Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս տարի անբավարար ստացած դիմորդների թիվը մեծացել է, մեկ-երկու տարվա միտումով չենք կարող եզրահանգում անել, բայց ոլորտում ռիսկերը մեծ են»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նշենք, որ մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական, նախորդ տարի այդ թիվը 2500 էր:
Խաչատրյանի խոսքով՝ երեխաների սովորելու մոտիվացիան նվազել է. «Սովորելն ամենադժվար գործն է: Քիչ են կարդում, ինչը բերում է որոշակի անգրագիտության մակարդակի աճի, ավագ դպրոցների հաճախելիության խնդիր ունենք, վերջերս մի հայտնի միջազգային հետազոտություն կար, որն ասում էր, որ այն երեխաները, որոնք վաղ տարիքից սոցիալական ցանցերից օգվում են, ավագ դպրոցում իրենց առաջադիմությունը կտրուկ նվազում է, հիմա ունենք բացասական միտումներ, տեսնում ենք, որ երեխաներն ավելի շատ հեռախոսների մեջ են, օնլայն հարթակներում: Արհեստական բանականությունն էլ կապ ունի այս իրավիճակի հետ: ՀՀ-ում միշտ էլ տարածված է եղել արտագրությունը, ուրիշից օգտվելը, կեղծելը, հիմա երբ արդեն ԱԲ-ն կա՝ այդ ամենն ավելի հեշտացել է: Ձևավորվելու համար ինքնուրույն պետք է ինչ-որ բաներ անել»:
Խաչատրյանը նկատեց, որ ներկայումս շատ դժվար է ինչ-որ բան վերահսկելը և միակ բանը, որ կարելի է անել՝ օրինակ ցույց տալն է. «Մենք հաճախ խոսում ենք, որ երեխաները հեռախոսների մեջ են, բայց եկեք նայենք մեծահասակներին, եթե մեծերը կամ պաշտոնյաներն են անընդհատ հեռախոսով զբաղվում, պարզ է, որ երեխաներն էլ տեսնում են ու սկսում կրկնօրինակել: Դպրոցներում գրել ենք՝ «Սովորի՛ր, որ լավ ապրես», բայց նույն սկզբունքը չենք կիրառում»:
2026-ին բուհեր է ընդունվել 10 958 դիմորդ՝ 12-ով պակաս, քան մեկ տարի առաջ, միաժամանակ միասնական քննությունների համար ներկայացված դիմում-հայտերի թիվը հասել է 28 929-ի՝ վերջին 11 տարվա ամենաբարձր ցուցանիշին։
Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ բուհեր դիմողների թվի ավելացումը կապված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ. «ՀՀ-ում հիմա ապրում են նաև արցախցի դպրոցականներ, որոնք նույնպես դիմորդ են դառնում և պարզ է, որ այդ թիվը կարող է մեծանալ: Սակայն նաև տեսնում եմ որոշ երիտասարդների, որոնք դպրոցն ավարտում են ու ասում են՝ 1 տարի չեմ դիմելու, լավ կպարապեմ, կկողմնորոշվեմ ինչ եմ ուզում, հետո նոր կդիմեմ: Այս տարի Մանկավարժական համալսարանում Բնագիտության ֆակուլտետներում բարձր կրթաթոշակ են սահմանել՝ 70-77 հազար, կային բավական դիմորդներ, բայց երբ առաջին փուլից հետո նայեցի, որոշ դեպքերում դիմորդների 80-90 տոկոսը կտրվել էր: Այսօր ունենք նաև երեխաներ, որոնք դիմում են, բայց հավանաբար չունեն ֆինանս, որ պարապեն կամ չունեն բազա, որովհետև երբեմն նաև պարապում են, բայց այնքան թույլ է բազան, որ պարապելն էլ շատ չի օգնում: Բուհերի հետ կապված հարցերում ֆինանսական գործոնը շատ մեծ դեր է խաղում: Եթե 10 տարի առաջ մեկ ընտանիքը 1 երեխայի դպրոցական ծախսերի վրա հատկացրել է ամսական 6000-ից քիչ գումար, հիմա այդ ցուցանիշը հասել է 22 հազարի, այսինքն՝ գրեթե 4 անգամ մեծացել է, այդ 22 հազարից 12 հազարը մասնավոր դասերն են, բայց գիտենք, որ ոչ բոլոր ընտանիքներն ունեն այդ հնարավորությունը»:
Առաջատար բուհերը շարունակում են մնալ ԵՊՆ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանը: Մասնագիտություններից առաջատար են՝ ստոմատոլոգիան, իրավագիտությունը, բժշկագիտությունը, տնտեսագիտությունը, ավելանում են նաև նորերը: Կան ֆակուլտետներ, որտեղ մեկ դիմորդ է ընդունվել, օրինակ՝ ՀՊՄՀ-ի Մշակութաբանությունը, Պոլիտեխնիակական համալսարանի Ջերմաէներգետիկա, մետալուրգիա և այլ ֆակուլտետներ:
Ըստ կրթության փորձագետի՝ երեխաներն ընտրում են այն մասնագիտությունները, որտեղ փող կա. «Դրանք են՝ իրավագիտությունը, բժշկագիտությունը, ինֆորմատիկան, վերջին տարիներին նաև բավական շատացել է ճարտարապետությունը, դա էլ պատահական չէ, որովհետև ՀՀ-ում շինարարություն է ընթանում և ճարտարապետների պահանջարկ կա: Այն ոլորտներում, որտեղ աշխատավարձերը ցածր են՝ կրթություն, գյուղատնտեսություն, ինժեներական մասնագիտություններ, պարզ է, որ դիմորդներ շատ քիչ են: Երեխաները նաև ծնողները նայում են աշխատաշուկային, օրինակ՝ տեսնում են, թե իրենց բարեկամ բժիշկը կամ իրավաբանն ինչքան է վաստակում և ուզում են, որ իրենց երեխան էլ գնա այդ ճանապարհով»:
Սերոբյանը նաև նշեց, որ հայտնի մասնագիտություններում մրցակցությունը մեծ է եղել, իսկ դիմորդները բարձր միավորներով դուրս են մնացել:


