Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026-2027 ուսումնական տարին հռչակվել է Ընթերցանության տարի. ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն ընթերցանությունն արժևորող և խթանող միջոցառումներ՝ «Ողջ տարին գրքի հետ» խորագրով: Տարվա մեկնարկը տրվել է Գրքի միջազգային իններորդ փառատոնի շրջանակում՝ «Ինչպես խթանել ընթերցանությունը» խորագրով պանելային քննարկմամբ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Ինչո՞ւ են երեխաներն այսօր քիչ կարդում
Ի՞նչպես ընթերցանությունը դարձնել ոչ թե «պարտադիր առաջադրանք», այլ սեփական ցանկությամբ ընտրված հաճելի զբաղմունք: Ինչպե՞ս կարող է դպրոցի ֆիզիկական և կազմակերպչական միջավայրը նպաստել ընթերցանությանը, արդյոք ժամանակակից գրականությունը կամո՞ւրջ է դեպի ընթերցանություն այսօրվա դպրոցականի համար, ի՞նչն է պատանի ընթերցողին ամենից շատ գրավում գրքերի մեջ, և, ընդհակառակը, ի՞նչն է ստիպում անմիջապես փակել գիրքը։ Այս և այսօրինակ այլ հարցերի շուրջ է ծավալվել քննարկումը, որը համախմբել էր ոլորտի մասնագետներին:
Պանելային քննարկման մեկնարկից առաջ ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը. «Շատ ուրախ եմ, որ այս ձևաչափով հնարավորություն ունեմ դեմ առ դեմ հանդիպելու կրթական համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Ինչպես գիտեք, դպրոցներում հայտարարվել է Ընթերցանության տարի, և շատ ուրախ եմ, որ Գրքի փառատոնի գործընթացներում ներգրավվում է նաև կրթական համայնքը: Վստահ եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք նաև շատ ավելի առարկայական խոսակցություններ և քննարկումներ ունենալ»:
Պանելային քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Խոսնակներն էին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրեն Ժաննա Հարությունյանը, «Արեգնազան» կրթահամալիրի տնօրեն, ուսուցիչ Արա Աթայանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող և հրատարակչության ղեկավար, գրականագետ Հայկ Համբարձումյանը, Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը, Տավուշի մարզի Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի դասվար Լուսինե Հակոբյանը և Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի սովորող Ամալյա Մարկոսյանը:
Քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում
«Շնորհավորում եմ բոլորիս Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի մեկնարկի կապակցությամբ, որը լավ առիթ է՝ մեկնարկելու նոր ուսումնական տարին: Այս տարի դպրոցներում ուսումնական տարին նվիրելու ենք գրքերին և ընթերցանությանը. նպատակն է՝ ապահովել սովորողների ընթերցողական զարգացման շարունակականությունը՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։ Կարծում եմ՝ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ կիսում է այն տեսակետը, որ ընթերցանությունը մարդու ձևավորման, մտածողության և աշխարհընկալման համար մեծ նշանակություն ունի»,- նշել է Թամարա Սարգսյանը:։
Ընթերցանության տարվա բովանդակությունը
Ներկայացնելով Ընթերցանության տարվա բովանդակությունը՝ նա տեղեկացրել է, որ նախատեսվում է յուրաքանչյուր ամիս անցկացնել որևէ ժանրի միջոցառում, ընթերցանությանը նվիրված համաժողով: Գրականության և արվեստի թանգարանը կկազմակերպի կրթական ծրագիր՝ «Ինչ էին կարդում մեր գրողները», Ազգային գրադարանը կկազմի գրադարանների գործունեության ուղեցույց և ընթերցանության մարաթոն: Կխրախուսվի դպրոցներում ընթերցանության ակումբների հիմնումը և այլն:
Ընթերցանության խթանումը՝ կրթական համակարգի թիվ մեկ խնդիր
Անդրադառնալով բուն թեմային և դրա շրջանակում ներկայացնելով ԿԶՆԱԿ հիմնադրամի առաջիկա անելիքները՝ Ժաննա Հարությունյանն ընդգծել է. «Ընթերցանության խթանումը մերօրյա կրթական համակարգի թիվ մեկ խնդիրներից է, բայց պետք է արձանագրել, որ փոխվել է ոչ թե երեխաների հետաքրքրությունը, այլ միջավայրը, որտեղ ձևավորվում է այն։ Մեր նպատակն է ձևավորել գիրք կարդալու մշակույթ այսօրվա միջավայրերում, որին պետք է հասնենք տարաբնույթ ծրագրերի միջոցով ՝ սկսելով մեզնից։ Նախաձեռնել ենք «Կարդում է ԿԶՆԱԿ-ը» ծրագիրը, որով ընթերցանության մեկնարկային կետը լինելու ենք ինքներս: Դպրոցների համար կմշակվեն նաև ուղեցույցներ, որոնք ավելի են մոտեցնելու երեխային գրքին ու ընթերցանությանը»:
Աշակերտը պետք է տեսնի ընթերցող ուսուցչի
Լրացնելով միտքը՝ «Արեգնազան» կրթահամալիրի տնօրեն Արա Աթայանը ևս փաստել է՝ երեխաները պետք է մեծանան մի միջավայրում, որտեղ ընթերցանությունը արժեք է:
«Ընթերցանությունը մշակույթ է, որը չի կարող առաջանալ հրահանգով: Դա պահանջ է, որ պետք է ձևավորվի երևակայությունից»,- ասել է նա՝ կարևորելով հատկապես հեքիաթներ պատմելու դերը: Այդպիսով՝ նա ընդգծել է՝ թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում մանկավարժը պետք է պատմի երեխաների համար, հատկապես դպրոցում աշակերտը պետք է տեսնի ընթերցող ուսուցչի: Որպես կարևոր նախապայման՝ դասագիրքը ևս պետք է հետաքրքիր լինի ընթերցանության համար։
Հայկ Համբարձումյանը՝ որպես հրատարակչության ղեկավար՝ ընդգծել է, որ ընթերցանության խթանումը կարևոր է ոչ միայն դպրոցականների, այլև ամբողջ հասարակության շրջանում: Նա հակիրճ ներկայացրել է հրատարակչական ոլորտի նախաձեռնությունները՝ ուղղված ընթերցանության խրախուսմանն ու հեղինակների ու ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրության աճին՝ գեղարվեստական գրականությունը դարձնելով ինչպես աշակերտի, այնպես էլ ուսուցչի ու ծնողի առօրյայի մասը:
Ամեն գիրք թաքնված միտք ունի
Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի սովորող Ամալյա Մարկոսյանը ներկայացրել է ընթերցանությունը սիրելու իր բանաձևը. «Եթե անգամ սկզբում գիրքն ինձ ձանձրալի է թվում, ես վստահ եմ, որ այն անպայման մի թաքնված միտք ունի, որը գուցե վերջին էջերում է, և որին ես պետք է հասնեմ ու բացահայտեմ: Ես սիրում եմ ընթերցել, քանի որ գրքերը ձևավորում են իմ աշխարհայացքը, և ես ստանում եմ շատ հարցերի պատասխաններ: Մեր ընտանիքում չկա որևէ մեկը, որ չկարդա: Անգամ իմ 93-ամյա տատիկը օրվա մեջ անպայման մի քանի էջ կարդում է»:
Նա կարևորել է դպրոցներում ընթերցողական ակումբների դերը՝ որպես միտքն ազատ արտահայտելու, երբեմն նաև ուսուցիչների հետ չհամաձայնելու, սեփական կարծիք ձևավորելու միջավայրեր:
Քննարկման ավարտին բանախոսները, որպես ամփոփիչ խոսք, խորհուրդ են տվել պարտադիր ընթերցանության իրենց նախընտրած գրքերը: Ըստ այդմ՝ առաջարկվել են Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը», Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը» և բոլոր ստեղծագործությունները, Միխաել Էնդե «Մոմո», Ռեյ Բրեդբերի «451° ըստ Ֆարենհայթի»:


