Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հունգարիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» ձախ պաշտպան Միլոշ Կերկեզը։
«Լիվերպուլի» ֆուտբոլիստը շտապեց նշել, որ ժամային գոտիների տարբերությունը որոշակիորեն ազդել է իր վրա և մինչ այժմ չի կարողացել լավ քնել, սակայն այսօր կփորձի շուտ քնել, որպեսզի պատրաստ լինի վաղը կայանալիք վճռորոշ խաղին։
«Կարծում եմ, Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, կազմված իսկական մարտիկներից, որոնք խաղադաշտում պայքարում են միմյանց համար։ Միշտ դժվար է խաղալ նման թիմերի դեմ։
Ազգային թիմում մթնոլորտը միշտ լավ է․ մենք մեծ ընտանիքի պես ենք։ Բոլորն իրենց լավ են զգում, և մենք պետք է դա ցույց տանք խաղադաշտում։ Ուրախ եմ, որ այս անգամ խաղադաշտում կլինեն նաև Բարնաբաշ Վարգան և Ռոլանդ Շալայը, որոնք բաց թողեցին տնային խաղը, քանի որ նրանք մեզ համար շատ կարևոր խաղացողներ են։ Հուսով եմ՝ կկարողանանք տուն վերադառնալ լավ արդյունքով», — ասաց Կերկեզը։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։

