Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ իշխանությունների՝ ներգաղթային վիզաների տրամադրումը անորոշ ժամկետով դադարեցնելու որոշումը, որն ուժի մեջ էր մտել հունվարի 21-ին, Նյու Յորքի շրջանային դատարանը չեղարկել է ուղիղ 7 ամիս անց։
Դատավոր Ջանեթ Վարգասի որոշման համաձայն՝ այդ քաղաքականությունը հակասում է օրենքին և ընդունվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրենքով սահմանված լիազորությունների գերազանցմամբ։
AFP-ի փոխանցմամբ՝ Վարգասը նաև չեղարկել է ԱՄՆ վիզաների տրամադրման բոլոր մերժումները, որոնք հիմնված էին բացառապես այդ որոշման վրա։ ԱՄՆ կառավարությունը կարող է բողոքարկել դատարանի որոշումը։
Հունվարի 21-ից ներգաղթային վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցված երկրների թվում էին Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Ուզբեկստանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը այդ երկրները դասել էր «բարձր ռիսկային» երկրների շարքին՝ որոշումը հիմնավորելով այն մտավախությամբ, որ ներգաղթյալները կարող են օգտվել սոցիալական նպաստներից կամ «բեռ դառնալ հասարակության համար»։

