ցանկացած մարդու համար է դժվար, առավել ևս՝ բժշկի, որ ստիպված է անդադար առերեսվել նման իրավիճակներին, բայց պահպանել զգոնությունը»:
Ո՞վ է հաղթում պայքարում
«Բժշկության մեջ ցանկացած օրգանիզմ, որը կարողանում է տրամադրվել, ավելի լավ արդյունքներ է գրանցում: Կարծես օրգանիզմն էլ օգնում է բժշկությանը հաղթահարել խնդիրները»,- նշում է Արմեն Ավագյանը:
Ընդ որում, բուժման հարցում հատկապես նախանձախնդիր են, պայմանականորեն ասված, պարտականություններ ունեցողները.«Չակերտավոր պարտականություններ ունեցող մարդը՝ ընտանիքի, երեխաների հանդեպ, ավելի պայքարող է և տրամադրված, նա գիտի, որ անելիք ունի, սպասողներ, իր համար անհանգստացողներ և էլ ավելի ուժեղ է այս հիվանդության դեմ իր կռվում»:


