Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ժողովրդավարական հայկական պետությունը չի կարող գերի լինել ինչ-որ հոգևորականի, նրա կոչումը կարևոր չէ, հոգևորական կազմակերպության ղեկավարը չի կարող օրենքներ թելադրել ՀՀ-ին: Կրոնական կազմակերպության ղեկավարը հայկական պետության դեմ է, լուծարում է հայկական պետությունը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Արշակյանի խոսքով՝ Եկեղեցու ներսում ինքնամաքրումը կարող է երկար տևել. «Պետությունը պետք է ապահովի հավատացյալների, կրոնական կազմակերպության կողմնակիցների իրավունքները: Պետությունը պետք է հիմք ընդունի հոգևորականների հայտարարությունը, Արդարադատության նախարարությունը պետք է հետ կանչի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի կրոնական կազմակերպության լիցենզիան և սկսի նոր վերագրանցում, այն հոգևորականների խումբը պետք է ստանա գործունեության իրավունք, ովքեր չեն խախտում ՀՀ օրենքները, չեն խախտում իրենց իսկ կանոնադրական հիմունքները, պետությունը պետք է միջամտի»։
Ազատ Արշակյանի դիտարկմամբ, եթե անհրաժեշտություն և հիմքեր կան, ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում արվի Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ. «Վարչապետը շատ ճիշտ օրինակ է բերել, Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում հեռանալ, կամ Ռոբերտ Քոչարյանն ուզո՞ւմ էր ունեզրկվել, բայց պետությունն ապահովում է քաղաքացիների անվտանգությունը: Պետությունը հանգիստ և օրինական ձևով կկազմակերպի Կտրիճ Ներսիսյանի պաշտոնանկությունը: Կտրիճ Ներսիսյանն իր կամքով հրաժարական չի տա, Սերժ Սարգսյանն էլ իր կամքով չհեռացավ, պաշտոնանկ արեցին»:
Արշակյանը նշեց, որ Կտրիճ Ներսիսյանն իր շուրջը հավաքել է գործող կլանի, ովքեր հայտարարություններ են անում. «Կույր և խուլ պետք է լինենք, որպեսզի չտեսնենք ու հասկանանք, որ դա գործող կլան է, այդտեղ հանցախումբ կա: Բացի մինչև ընտրությունները ժամանակ ձգելը, Կտրիճ Ներսիսյանը նաև հետքերն է մաքրում, ոչնչացում է խախտումների ապացույցները, կարծում եմ՝ նաև հրաշքի է սպասում, նրան թվում է, թե իրեն կարելի է: Հրաշք պետք է լինի, որպեսզի կեղծիքը չբացահայտվի, հրաշքն այդպիսի բաների համար չէ, չար գործերի համար չէ»:


