Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների և Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունների իրականացման անհրաժեշտության մասին Zarkerak.am-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ:
-Պարոն Քեռյան, ինչպես կբնութագրեք այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում։ Շատերի գնահատմամբ՝ սա գունավոր հեղափոխության փորձ է, այդպե՞ս է։
-Վերջնական շատ դժվար է ասել, թե արդյո՞ք այդտեղ գունավոր հեղափոխության տեխնոլոգիաներն են, թե ոչ։ Իհարկե, շատ մոտ է, որովհետև փաստացի գործընթացները տեղի են ունենում հետխորհրդային ամենամեծ պետություններից մեկում, Ռուսաստանից հետո՝ տարածքային առումով Ղազախստանն ամենամեծ պետությունն է և բավականին ծանրակշիռ դերակատարում ունի ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ հետխորհրդային տարածաշրջանում, որն ունի խիստ ավտորիտար քաղաքական համակարգ։ Ըստ էության, ժողովրդավարացման պրոցեսները Ղազախստանում ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում խորությամբ չեն ընթացել և միակուսակցական համակարգը փաստացի պահպանվում է։ Նազարբաևի և նրա շրջապատի քաղաքական իշխանությունն ապահովված է ուժային կառույցներով։ Կարող ենք ասել, որ Ղազախստանն իր օրինակով կրկնում է Ադրբեջանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, կարճ ասած՝ այն տիպի երկրների իշխանությունը, որտեղ արևմտյան տիպի իշխանություն չի հաստատվել, ի տարբերություն Մերձբալթյան երկրների։ Բնականաբար, այստեղ տեղի ունեցող հակաիշխանական գործընթացները մտնում են այն տրամաբանության մեջ, որը քաղտեխնոլոգներն անվանում են գունավոր հեղափոխություն։
Գունավոր հեղափոխությունների ճարտարապետների նպատակը եղել է նպաստել հետխորհրդային երկրների արևմտականացմանը։ Եթե այս մոտեցմամբ նայենք՝ կարող ենք դա համարել գունավոր հեղափոխություն։ Մեկ այլ պատճառ էլ կա այն գունավոր հեղափոխություն համարելու, այն է՝ գունավոր հեղափոխություններից առաջ՝ արևմտյան ծառայությունները բավականին երկար ժամանակ այդ երկրներում աշխատանք են տանում, ստեղծում են ՀԿ-ների ցանց, նախապատրաստում են օպոզիցիոն գործիչներին, նրանց ապաստան են տալիս արևմուտքում, օգնում են, որ նրանք ունենան հզոր լրատվամիջոցներ։ Այս բոլոր հատկանիշները ևս ես տեսնում եմ՝ նայելով ղազախ լիդերներին, որոնք այսօր արևմտյան մայրաքաղաքներում, հատկապես Լոնդոնում սպասում են իրենց վերադարձի օրվան։
Այստեղ մի բայց կա․ Գունավոր հեղափոխությունների շղթայում միշտ նկատվում է հակառուսականության գիծը, որը դասական իմաստով հստակ երևաց «Վարդերի հեղափոխության» ժամանակ՝ Վրաստանում և «Նարնջագույն հեղափոխության», ինչպես նաև երկրորդ Մայդանի ժամանակ՝ Ուկրաինայում։ Այս տեսանկյունից եթե նայենք՝ պարզ երևում է, որ գունավոր հեղափոխության կազմակերպիչների նպատակը ոչ միայն ժողովրդավարացումն է, այլ նաև ռուսական ազդեցության կրճատումը։ Բնականաբար, այս երևույթը շատ հստակ երևում էր Վրաստանում և Ուկրաինայում, բայց, օրինակ, Հայաստանում 2018 թ-ին տեղի ունեցած գործընթացների ժամանակ մեր լիդերները հայտարարեցին, որ սա գունավոր հեղափոխություն չէ, քանի ու հակառուսական բնույթ չունի։ Ես ղազախական օպոզիցիայի լիդերների մոտ հակառուսական կոչեր չեմ տեսնում, բայց դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ղազախստանի տարածքում բնակչության կեսը ռուսներ են, նախկինում նրանք բնակչության 50 տոկոսն էին կազմում, հետագայում նրանք դուրս մղվեցին, այդուհանդերձ, այնտեղ մոտ 30 տոկոս ռուսալեզու բնակչություն կա։ Միգուցե, հակառուսական մոտիվները ղազախների մոտ բացակայում են, քանի որ նրանք վախենում են պառակտումից կամ ռուսաբնակ տարածքների ընդվզումից՝ դրա համար էլ հստակ հակառուսական կոչերով հանդես չեն գալիս։
Այն, որ այստեղ հակառուսական ծառայությունները երկար ժամանակ է աշխատում են՝ աչքի է զարնում նրանով, որ հակաիշխանական ակցիաների կազմակերպման ժամանակ շատ հստակ պատրաստված մարդիկ կան, անգամ կուտակված զենքեր, պայթուցիկ նյութեր են արագ բաժանվում բնակչությանը, նրանք շատ դաժան են վերաբերվում ոստիկանության հետ։ Եթե հիշում եք՝ Մայդանի ժամանակ զինվորների վրա բենզին էին լցնում և այրում էին, հիմա էլ Ղազախստանում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնում ոստիկանության և ուժային ծառայությունների հետ։
Ղազախական իրադարձությունները մեկ այլ առանձնահատկություն էլ ունեն, ղազախները մահմեդականներ են ու այս քաոսային իրավիճակը շատ պարարտ հող կարող է ստեղծել Աղֆանստանից ու Պակիստանից իսլամական ծայրահեղականների ներթափանցման համար։ Բացառված չէ, որ եթե այս իշխանությունները չկարողանան այս քաոսը ցրել՝ իսլամական արմատականները գլուխ կբարձրացնեն։ Եթե նման տենդենց նկատվի՝ Ռուսաստանը ոչ մի բանի առաջ չի կանգնի, որովհետև իսլամական արմատականությունը կարող է Ղազախստանից ներթափանցել դեպի Հյուսիսային Կովկաս, Ուրալ նաև հեռավոր արևելք, որն արդեն լուրջ վտանգ է ռուսական պետության ամբողջականության համար։ Այնպես որ՝ Ղազախստանում իրադարձությունները շատ բազմաշերտ են ու այստեղ ոչ միայն գունավոր հեղափոխություն կարելի է տեսնել, այլև քաղաքական գործընթացներ, որոնց նպատակն է խաթարել ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տարածաշրջանում, կրճատել ռուսական ազդեցության գոտին, նպաստել իսլամական ազդեցության տարածմանը։
Մենք մոռանում ենք, որ ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը հենվում են 3 սյուների վրա, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան։ Անցած տարի արևմուտքը փորձում էր այդ կառույցների սյուներից մեկը փախցնել և փլուզել այդ կառույցները, խոսքը Բելառուսի մասին է։ Մոտ մեկ տարվա չարչարանքից հետո, իհարկե, չստացվեց, հիմա մյուս սյունը, եթե հաջոզվի փախցնել, ապա այս կառույցները կարող են հայտնվել փլուզման վտանգի առջև, այնպես որ այստեղ կա նաև եվրասիական ինտեգարցիոն գործընթացների տապալման միտում։
-Պարոն Քեռյան, անդրադառնանք ՀԱՊԿ-ի առաքելությանը։ Մենք տեսանք, որ Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, այդ դիմումին բավական արագ հաջորդեց Նիկոլ Փաշինյանի արձագանքը, որն այժմ լայնորեն քննադատվում է հայկական սոցիալական ցանցերում։ Կարո՞ղ էր ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած երկրի առաջնորդը անարձագանք թողնել Ղազախստանի նախագահի դիմումը, կամ որևէ այլ կերպ արձագանքել։
-Նրանք, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է արձագանքեր, ովքեր ասում են, որ պետք չէ, որ հայ զինվորները մեկնեին Ղազախստան, որովհետև Ղազախստանը ադրբեջանամետ է եղել, շնորհավորել է Ալիևին, որ Ղազախստանը երբեք չի պաշտպանել մեզ հակամարտության ամբողջ 26-27 տարիների ընթացքում՝ քաղաքականությունից շատ հեռու մարդիկ են, նրանք քաղաքագետներ չեն և սիրողական բնույթի, մակերեսային պատկերացում ունեն պետական քաղաքականությունից և ժամանակակից միջազգային գործընթացներից։ Ինչպե՞ս կարող էր Հայաստանը, որ ՀԱՊԿ նախագահությունը վերցրել է իր ձեռքը և հավատարմություն է հայտնել մնալու ՀԱՊԿ կազմում՝ ելնելով նրանից, որ այդտեղ իր թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը, որն այսօր ապահովում է թե Հայաստանի, թե Արցախի անվտանգությունը՝ չարձագանքեր ու թիկունքով շրջվեր դեպի Ռուսաստանը։ Սա կնշանակեր պարզապես մանկական կապրիզ, որը կարող էր մեր գլխին նոր փորձանքներ բերել։ Մենք ՀԱՊԿ-ի կազում ենք ոչ թե նրա համար, որ մենք շատ ենք սիրում տաջիկներին, բելառուսներին կամ ղազախներին, ոչ, մենք նրանց հետ շատ քիչ ընդհանուր բաներ ունենք, ՀԱՊԿ-ում ենք՝ այն բանի համար, որ սա ռուսակենտրոն կառույց է և այդտեղ հարցերի ու գործընթացների իրականացնողն ու հիմնական ռեսուրս ներդնողը 99-ը տոկոսով Ռուսաստանն է։
Մենք ՀԱՊԿ-ում ենք, քանի որ սա բխում է մեր անվտանգային և էներգետիկ շահերից։ Տեսեք օրինակ, գազի գինը Եվրոպայում անցնում է 1000 դոլարից, իսկ Հայաստանը ռուսական գազը ստանում է 200 դոլարից քիչ ավելի գումարով, այս պահին հստակ գին չեմ կարող հիշել, և սա հաստատված գին է, որից կախված է մեր ամբողջ տնտեսությունը։ Հիմա եթե այդ «ազգասերները» կոչ են անում ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին ուղարկել այնտեղ, որտեղից եկել են՝ նրանք հաշվի՞ են առնել, թե այդ դեպքում ո՞վ է պահելու հայ -թուրքական սահմանը, ո՞վ է, պահելու Արցախը, ինչի՞ վրա է հենվելու Հայաստանի տնտեսությունը, որի միակ էներգետիկ երակը գազն է, այդ մարդիկ իրենց հաշիվ տվե՞լ են, թե տանը՝ բազմոցին նստած ճառեր են ասում ու կարող են իրեց հաշիվ չտալ իրենց ասածների համար։ Բարոյականությունը մի բան է, իրական քաղաքականությունը և պրագմատիզը՝ բոլորովին այլ բան։ Այն ազգերն են պատմություն կերտում և գոյատևում, որոնք պրագմատիկ են, ոչ թե նրանք, որ սուր գաղափարներով կամ կեղծ հայրենասիրությամբ են առաջնորդվում։
-Տեսեք, օրինակ, Չինաստանն հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում՝ այդ երկրի ներքին գործն է և ձեռնպահ մնաց որևէ միջամտությունից։ Կարո՞ղ էին ՀԱՊԿ անդամ երկրները նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես գալ և նույնպես զերծ մնալ որևէ միջամտությունից։
-Բանն այն է, որ Ղազախստանի նախագահն իր ելույթում նշում էր, որ սա արտաքին հարձակում է, նա նշում էր, որ նախապատրաստված են խմբեր, որոնք մարզված են, տնտեսապես շահագրգռված են, այսինքն ունեն հզոր արտաքին ֆինանսական սնուցում և սա արտաքին հարձակում է Ղազախստանի վրա։ Ի վերջո, հարձակումը միշտ չէ, որ պատերազմ հայտարարելով ու զորքերի՝ երկիր ներխուժմամբ է լինում։ Նման հարձակումներ շատ հազվադեպ կարելի է գտնել նորագույն պատմության մեջ։ Հիմա երկրներն աշխատում են հիբրիդային պատերազմների սցենարով, որն իր մեջ ներառում է տեղեկատվական, ներքին վարչակազմի փոփոխման ճանապարհ։ Դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կար «անուղղակի ագրեսիա» արտահայտությունը, որը կիրառում էր Գերմանիան՝ տարբեր երկրներում ֆաշիստական վարչակարգ հաստատելու միջոցով։ Այդ վարչակարգերի հաստատումից հետո տվյալ երկրի կառավարության հետ Գերմանիան պայմանագիր է կնքում ու զորքերը մտցնում էր միջազգային օրենքներին համապատասխան։ Հիմա այս կարգի հիբրիդային պատերազմները շատ տարածված են։ Եթե Ղազախստանի իշխանությունը գտնում է, որ իր վրա առկա է անուղղակի ագրեսիա, որ սա հարձակում է Ղազասխտանի վրա և եթե ՀԱՊԿ անդամ պետություններն ասեն՝ գնացեք ձեր երկրի ներսում ինչ ուզում եք՝ արեք, սա կնշանակեր ՀԱՊԿ-ի քանդում։
Նման իրավիճակում ՆԱՏՕ-ի անդամ երկրները կգնան ու կմիջամտեն, ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ անգամ կետ կա, որ եթե տվյալ երկրի իշխանությունը գտնում է, որ ենթարկվել է հարձակման, պետք է մյուս երկրներն օգնության գան, հենց սա է հավաքական անվտանգության կառույցների տրամաբանությունը։ Եթե տվյալ երկրի կառավարությունը գտնում է, որ կառույցի անդամ երկրների կարիքն ունի, ապա այդ երկրները չեն կարող ասել՝ գնա քո գործերը կարգավորի, այդ դեպքում հավաքական անվտանգության տրամաբանությունը զրոյացվում է։