Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Վանի առևտրաարդյունաբերական պալատի Երևանում կայացած հանդիպումը վկայում է, որ երկու երկրների գործարար շրջանակները որոշակի կապեր են հաստատում և պատրաստվում են ավելի լայն համագործակցության: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 3-4-ին կայացած հայ և թուրք գործարարների հանդիպմանը:
«Սա իհարկե սկզբունքային քայլ չէ, որպեսզի երկու երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատվեն կամ սահմանը սկսի գործել, սակայն ինքնին ազդանշան է, որ կա հարաբերությունները՝ տնտեսական ու գործարար շրջանակներում, զարգացնելու հետաքրքրվածություն»,-ասաց թուրքագետը:
Սաֆրաստյանը նաև նշեց, որ իր գնահատմամբ գործարար շրջանակների միջև հարաբերություններն ու կապերի հաստատումը հայ-թուրքական ընդհանուր հարաբերությունների մեջ դժվար թե կհանգեցնեն ինչ-որ լայն կամ մեծ տեղաշարժերի, առավել ևս երբ դեռ չկան նաև հաստատված դիվանագիտական հարաբերություններ:
Բանախոսի խոսքերով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում Անկարայի համար բավարար ազդակներ չեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման պայմանագիրը և 2025 թվականի օգոստոսին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը:
«Սա այն պարզ պատճառով, որ Թուրքիան բարձր մակարդակներով, այդ թվում և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ ստորագրվի հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության պայմանագիրը: Համոզված եմ, որ Թուրքիան այս դիրքորոշումից չի հրաժարվի: Ներկայումս կատարվող այս քայլերը սկզբունքային չեն, չնայած, սակայն որոշակի առումով կարող են դիտարկել որպես քայլեր դեպի հարաբերությունների կարգավորում»,-ասաց թուրքագետը:
Նա նաև հիշեցրեց, որ այսպես թե այնպես երկու երկրների հասարակությունները ունեցել են առևտրական փոխհարբերություններ՝ երրորդ երկրների միջոցով՝ տվյալ դեպքում Վրաստանի, սակայն այժմ փորձ է կատարվում կարգավորել նաև այս ուղղությունը, որի կարևոր օրինակը Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրն այլևս ուղիղ կատարելու մասին Անկարայի ընդունած որոշումն է: Ըստ Սաֆրաստյանի՝ այստեղ էլ դեռ լուրջ քայլեր դեռ չեն կատարվել, և պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան այս ուղղությամբ:
«Գործարար շրջանակների միջև հարաբերությունները նաև չեն կարող հանգեցնել երկու հասարակությունների ներսում միմյանց նկատմամբ ունեցած բացասական պատկերացումների փոփոխությանը»,-ասաց թուրքագետը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք երկու երկրների միջև տեղ գտած առևտրատնտեսական հարաբերություններն ու այժմ քաղաքական մակարդակով դրանց ինստիտուցիոնալիզացման փորձերը, ինչպես նաև պատմական իրադարձությունների շուրջ Կառավարության մեղմ խոսույթը չեն վկայում, որ Հայաստանում չկա ու չի էլ եղել կատեգորիկ «հակաթուրքականություն» Սաֆրաստյանը նշեց. «Ընդհանրապես հայ ժողովուրդը որևէ այլ ժողովրդի նկատմամբ չունի և չի էլ ունեցել ծայրահեղ «հակա» վերաբերմունք, չնայած որ Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների պատմությունը դառը էջեր ունի: Կարծում եմ, որ ունենք պատմական վատ հիշողություն կապված սրա հետ, սակայն որպես այդպիսին հայերը որևէ հարևանի հանդեպ չունեն «հակա» վերաբերմունք: Հայ-թուրքական հարաբերություններում սա կարող է վերանալ կամ վերափոխվել, եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստը: Սա առաջին հերթին պետք է հնեց Թուրքիայի համար, որպեսզի ազատվի իր վրա եղած ծանր հանցագործության այդ խարանից: Կարծում եմ՝ սա ժամանակի գործընթաց է, և հույս ունեմ, որ թուրք հասարակությունը կհասնի այն մակարդակին և կդատապարտի ցեղասպանության հանցագործությունը»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անկլավների խնդրի շուրջ հարցին, Սաֆրաստյանը նշեց, որ չնայած այս հարցերի մասնագետը չէ, սակայն հույս ունի, որ դրանք կարող են լուծվել երկու կողմերի համար ընդունելի ու տրամաբանական ձևով:


