Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ներկա պահին անկլավների հարցի շահարկումները կրում են միայն արհեստական բնույթ և միտված են գործընթացի շուրջ լարվածություն ստեղծելուն, որի արդյունքը ռուսական միջամտության համար դուռ բացելն է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության անկլավների վերաբերյալ հայտարարություներին՝ ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Հիմա ասում են Տիգրանաշենն է հանձնում, իսկ եթե հիպոթետիկ պայմանավորվածություն ձեռք բերվի, որ տարածքային փոխանակում է կատարվում, դրանից հետո էլ կասեն Արծվաշենը տվեց: Պետության խնդիրն է այս շահարկումները տեղում հանգցնելը: Ըստ էության՝ վարչապետը հենց սա էլ ի նկատի ուներ, երբ ասում էր, որ «ցանկանում եմ այս թեմայի շուրջ ներվը հանել»,-ասաց Մեհրաբյանը:
Ըստ քաղաքագետի՝ անկլավների խնդրի լուծումը իրականում սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում է կատարվելու, բայց դժվար թե դրանք քննարկման դրվեն ներկա փուլում:
«Կարծում եմ անկլավների խնդրին պետք է վերադառնալ ամենավերջում: Սակայն պետք է նաև հասկանալ, որ ժամկետային առումով սահմանազատման գործընթացը չի կարող հստակություն ունենալ, քանի որ գործ ունենք 1000 կմ երկարություն ունեցող սահմանի հետ»,-ասաց Մեհրաբյանը:
Ըստ նրա՝ ներկա պահին գետնի վրա փասատացի առկա է խաղաղություն, իսկ սահմանազատման, ճանապարհների բացման ու անկլավային հարցերի լուծումները բխում են հենց հաստատված խաղաղությունից:
Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նախօրեին հնչեցրած հայտարարությանը, թե սահամանզատման գործընթացը իրականացվելու է հյուսիսից հարավ՝ Մեհրաբյանը նշեց. «Այս ալգորիթմի վերաբերյալ արդեն պայմանավորվածություն կար, որ հենց այդ կետից պետք էր սկսել: Բայրամովի ասածը այն մասին է, որ բուն աշխատանքներն են սկսում՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության»:
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Բայրամովի հայտարարությունների մեջ անկլավների խնդրի լուծման նախադրյալներ չի տեսնում, քանի որ, իր գնահատմամբ, առավել հրատապ է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչմանն ու շինարարական աշխատանքների մեկնարկին ընդառաջ հենց այդ հատվածներում սահմանազատում կատարելու հարցը:
«Տարածքային փոխանակման սկզբունքը ներկա պահին ամենատրամաբանականն է անլկավների խնդրի լուծման շրջանակներում, քանի որ անկլավի վրա վերհասկողությունը վերկանգնելուց հետո թե՛ Հայաստանի, թե՛Ադրբեջանի համար սա հավելյալ միջոցներ է պահանջում այդ տարածքների հետ ցամաքային կապ հաստատելու համար, որը գլխացավանք կարող է լինել»,-ասաց քաղաքագետը:
Մեհրաբյանը նշեց, որ հարցը ընդհանուր օրակարգում առկա է, սակայն ներկա փուլում դրված չէ:
Սահմանազատման գործընթացի համատեքստում անկլավների հարցին անդրադարձավ նաև արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ այն Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի կարևոր շերտերից մեկն է:
Նա ընդգծեց, որ անկլավների հետ կապված խնդիրները առաջ են գալու, երբ որ սահմանազատման գործընթացը հասնի դրանցից որևէ մեկին և հնարավոր է ինչպես խնդրի փաթեթային, այնպես էլ առանձին քննարկումներից բխած լուծում:
«Երևանի և Բաքվի ստորագրած փաստաթղթերը անցել են համապատասխան իրավական կարգավորումներով՝ հաստատվելով ՀՀ ԱԺ-ի կողմից, ինչը նշանակում է, որ այն կատարվում է ՀՀ Սահմանադրության և օրենքների համաձայն, հետևաբար իրավական առումով տարածքային փոխանակում կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով: Նմանատիպ գործընթաց պետք է լինի նաև Ադրբեջանում: Այս գործընթացները միտված են լինելու տարածքային փոխանակման դեպքում դրանց իրավական փաթեթավորում տալուն»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացի վերաակատիվացման անհրաժեշտություն լինելու է, երբ որ սկսվի սահմանների բացման գործընթացը, օրինակ՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման կամ երկու երկրների սահմանների տարբեր հատվածներում անցակետերի տեղադրման հետ կապված:
Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից զորքերի հայելային հետքաշման առաջարկը՝ կատարված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ավելի վաղ էր եղել, հիմա այս մոտեցումը չկա, քանի որ վերջին պայմանավորվածություններն ու գործընթացի հետագա ընթացքը ցույց են տալիս, որ զարգացումներն այլ տրամաբանության մեջ են:
«Մենք ունենք սահմանի մի հատված, որի սահմանազատումը իրականացվել է հստակ պայմանավորվածություններով ու տեսանելի արդյունավետությամբ, և բնականաբար այս իրավիճակը հաշվի առնելով որոշվել է շարունակել սահմանազատման գործընթացի մյուս փուլերը: Սա ցույց է տալիս, որ կողմերը կարող են փոխադարձ պայմանավորվածությամբ և աշխատանքային պրոցեսում լուծել այդ խնդիրները: Որևէ հիմք այլևս չկա կարծելու, որ կողմերը սահմանազատման գործընթացի շրջանակներում կարող են բախվել էական խնդիրների: Քաղաքական որոշման հարցը առկա է, փաստաթղթային բազան առկա է, մնում է միայն պրակտիկ կերպով գործընթացի առաջ մղումը»,-ասաց Պետրոսյանը:
Ըստ Պետրոսյանի՝ դեռ վաղ է խոսելը նաև տարածքային փոխանակման մասին, քանի որ կողմերը չեն վավերացրել այնպիսի փաստաթուղթ, որը կկարգավորեր նման հարցերը լուծելու սկզբունքները՝ թույլ տալով կողմերին հասկանալ, թե ով որտեղ ինչ կկարողանա զիջել:


