Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ։
«2026 թվականի մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ անշարժ գույքի շուրջ 90%-ի նկատմամբ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասի նկատմամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսերի նկատմամբ:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը:
Համաձայն վճռի՝ բացի վերոնշյալ արդեն Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերից՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձման են ենթակա՝
2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք,
1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս,
58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար,
934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության՝ 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք:
Հիշեցնենք, որ 2025 թվականին դատարան է հանձնվել 2008-2015 թվականների ընթացքում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական գործը: Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը, չարաշահելով իր լիազորությունները, Աբովյանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կամ այլ քաղաքացիների օժանդակությամբ ընդհանուր 65 դրվագով Աբովյան համայնքի զբոսայգիների, պուրակների և փողոցների տարածքներում գտնվող հողերն ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդների միջոցով տարբեր անձանց է օտարել (այդ թվում՝ 2 դեպքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր գործունեության հետևանքով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է)»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:


