Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որն ընդգրկվել է փաստաթղթում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ»,- նշել է դիվանագետը:
Ջեյհուն Բայրամովը կարևորել է ուղիղ երկխոսության միջոցով Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը:
Կասիսն էլ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը: Նա կարծիք է հայտնել, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է խաղաղության գործընթացը, անվտանգության ու ականազերծման վերաբերյալ հարցեր: Փոխանակվել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման մտքեր: Ընդգծվել է էներգետիկ ոլորտի՝ որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների առանցքային հենասյուներից մեկի դերը:

