Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է չայրել խոզանները՝ ընդգծելով, որ նման գործելակերպը կարող է լուրջ վնաս հասցնել հողին, շրջակա միջավայրին և կենսաբազմազանությանը։
Խոզանների այրման հետևանքով ոչնչանում են հողի մակերևույթում գտնվող օգտակար միկրոօրգանիզմները, որոնք կարևոր դեր ունեն հողի բերրիության և բնական կառուցվածքի պահպանման գործում։
Այրման ընթացքում մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ ածխաթթու գազ և այլ վնասակար նյութեր՝ նպաստելով օդի աղտոտմանը և կլիմայական փոփոխություններին։
Խոզանների մեջ բնակվում են բազմաթիվ օգտակար միջատներ և փոքր կենդանիներ։ Դրանց այրումը ոչնչացնում է կենդանի օրգանիզմներին և նրանց ապաստարանները՝ խաթարելով կենսաբազմազանությունը։
Բացի այդ, չվերահսկվող այրումը կարող է վերածվել դաշտային և անտառային հրդեհների՝ վտանգելով մարդկանց կյանքը, առողջությունը և գյուղատնտեսական մշակաբույսերը։
ՇՄՆ-ն կոչ է անում հրաժարվել խոզանների այրումից և պահպանել շրջակա միջավայրն ու հողային ռեսուրսները։

