ՌԴ-ից՝ «գազարի և գավազանի» քաղաքականություն, Երևանից՝  դեմարշ. Խալաթյանը՝ ՀՀ-ՀԱՊԿ-ԵԱՏՄ հարաբերությունների ապագայի մասին Zarkerak - ՌԴ-ից՝ «գազարի և գավազանի» քաղաքականություն, Երևանից՝ դեմարշ. Խալաթյանը՝ ՀՀ-ՀԱՊԿ-ԵԱՏՄ հարաբերությունների ապագայի մասին
Zarkerak Zarkerak - ՌԴ-ից՝ «գազարի և գավազանի» քաղաքականություն, Երևանից՝ դեմարշ. Խալաթյանը՝ ՀՀ-ՀԱՊԿ-ԵԱՏՄ հարաբերությունների ապագայի մասին
ՌԴ-ից՝ «գազարի և գավազանի» քաղաքականություն, Երևանից՝  դեմարշ. Խալաթյանը՝ ՀՀ-ՀԱՊԿ-ԵԱՏՄ հարաբերությունների ապագայի մասին

ՌԴ-ից՝ «գազարի և գավազանի» քաղաքականություն, Երևանից՝ դեմարշ. Խալաթյանը՝ ՀՀ-ՀԱՊԿ-ԵԱՏՄ հարաբերությունների ապագայի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով Երևանի վերջին երկու-երեք տարիների քաղաքականությունը, Հայաստանի ինստիտուցիոնալ կապերը ՀԱՊԿ-ի հետ աստիճանաբար թուլանում են և ստանում են որոշակի բնույթ, որովհետև ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցումը դա քաղաքական դեմարշի ձև է՝ փաստացի գիտակցված անգործություն: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, թե ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել կազմակերպության շրջանակում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ:

Խալաթյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածը իրավական «պատժամիջոցներ» է սահմանում ոչ միայն անդամավճարը չվճարելու համար, այլ նաև երկրների կողմից մշտական խորհրդաժողովներին չմասնակցելու համար: Ըստ նրա այդ իրավական հետևանքները ենթադրում են, որ ՀԱՊԿ-ի ներսում կոնսենսուսային որոշումը կամ որոշումները որոնք ընդունվելու էին անդամ երկրների ձայների մեծամասնությամբ, այսուհետ  ընդունվելու են առանց Հայաստանի ձայնի հաշվառման:

«Ըստ էության Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում անդամակցությունը սառեցնելու մասով իրավական ամրագրում չկա, սակայն այն իրենից ենթադրում է ՀԱՊԿ-ում աշխատանքի մասնակցության սառեցում բոլոր մակարդակներում: Սա ցույց է տալիս, որ Հայաստանը բավարարված չէ ՀԱՊԿ գործընկերների, որպես դաշնակիցների ցուցաբերած  վարքագծով և ընդհանուր այն քաղաքականությամբ, որը որդեգրվել Հայաստանի նկատմամբ՝ սկսած ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումից»,-ասաց իրավագետը:  

Նրա գնահատմամբ, եթե Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշումը, ընդունվի ՀԱՊԿ-ի կողմից ապա դա կնշանակի այնպիսի իրողությունների արտացոլում, որոնց շուրջ բողոքում է Հայաստանը:

«Ըստ էության մնում է վերջին քայլ, որը որքան էլ Ռուսաստանը փորձի ձգձգել այնուամենայնիվ կարծում եմ 2027-ի վերջին կլսենք Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու կոնսեսուսային որոշման մասին»,-ընդգծեց Խալաթյանը:

Իրավագետը կարծում է, որ նման քայլերով Ռուսաստանը վարում է «գազարի և գավազանի» քաղաքականություն:

«Մի կողմից հայտարարվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իր պայմանագրային պարտավորությունները կատարել Հայաստանի հանդեպ, և որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակից անդամ, մյուս կողմից իրենց պատկերացմամբ ճնշում են գործադրում՝ կիրառելով իրավապայմանագրային կառուցակարգերը: Այստեղ անհանգստանալու բան ավելի շատ ունեն ՀԱՊԿ-ը և իր տիտղոսային պետություն Ռուսաստանը, որը ռազմաքաղաքական ոլորտում իրավականորեն կորցնում է իր դաշնակցին: Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը իրենց հայտարարություններով վերջակետ են դրել ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագային, կարող ենք ասել, որ ըստ էության մոտենում ենք ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման իրավաքաղաքական վերջակետին»,-ասաց Խալաթյանը:

Խալաթյանը նաև նկատեց, որ սա կարող է դոմինոյի էֆեկտ է ունենալ և հերթը հասնել հայ-ռուսական մեծ պայմանագրին և ռուսական ռազմաբազային:

Ըստ նրա Հայաստանի ապագան գոնե միջնաժամկետում հեռանկարում արտաբլոկային երկրի կարգավիճակն է, որը թույլ կտա երկկողմ ամուր կապեր ունենալ առանցքային արևմտյան դաշնակիցների հետ:

«Սա ռազմավարական լավագույն լուծումն է, որը թույլ կտա նախ առավելագույն մանևրողականություն ունենալ և հետո չծանրաբեռնվել այնպիսի պետությունների հանդեպ դաշնակցային պարտավրություններով, որոնց հետ Հայաստանը չունի իրական դաշնակցային կամ ռազմավարական խորը հարաբերություններ: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Միջին ասիայի պետություններին, որտեղ բացի Ղազախստանի ներքաղաքական իրադարձություններից մենք ըստ էության երբեք չենք մասնակցել օրինակ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային կոնֆիկտների կամ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային խնդիրների կարգավորմանը: Այսինքն ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք փաստացի դաշնակցել ենք Ռուսաստանի հետ»,-ասաց իրավագետը և հիշեցրեց, որ առհասարակ տարաձայնություններ կան նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում:

«Այս ամենը ցույց է տալիս, որ փոքր պետությունների՝ այդ թվում և Հայաստանի համար առավել ձեռնտու է «մոբիլ» արտաքին քաղաքականություն վարելը»,-ասաց նա:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Խալաթյանը նշեց, որ այս դեպքում իրավիճակը այլ է, քանի որ ՀԱՊԿ-ի նման պատժամիջոցային մեխանիզմներ գոյություն չունեն, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը բացառապես կարող է այդ երկրի կամարտահայտությամբ դրսևորվել:

«Կարող են որոշակի սանկցաիաներ կիրառվել, բայց դա պետք է լինի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները հակադիր են ԵԱՏՄ բնույթին, քանի որ միակողմանի սանկցիաներ չեն կարող մտցվել: Բացի այս ունենք Ռուսաստանի կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելուց շեղվելու վառ օրինակ: Այս ամենը ևս ցույց է տալիս, որ ճգնաժամ է հասունացել և խորանում նաև ԵԱՏՄ-ի ներսում, կարծում եմ Հայաստանը, ինչ-որ պահից դուրս կգա նաև այս կառույցից, իհարկե հասկանալի պատճառներով մինչև, որ տնտեսական լիարժեք այլընտրանքները չձևավորվեն: Ըստ էության ուրվագծվել են նաև այս կառույցի ներսում Հայաստանի կարմիր գծերը և Ռուսաստանը այստեղ համառում է և փորձում է հաշվի չառնել հայկական կողմի շահերը, ինչը Երևանի և Մոսկվայի միջև հանգեցրել է նյարդերի պատերազմի»,-ասաց իրավագետը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք բոլոր ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների խզումը ապագայում չի կարող հանգեցնել նաև ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալուն՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի օրինակով, Խալաթյանը նշեց. «ԱՊՀ պարագայում պետք է հաշվի առնենք, որ այն Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի և առհասարակ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների տարածքային ամբողջականության ինստիտուցիոնալ հիմքերն է ուրվագծում: Այստեղ մենք պետք է զգույշ լինենք գործողություններում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խաղաղության պայմանագիր չկա: Այստող ԱՊՀ-ից դուրս գալը կարող է որոշակի էսկալացիոն ռիսկեր և սադրանքի պարարտ հող ստեղծել Ադրբեջանի համար, որը այն կարող է հիմք համարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և իր անեքսիոն քաղաքականությանը վերադառնալու համար, որովհետև եթե դուրս ես գալիս ԱՊՀ-ից, ուրեմն քո համար չեղարկում ես նաև Ալմա-Աթայի հռչակագիրը»:

Իրավագետը նաև նշեց, որ իր ձևով ԱՊՀ-ն ավելի շուտ սիմվոլիկ և քաղաքական ֆորումի բնույթ ունի, միևնույն ժամանակ չունենալով պայմանագրային պարտավորությունների ծանրաբեռնվածություն: 

09 Նոյեմբեր, 2026 14:54
Վեր