Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. համագործակցության հուշագիր՝ «Իմ քայլը»-ի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև Zarkerak - Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. համագործակցության հուշագիր՝ «Իմ քայլը»-ի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև
Zarkerak Zarkerak - Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. համագործակցության հուշագիր՝ «Իմ քայլը»-ի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև
Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. համագործակցության հուշագիր՝ «Իմ քայլը»-ի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև

Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. համագործակցության հուշագիր՝ «Իմ քայլը»-ի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կարևոր քայլ է անում միջազգային կրթական համագործակցության ուղղությամբ, հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Հավատարիմ մնալով «Կրթվելը նորաձև Է» շարժման շարունակական և որակյալ կրթության գաղափարին՝ հունվարի 26-ին Պեկինում Հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և Պեկինի Նորմալ համալսարանի նախագահ Յու Ցզիհոնգը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև։

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին միջազգային փոխանակման և համագործակցության գրասենյակի, փիլիսոփայության դպրոցի, ուսումնական աշխատանքների գրասենյակի և ընդունելության բաժնի, մագիստրոսական ծրագրերի բաժնի ղեկավար կազմը` Լի Հոնգը, Լյու Չունրոնգը, Տենգ Ցյունը, Լի Չժոնգշանը, Լի Փեյրանը, Ջյան Լիմեյը, ինչպես նաև հայ ուսանողներ Արևիկ Սարգսյանը և Սոնա Ադամյանը՝ Չինաստանում Կրթության ֆակուլտետի դոկտորանտներ: Հուշագիրը ստորագրվել է 5 տարվա համար՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։

Համագործակցությունը բազում ճյուղավորումներ ունի և լայնածավալ հնարավորություններ է տալու կրթվել և զարգանալ ցանկացող մարդկանց։ Դրա առաջին և ամենակարևոր քայլը լինելու է այն, որ «Իմ քայլը» հիմնադրամը, BNU-ի հետ համատեղ ֆինանասավորելու է տարեկան 10 բարձր առաջադիմությամբ հայ ուսանողի՝ Պեկինի Նորմալ համալսարան ընդունվելու և բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինչպես նաև ակադեմիական կարճաժամկետ ծրագրերում (մանրամասները` ստորև) ուսանելու համար՝ հոգալով ուսման, կացության և ճանապարհի ծախսերը։

1902 թվականին հիմնադրված և 1923 թվականին վերանվանված Պեկինի Նորմալ համալսարանը Չինաստանի առաջատար հետազոտական համալսարաններից է, որը լայնորեն ճանաչված է կրթության բարձր որակով, գիտական գործունեությամբ, մարդկային արժեքներով և միջազգային համագործակցությամբ։

«Կիսելով «Shared Education for Humanity» գաղափարախոսությունը՝ այս հուշագիրը համարում եմ բոլոր սովորողների համար կրթության երկարատև ու բովանդակալից ճանապարհի առաջին քայլը, որը կամրապնդի մարդկային միջանձնային և միջմշակութային կապերը, կնպաստի ակադեմիական փորձի փոխանակմանը՝ ապագա սերունդների համար ձևավորելով ավելի զարգացած, պատասխանատու ու գիտելիքահեն աշխարհ։ Ես հավատում եմ, որ իրական զարգացումը սկսվում է անձից՝ ինքնակատարելագործման և շարունակական կրթության միջոցով։ Այս համոզմունքը արտացոլված է նաև իմ նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման մեջ, որը սկսել եմ՝ նպատակ ունենալով շարունակական կրթությունը դարձնել վարակիչ և համընդհանուր սոցիալական արժեք ամբողջ Հայաստանում»,- նշել է տիկին Աննա Հակոբյանը։

Որո՞նք են ակադեմիական կարճաժամկետ ամառային ծրագրերը: Ի՞նչ ոլորտներ են ներառում:

Պեկինի Նորմալ համալսարանի ամառային դպրոցը ներառում է բազմազան և միջազգային ճանաչում ունեցող կրթական ծրագրեր, որոնք ուղղված են լեզվական, ակադեմիական, մշակութային և մասնագիտական զարգացմանը։ Ամառային ծրագրերի շրջանակում առաջարկվում են տարբեր մակարդակների ինտենսիվ չինարեն լեզվի դասընթացներ, որոնք իրականացվում են հունիսից օգոստոս ամիսներին համալսարանի Պեկինի կամպուսում, ինչպես նաև կարճաժամկետ լեզվական ծրագրեր՝ 4 և 7 շաբաթ տևողությամբ։

Առանձին կարևոր ուղղություն է Փիլիսոփայության ամառային դպրոցը, որը անցկացվում է հուլիսին՝ երկու շաբաթ տևողությամբ, անգլերեն լեզվով և նախատեսված է երիտասարդ միջազգային գիտնականների համար՝ կենտրոնանալով չինական փիլիսոփայության, ակադեմիական դասախոսությունների և մշակութային խորացման վրա։ Բացի այդ, ամառային դպրոցը ներառում է նաև գլոբալ քաղաքակրթությունների և փոխադարձ ուսուցման, կրթական դիզայնի և նորարարության, շրջակա միջավայրի հաշվառման և կառավարման, գլոբալ կլիմայական ռիսկերի, աշխարհագրության և կայուն զարգացման, ջրային գիտությունների, ինչպես նաև «Մետաքսի ճանապարհ» ուսանողական ամառային ճամբարի ծրագրեր։

Այս ծրագրերը իրականացվում են հիմնականում հունիս–օգոստոս ամիսներին և բաց են տարբեր ոլորտների ուսանողների, երիտասարդ հետազոտողների և մասնագետների համար՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության, գիտելիքի փոխանակման և միջազգային ակադեմիական համագործակցության հարթակ։ Ծրագերի մասնակցության հայտերի ընդունման, ծրագրերի մանրամասների, մասնագիտությունների առկայության և ողջ ընթացակարգի մասին տեղեկությունը շուտով կհրապարակվի հիմնադրամի պաշտոնական էջերում։

27 Հունվար, 2026 22:00
Վեր