Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծն ու կից երկու տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը համատեղ աշխատանքի արդյունք է: Ըստ նախարարի՝ վերջին երեքուկես տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Կառավարությունը համատեղ քննարկումների շրջանակում մշակել են պատմական նախաձեռնություն, հիմք է դրվում առողջության մասին հոգ տանելու նոր համակարգին:
Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով՝ երեք տարվա ընթացքում: Նպատակը 2029 թվականին մեր բնակչության մեծամասնության համար համակարգը հասանելի դարձնելն է: Նախարարը ներկայացրել է օրենսդրական փաթեթի կարգավորման շրջանակն ու հասկացությունները:
2026 թվականին առաջին փուլով կապահովագրվեն երկու խմբի պատկանող անձինք, առաջինը՝ պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցմամբ փոխհատուցվող անձինք՝ մինչև 18 տարեկան, 65 և ավելի տարիքի, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք և անապահովության 28-ից ավելի բալ ունեցող ընտանիքները: Հաջորդը 200000 դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք են: Այստեղ մեկնարկային հաշվարկային շեմը վերաբերում է համախառն եկամտին, այսինքն՝ հարկերը ներառյալ, և եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա հաշվարկվում է բոլոր տեղերում հաշվարկված աշխատավարձի հանրագումարը: Եթե հանրագումարը 200000 դրամից ավելի է, ուրեմն անձն ընդգրկվում է համակարգում:
2027 թվականին համակարգում կներառվեն մինչև 200000 դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից՝ մնացած խմբերը:
Պետության կողմից ապահովագրվող քաղաքացիների խմբերի համար գործելու են մի քանի չափանիշներ: Առաջինը՝ ՀՀ քաղաքացի և ՀՀ-ում ռեզիդենտ լինելու կարգավիճակն է: Այս նախապայմանը չի վերաբերում աշխատավարձ ստացող և իր համար ապահովագրավճար վճարող անձին: Այսինքն՝ Հայաստանում ապրող ու աշխատող, բայց ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ չհանդիսացող քաղաքացիները ևս ընդգրկվելու են այս համակարգ և համարվելու են ապահովագրավճար վճարողներ:
Այնուհետև նախարարը ներկայացրել է ապահովագրական փաթեթը ծածկող շրջանակը: Այն վերաբերելու է մարդու առողջության առաջնային օղակում անհրաժեշտ բուժծառայություններին, շտապօգնության ծառայություններին, հիվանդանոցային բուժօգնությանը: Ծառայությունների կոնկրետ ցանկերը հաստատվելու են Կառավարության որոշմամբ: Աշխատանքից ազատվելու դեպքում անձն այդ տարվա ընթացքում մնում է համակարգում, բայց ինքն է ամսական կտրվածքով հանդիսանալու վճարող: Չվճարելու դեպքում ապահովագրական փաթեթը կկասեցվի: Կարգավորումներ կտրվեն նաև ապահովագրական անձի կողմից վճարումները չկատարելու դեպքերի համար:
Արդյոք մեր երկրի առողջապահական համակարգը կկարողանա՞ դիմակայել սպասվող դիմելիության աճին հարցի առնչությամբ էլ նախարարը հավաստիացրել է՝ ռիսկերը հաշվարկված են:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ապահովագրական փաթեթը չի փակելու բոլոր ծառայությունները: Առանձնացվել են մեր երկրի հիվանդացության, մահացության, բեռ հանդիսացող հիմնական հիվանդությունները և դրանց համար անհրաժեշտ առաջնային ծառայությունները: Դրանք կյանք փրկող, հաշմանդամությունը կանխող, մարդու առողջությունը հիմնականում վերականգնող ծառայություններն են, և դրանց շրջանակներում օրենքը նախատեսում է որոշակի համավճարներ, ծառայությունների, փոխհատուցման գնի վերին և որոշ ուղղություններով տարեկան ծառայություններից օգտվելու քանակային սահմանաչափեր:
«Պետական պատվերի համակարգը մարման կարգով երեք տարվա ընթացքում ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման արդյունքում որպես միջոցառում պետական բյուջեից դուրս կգա, և մենք ապահովագրության շրջանակում կունենանք մեկ բազային փաթեթ բոլոր քաղաքացիների համար: Կունենանք նվազագույն ծառայությունների ցանկ, որոնք կտրամադրվեն ապահովագրություն չունեցող անձանց»,- տեղեկացրել է նախարարը:
Նախատեսված են համավճարի շրջանակում հնարավոր փոխհատուցման մեխանիզմները:
«Մենք ունենք հաշվարկ, որ 129600 դրամը, որն այսօր օրենքի նախագծով սահմանված է որպես ապահովագրավճար, սրա շրջանակում ինչ ծավալ ենք իրապես կարողանալու տրամադրել»,- փաստել է Անահիտ Ավանեսյանը: Հավելյալ ծառայությունները, ավելի թանկարժեք բժշկական նշանակության պարագաները, սահմանաչափերից ավելի դեղորայքը պետք է հստակ կարգավորված ձևաչափով քաղաքացին հնարավորություն ունենա հավելավճարի միջոցով ձեռք բերելու:
«Բազային ապահովագրական փաթեթներն անհրաժեշտ ծառայություններ են: Դրան հավելյալ էլ մասնավոր ապահովագրական ընկերությունները կարողանալու են ձևավորել մասնավոր ապահովագրական փաթեթներ»,- իրազեկել է պատասխանատու գերատեսչության ղեկավարը:
Քանի որ մեկնարկային տարի է, քաղաքացիները հնարավորություն են ստանալու «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների մի մասը տրամադրելու իրենց առողջության ապահովագրությանը:
200000-500000 դրամ ստացող քաղաքացիներն այսօր «Զինապահ» հիմնադրամին վճարում են 5500 դրամ, նրանք կշարունակեն վճարել 1000 դրամ հիմնադրամին, իսկ 4500 դրամը՝ առողջության ապահովագրությանը: 200000-500.000 դրամ աշխատավարձ ստացողները հնարավորություն կունենան սոցիալական կրեդիտներով հետ ստանալու ամսական 6000 դրամ:
500000-ից մեկ միլիոն աշխատավարձ ստացողները 1000 դրամ կվճարեն «Զինապահ» հիմնադրամին, իսկ 7500 դրամը կշարունակեն վճարեն «Առողջության ապահովագրության» հիմնադրամին: Վերջիններս սոցիալական կրեդիտների շրջանակում հետ կստանան 4000 դրամ:
Նախարարի խոսքով՝ մեկնարկային տարում այս խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ապահովագրության համակարգով առաջարկվող ծառայությունները զգալիորեն տարբերվում են այժմ գործող պետական պատվերի շրջանակում առաջարկվող ծառայություններից՝ հօգուտ ապահովագրական համակարգի:
Նախարարը պատգամավորների հարցերին ի պատասխան պարզաբանել է օրենսդրական փաթեթով առաջարկվող այլ կարգավորումները, մանրամասնել տարբեր խմբերի շահառուների համար առաջարկվող ծառայությունների շրջանակը:
Պատգամավորները ելույթների ընթացքում անդրադարձել են հաշվարկների մեթոդաբանության ու ծածկույթի ներկայացմանը, մասնավոր ապահովագրական ընկերությունների գործունեությանը ու այդ ընկերությունների առաջարկող փաթեթներին առնչվող հարցերին:
Բարձրացվել է 63 և ավելի տարիք ունեցող անձանց ու միակողմանի ծնողազուրկ (18-23 տարեկան) և երկկողմանի ծնողազուրկ (23-26 տարեկան) երեխաներին ապահովագրության համակարգում ներառելու հարցը: Ընդգծվել է մասնավոր հատվածի և Ապահովագրության հիմնադրամի համագործակցության խնդիրը:
Հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի գնահատմամբ՝ օրենսդրական փաթեթը քաղաքացիների համար առողջապահության հասանելիություն և առողջապահության որակ է ապահովելու:
Քննարկումների արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:


