Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականին Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է շուրջ 20 պայմանագիր։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը»։
Նախագծի շնորհիվ 91․5 հա տարածքով տնտեսություններ են հիմնվում, որից 34,5 հա-ը արդեն հիմնված է և արտադրանք է տալիս։ Նախագծի մշակումը և ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար «Ռոսսելխոզնադզորի» կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մոնիտորինգի արդյունքների համաձայն ՀՀ տնտեսությունը ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս։ Փաշինյանի խոսքերով շահառուներին առաջարկվում է չմտահոգվել վարկերի մարման գրաֆիկների հետ կապված խնդիրներով։
«Կառավարությունը գործնականում առաջարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում չմտահոգվել դրա մասին։ Գնացեք հանգիստ նոր շուկաներին հարմարվեք և սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով»․-նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքերով կառավարությունը շարունակում է հետևել, թե որտեղ ինչ հասցեական աջակցություն կարող է տրամադրել բոլոր այն դեպքերում, երբ նկատելի կդառնա, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտների։
«Ինչ նկատի ունեմ՝ օբյեկտիվ խոչընդոտ ասելով, երբ որ ապրանքը համապատասխանում է ստանդարտին և այդ պայմաններում ունի որոշակի խնդիրներ։ Էն ապրանքները, որոնք չեն համապատասխանում ստանդարտին մենք էդտեղ աջակցելու բան չենք տեսնում»,-նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքերով արդեն 8 տարի է այս խնդիրը բարձրացնում է կառավարությունը բոլոր շահառուների առաջ։ Նրա խոսքերով յուրաքանաչյուր անգամ մոտ լինելով խնդրի շուրջ վերջնական որոշումներ կայացնելուն, կառավարությունը ընդառաջել է շահառուների խնդրանքին և արդյունքում 8 տարի է ինչ որոշ շահառուներ բարելավում չեն իրականացրել սեփական արտադրանքը սահմանված ստանդարտներին համապատասխանեցնելու համար։
Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը կաջակցի բոլոր նրանց ովքեր ցանկություն ունեն բարելավել իրենց արտադրանքի որակը։
«Սակայն ինքնիշխանության հաշվին անորակ արտադրանք արտահանելը անտրամբանական է»,-եզրափակել է Փաշինյանը։


