Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ հայտնաբերված նորածնին հիմա հնարավոր չէ որդեգրել»,-այս մասին Zarkerak.am-ին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը:
Կոստանյանը նշեց, որ կա ընթացակարգ և եռամսյա ժամկետ, մինչ այդ իրենք իրավազորություն չունեն որևէ նման հարց քննարկել. «Չի կարող հիմա լինել որոշում, թե երեխան ուր է տեղափոխվելու, որովհետև դրա համար կա ընթացակարգ, որը սահմանված է «Ընտանեկան օրենսգրքի» համաձայն, ըստ որի Ոստիկանությունը եռամսյա ժամկետում միջոցառումներ պետք է ձեռնարկի երեխայի ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ, որից հետո արդեն երեխան կճանաչվի առանց ծնողական խնամքի մնացած ու կտեղավորվի մեր հաստատություններից մեկում և արդեն ամեն ինչ կընթանա՝ ըստ ընթացակարգի»:
Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին ու շտապօգնության ծառայությանը։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշենք, որ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտի նորածնային ծառայության գծով ղեկավար Արշակ Ջերջերյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ երեխան եղել էր սառած, ծնվել՝ հայտաբերումից մի քանի ժամ առաջ, իրենց մոտ էր տեղափոխվել՝ պորտալարը չկտրված: Առողջապահության նախարարությունից էլ հայտնել էին, որ նրա վիճակը բավարար է, կյանքին սպառնացող վտանգ չկա:


