Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նախորդ տարիներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ են կատարվել: 2025 թվականին 93 միլիարդ դրամի օտարերկրյա ներդրում է եղել, արհեստական բանականության գործարանի կառուցման համար 500 միլիոն դոլարի ներդրում է արվել, առաջիկայում հայտարարվել է 4 միլիարդ դոլարի ներդրման մասին: Սա արվում է ժամանակակից ու տեխնոլոգիական ամենակարևոր ճյուղերից մեկում»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:
Մանավազյանի խոսքով՝ նախկինում այս ներդրումները բացառված կլինեին, դրա փոխարեն ավելի շուտ խաղատներ ու հյուրանոցներ կկառուցեին. «2018 թվականի համեմատ ՀՀ-ում 300 հազարից ավելի նոր աշխատատեղ է ստեղծվել: 2017 թվականի միջին ամսական աշխատավարձը 117 հազար դրամ է եղել, 2025 թվականին՝ 303 հազար դրամ է: 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 158 միլիոն, 2025-ի հարկային եկամուտները հասել են շուրջ 2.5 տրիլիոն դրամի: 2017 թվականի իրականացվել է 430 միլիարդ դրամի շինարարություն, 2025-ին եղել է 811 միլիարդ դրամի: 2017 թվականին աղքատ էր բնակչության 25.7 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 1.4, այսօր ծայրահեղ աղքատությունը հասել է պատմական ամենացածր մակարդակի՝ 0.6 տոկոսի: Այսօր քաղաքացին գիտի, որ ինքն աշխատում է օրենքի դաշտում և օրենքն ու պետությունը կանգնած են իր կողքին: Գիտի, որ պետությանը տրված հարկերը չեն գնում մի քանի հոգու դղյակներ կառուցվելու վրա, դրանք ուղղվում են պատմական ծավալների հասնող կապիտալ ծախսերի, կառուցվում, հիմնանորոգվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ԲԿ-ներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ»:


