Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է մարզչական շտաբի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ազգային հավաքականների ընթացիկ աշխատանքները, առաջիկա միջազգային մրցաշարերի նախապատրաստական փուլերը և մարզաձևի զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական նախաձեռնություններ։ Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Նիստի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նախագահին ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Այնուհետև ազգային հավաքականների գլխավոր և ավագ մարզիչները զեկուցել են մեծահասակների Եվրոպայի առաջնության, երիտասարդների աշխարհի առաջնության և մյուս հավաքականների նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
Առանձին անդրադարձ է կատարվել պատանիների աշխարհի առաջնությանը, որին Հայաստանի պատանեկան հավաքականը կմեկնի հուլիսի 4-ին։ Քննարկվել են նաև պատանի և դեռահաս աղջիկների ու տղաների հավաքականներում մարզիկների ներգրավվածության աճը և մարզչական աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։
Մարզչական շտաբը սկզբունքային որոշում է կայացրել մշակել ծանրամարտի մարզիչների վերապատրաստման և որակավորման միասնական համակարգ, որի նպատակն է ապահովել անձնական մարզիչների մասնագիտական շարունակական զարգացումը և որակավորման միասնական չափանիշների ներդրումը։ Նախագծված համակարգը նախատեսվում է ներկայացնել հաստատման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի Ծանրամարտի ամբիոն։
Քննարկվել են նաև մարզաձևի զարգացման հաջորդ փուլին վերաբերող ծրագրերը։ Որոշվել է 2026 թվականի օգոստոսի 1-ից ներդնել նոր չափորոշիչներ «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման համար։
Միաժամանակ որոշում է ընդունվել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը՝ այն համապատասխանեցնելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված նոր կանոնակարգին, որով 2026 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնելու տղամարդկանց և կանանց 8-ական նոր քաշային կարգերը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ ուղղված ազգային հավաքականների մրցունակության բարձրացմանը, մարզչական ներուժի զարգացմանը և հայկական ծանրամարտի կայուն առաջընթացին։


