Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հայտարարություն է արել՝ նշելով, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի:
Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև ապրիլի 8-ը, առավոտյան ժամը 4:00-ը, որից հետո, նրա խոսքով, Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:
«Ամեն ինչ կայրվի և կպայթեցվի և այլևս օգտագործման ենթակա չի լինի: Դա տեղի կունենա չորս ժամվա ընթացքում, եթե մենք ուզենք: Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա: Մենք պետք է ունենանք համաձայնագիր, որն ընդունելի է ինձ համար: Եվ այդ համաձայնագրով մենք ցանկանում ենք նավթի ազատ փոխադրում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը նաև դժգոհել է ՆԱՏՕ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից և Ավստրալիայից՝ Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չօգնելու համար:
Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի սպառնալիքներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը դրանք անվանել է կոշտ հռետորաբանություն, որի նպատակն է արդարացնել ԱՄՆ-ի ռազմական ձախողումները:
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Թրամփի հայտարարությունների, Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու սպառնալիքների առնչությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը նշել է՝ Անտոնիու Գուտերեշը հիշեցնում է, որ քաղաքացիական, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները չպետք է հարվածների ենթարկվեն. դա արգելվում է միջազգային մարդասիրական օրենքով:


