Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հարգելի գործընկերներ, դուք Բարբարա Սթրեյզանդի էֆեկտը տարել և կիրառում եք այդ մարդու ավազանի անունի վրա, ես չեմ հասկանում՝ դուք լավություն եք անում այդ մարդուն, թե՝ վատություն: Ես հիմա այդ անուն-ազգանունը չեմ ասի, որովհետև ուրիշ ուղղությամբ մոտեցա հարցին, չեմ ուզում ելույթս ընդհատվի տարատեսակ չարաճճիություններով»,-ԱԺ-ում դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը:
Անդրադառնալով նոր Սահմանադրության հետ կապված քննարկումներին՝ Կոնջորյանը նշեց. «2020 թվականին վարչապետն իր ուղերձում ասել է, որ նոր Սահմանադրությունը քաղաքացիների կամքի վրա հենված պետք է լինի, ոչ թե Ալիևի կամքի, ինչպես դուք փորձում եք ներկայացնել: Ալիևի վերաբերյալ անընդհատ այս մանտրան, որ կրկնում եք, անկախ ինձնից հիշում եմ դեռևս ոչ վաղ անցյալում իմ և պարոն Վարդևանյանի մեկ այլ երկխոսություն այս դահլիճում, պարզապես նա այն ժամանակ «Հայաստան» դաշինքից էր, էլի Ալիևի թեման էր, պարոն Վարդևանյանն ասաց՝ Ալիևը Քոչարյանին իր երազներում է տեսնում վախենալով, ես էլ ասացի՝ իսկ ով է Ալիևի երազները ձեզ պատմել ու պարոն Վարդևանյանը մինչև հիմա դա չի ասել: Կարող է պարզվի այդ 300 հազար ադրբեջանցիների թեզերն էլ է ձեզ ինչ-որ մեկը պատմել երազներում, իրականության մեջ և այլն»:
Խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունների մասին՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Մենք ասում ենք, որ հայրենիքը պետությունն է, ասում ենք, որ ունենք մի հայրենիք, և դա ՀՀ-ն է և դրանից բխեցնում ենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը պիտի ունենա սահմանազատված սահման, որն իրական է՝ 29 հազար 743 քկմ: Հիմա նայենք՝ ձեր գաղափարախոսության առանցքը որն է, բոլորդ ձեր կրծքանշանին պատկերել եք Արարատ լեռը, դուք ձեր կրծքին դրել եք Արարատ լեռը, որը ՀՀ տարածքում չի, բայց դուք մերժում եք այս քարտեզը, որը ՀՀ-ն է: Խնդիրն այն է, որ ձեր սրտի մեջ ուրիշ Հայաստան է, ձեր մտքերի մեջ էլ է ուրիշ Հայաստան: Ձեզ պատմական Հայաստանի քաղաքացին չի գործուղել այստեղ, ձեր գործընկերները պատմական Հայաստանի քաղաքացիների հարկերից չի, որ աշխատավարձ են ստանում: Դա հեշտ է ձեզ համար, որովհետև պատմական Հայաստանի քաղաքացիներին չի պետք լինելու հաշվետու լինել, որովհետև պատմական Հայաստանի քաղաքացիներից չեն հոսանք գողացել, նրանք չեն ձեր առջև հարցեր դնելու, դրա համար դուք ՀՀ քաղաքացիներին վաճառում եք պատմական Հայաստանի երազանքը: Պարոն Կարապետյան, խնդրում եմ այսօր տաքսի կանչեք, ասեք՝ քշիր Արարատ լեռ, Էրզրում: Ես կարող եմ տաքսի կանչել այս տարածքում ներառված ցանկացած կետ ասել՝ գնա, դուք չեք կարող ասել, որովհետև ձեր սորթն ուրիշ սորթ է, ձեր սորթը հին է: Պրոբլեմն այն է, որ դուք ձեր iPhone 17-ով եկել եք, բայց iPhone 4-ի սոֆթով ուզում եք «բուքսավատ» անել ու մեր ժողովրդին էլ մտցնում եք դրա մեջ»:


