Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության հարցն ընդդիմության կողմից շահարկվում է ներքաղաքական նպատակներով»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին:
Ըստ Առաքելյանի՝ կա հռետորաբանության մեղմացում. «Նախկինում այս գործընթացի հետ կապված Ադրբեջանը շատ ավելի սուր հռետորաբանություն ուներ, հիմա որոշակի փոփոխություններ կան: Բայրամովն էլ ասել է, որ դա Հայաստանի ներքին գործն է, դրա համար պետք չէ տուրք տալ ընդդիմության հայտարարություններին: Ընդդիմությունը դա օգտագործում է ներքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար և բնավ էլ շահագրգռված չէ խաղաղության գործընթացով»:
Առաքելյանի խոսքով՝ «Անկախության հռչակագրի» տեքստի ընդունումը նույնիսկ այն ժամանակ միանշանակ չի եղել. «Այն ժամանակ շատերը դա համարել են ական ՀՀ-ի պետականության հիմքերում, այսօր մենք դրա դրսևորումը տեսնում ենք: Սահմանադրության փոփոխության հետ կապված բազմիցս հայտարարություններ եղել են, դա մեր ներքին գործն է: Մինչև խաղաղության պայմանագրի նախաստորագրումն էլ բազմաթիվ հարցեր կային, որոնք ավելի սուր էին դրվում, բայց հետագայում որոշ հարցեր երկրորդական դարձան»:
Անդրադառնալով Բայրամովի այն հայտարարությանը, թե սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ՝ քաղաքագետն ասաց. «Նախկինում էլ նման հայտարարություն եղել է, ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Կա նաև տեսակետ, ինչպես հասկանում եմ՝ դա նաև ընդունում է ադրբեջանական կողմը, որ երբ սկսվի TRIPP-ի բուն շինարարությունը, այդ հատվածներում առաջնահերթ կիրականացվեն սահմանազատում և սահմանագծում, որպեսզի այլ խոչընդոտներ չառաջանան»:
Խոսելով Բայրամով-Միրզոյան սպասվող հանդիպման մասին՝ Առաքելյանը նշեց. «Հաշվի առնելով տեղի ունեցող հանդիպումները, հնչող հայտարարությունները՝ ենթադրելի է, որ այդ հանդիպումը վերաբերելու է այս ամբողջ օրակարգին, որը որոշակի առումով պասիվ էր մինչև ՀՀ ընտրությունները: Գործընթացը կարծես նոր իմպուլս է ստանում»:
Էդգար Առաքելյանը նաև հավելեց, որ 2023 թվականից Հայաստանը որդեգրել է արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ նոր մոտեցում, որը դրսևորվել է և՛ օգոստոսի 8-ին՝ TRIPP-ի ստորագրմամբ, և՛ տասնյակից ավելի երկրների հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթերի ստորագրումով, ինչն էլ բերել է խաղաղության:


