Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 1-ից Հայաստանի վճարային տերմինալների մեծ մասում կդադարեցվի հանրապետության 3 բջջային օպերատորներից 2-ի՝ «Viva Armenia»-ի և «Team Telecom»-ի հաշիվների վճարումը: Այս մասին հաղորդագրությունները տարածել են իրենք՝ օպերատորները։
«Viva»-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «EasyPay»-ի, «Telcell»-ի և «Idram»-ի հետ, ցավոք, չի հաջողվել պայմանավորվել փոխշահավետ համագործակցության մասին, ուստի վճարման հնարավորությունը կփակվի ինչպես տերմինալների, այնպես էլ այդ ընկերությունների էլեկտրոնային դրամապանակների միջոցով: Վճարումը հնարավոր կլինի կատարել օպերատորի բջջային հավելվածում, ինչպես նաև բանկերում, «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքներում և «MobiDram», «Upay» և «TeamPay» հավելվածների և տերմինալների միջոցով: Նշենք, որ վերջին երեք ծրագրերը պատկանում են հանրապետության երեք բջջային օպերատորներին՝ համապատասխանաբար «Viva»-ին, «Team Telecom»-ին և «Ucom»-ին:
Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև «Team Telecom»-ը (ընկերության հետ աշխատանքը դադարեցնող տերմինալների ցանկում նշված է նաև «Fast Shift»-ը)։
Հավելենք, որ տեսականորեն բջջային օպերատորները կարող են առանձնանալով խոշոր վճարային ընկերություններից՝ խթանել սեփական ծրագրերը, բայց գործնականում դա քիչ է հավանական, քանի որ նրանցից ոչ մեկը շուկայում որևէ նշանակալի մասնաբաժին չունի։ Այդ մասին կարելի է դատել բջջային օպերատորների՝ Երևանում տեսանելի տերմինալների քիչ քանակով, չխոսելով այն մասին, որ բանկային հավելվածների միջոցով կոմունալ ծառայությունների (այդ թվում՝ հեռահաղորդակցության ծառայությունների) դիմաց վճարման պրակտիկան աճում է (այդ շուկայի տարանջատման մասին մանրամասն վիճակագրություն, գոնե հանրային տիրույթում, չկա)։


