ԵԱՏՄ ֆորումում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԱԲ պատասխանատու կիրառման վերաբերյալ Zarkerak - ԵԱՏՄ ֆորումում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԱԲ պատասխանատու կիրառման վերաբերյալ
Zarkerak Zarkerak - ԵԱՏՄ ֆորումում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԱԲ պատասխանատու կիրառման վերաբերյալ
ԵԱՏՄ ֆորումում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԱԲ պատասխանատու կիրառման վերաբերյալ

ԵԱՏՄ ֆորումում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ԱԲ պատասխանատու կիրառման վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական 5-րդ տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում արհեստական բանականության պատասխանատու կիրառման սկզբունքները» թեմայով պանելային ձևաչափով քննարկմանը։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

 

Քննարկումը նվիրված էր արհեստական բանականության (ԱԲ) դերին՝ որպես Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում թվային ինտեգրման, տնտեսական արդիականացման և նորարարական աճի խթանման կարևոր գործոնի։ Մասնակիցներն անդրադարձել են ԱԲ զարգացման առաջնահերթություններին, տվյալների կառավարման արդյունավետ մեխանիզմներին, ընդհանուր չափորոշիչների ձևավորմանը, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային լուծումների զարգացման անհրաժեշտությանը։

 

Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության պատասխանատու և մարդակենտրոն կիրառմանը, կիբեռանվտանգության ապահովմանը և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության զարգացմանը։

 

Իր ելույթում նախարարի առաջին տեղակալը նշել է, որ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է ոչ միայն առաջադեմ լուծումների ներդրում, այլև պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում։

 

«Թվային փոխակերպումը միայն նոր տեխնոլոգիաների ներդրում չէ, այլ նաև պատասխանատվություն՝ դրանց անվտանգ, արդյունավետ և վստահելի կիրառման ապահովման համար։ Արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի վստահության, թափանցիկության, մասնագիտական կարողությունների զարգացման, մարդու վրա կենտրոնացած մոտեցումների և միջազգային համագործակցության սկզբունքների վրա»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։

 

Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները կարող են էական դեր ունենալ արտադրական մրցունակության բարձրացման, պետական ծառայությունների արդյունավետության և նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում։

 

Գևորգ Մանթաշյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր տեխնոլոգիական և նորարարական ներուժը՝ կարևորելով կրթության, մասնագիտական պատրաստվածության և միջազգային գործընկերությունների դերը տարածաշրջանում վստահելի և մրցունակ ԱԲ էկոհամակարգ ձևավորելու գործում։

 

Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման փոխնախարար Դմիտրի Անդրեևիչ Մունը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կիրիլ Բորիսովիչ Զալեսկին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչներ՝ քննարկելով տարածաշրջանում թվային համագործակցության զարգացման, արհեստական բանականության կիրառման և տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարները։

29 Մայիս, 2026 10:05
Վեր