Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում՝ զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալել են 59-ամյա Գավառի բնակչի երկու ազգականներին։ Նրանցից մեկի վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։
Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օգոստոսի 29-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել 59-ամյա տղամարդու ազգականի վարած ավտոմեքենայում։ Հետևի նստարանին դրված պարկերում հայտնաբերվել են հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։
59-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։


