Հայաստանի CITES համապատասխանության կարգավիճակը բարելավվել է. Վահե Դավթյան Zarkerak - Հայաստանի CITES համապատասխանության կարգավիճակը բարելավվել է. Վահե Դավթյան
Zarkerak Zarkerak - Հայաստանի CITES համապատասխանության կարգավիճակը բարելավվել է. Վահե Դավթյան
Հայաստանի CITES համապատասխանության կարգավիճակը բարելավվել է. Վահե Դավթյան

Հայաստանի CITES համապատասխանության կարգավիճակը բարելավվել է. Վահե Դավթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի (CITES) կողմերի 20-րդ համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 

Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը՝ Վահե Դավթյանը հանդես է եկել «Քաղաքականությունից դեպի պրակտիկա․ մոնիթորինգ, ֆինանսավորում և գործողություններ՝ կարգավորված վայրի բնության առևտրի համար» խորագրով ելույթով՝ ընդգծելով, որ համաժողովի օրակարգն ամբողջովին համահունչ է այն առաջնահերթություններին, որոնց շուրջ ձևավորվում են միջազգային և ազգային ջանքերը՝ քաղաքական հանձնառությունները վերածելու իրական, չափելի և կայուն արդյունքների։ 

 

Նրա խոսքով՝ CITES-ը գործում է եզակի միջավայրում, որտեղ առևտուրը, շրջակա միջավայրն ու զարգացումը համադրվում են՝ ապահովելու կենսաբազմազանության պահպանությունն ու բնական պաշարների կայուն օգտագործումը։ Այս ուղղությամբ նորարարությունը, ժամանակակից մոնիթորինգի գործիքները և արդյունավետ ֆինանսավորման մեխանիզմները կարևոր դեր են ստանձնում քաղաքական որոշումները գործնական հարթություն տեղափոխելու գործում։

 

Ելույթում առանձնացված հիմնական նորարարական լուծումներից էր e-CITES համակարգը՝ թույլտվությունների տրամադրման և դրանց հետագծելիության էլեկտրոնային հարթակը, որը նպաստում է գործընթացների թվայնացմանը, թափանցիկության բարձրացմանը և վերահսկելիության ամրապնդմանը։ Վահե Դավթյանը նշեց, որ Հայաստանի կառավարության 2021–2026 թթ. ծրագրով արդեն իսկ նախատեսված է թույլտվությունների և լիցենզիաների էլեկտրոնային համակարգերի ներդրումը, և այս նպատակով գործարկվել է ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակը, որի միջոցով իրականացվում է ներմուծման, արտահանման և տարանցման թույլտվությունների էլեկտրոնային տրամադրումը։

 

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին իրականացված փոփոխությունների արդյունքում 2023 թվականի նոյեմբերին Հայաստանի CITES համապատասխանության կարգավիճակը բարելավվել է՝ բարձրանալով 3-րդ կատեգորիայից 2-րդ։ Այս առաջընթացը վկայում է Հայաստանի պատրաստակամության մասին լիարժեք ապահովելու միջազգային ստանդարտներին համապատասխանող իրավական դաշտ և արդյունավետ կառավարման համակարգ։

 

Ելույթի ավարտին նախարարի տեղակալը բոլոր գործընկերներին և համաժողովի մասնակիցներին հրավիրել է մասնակցելու Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (CBD CoP17), որը կիրականացվի Հայաստանում՝ դառնալով կարևոր միջազգային հարթակ փորձի փոխանակման, համագործակցության խորացման և կենսաբազմազանության պահպանության համաշխարհային օրակարգի առաջմղման համար։

28 Նոյեմբեր, 2025 14:27
Վեր