Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին առ այն, որ Երևանում և Գյումրիում ամեն տարի պետք է փողոցներ վերանորոգվեն՝ 50 և 25 կմ երկարությամբ։
Խուդաթյանը տեղեկացրեց՝ հանձնարարականը տրվել է 2026-ի հունիսին, երբ շինարարական տարին արդեն կիսվել էր, սակայն այլ հանձնարարականով ՏԿԵՆ-ն արդեն սկսել էր Երևանում և Գյումրիում որոշ փողոցների նորոգման աշխատանքները։
«Այս հանձնարարականը կոնկրետ թիրախ սահմանեց, մենք այս տարվա ընթացքում Երևանում մոտ 15 կմ աշխատանք իրականացրել ենք, կարծում եմ՝ մոտավորապես 7-8 կմ աշխատանք իրականացրել ենք Գյումրիում։
Այսօր էլ Երևանում շարունակում ենք աշխատանք իրականացնել։ Կան փողոցներ, որոնց շինաշխատանքը կմեկնարկենք այս տարի։ Մեծ ծավալով քաղաքապետարանի գործընկերների հետ համատեղ աշխատում ենք նախագծերի, շինթույլտվությունների հետ կապված։
Կարծում եմ՝ Երևանում տարին կկարողանանք փակել առնվազն 20 կմ՝ այս տարի արված աշխատանքով և Գյումրիում՝ ավելի քան 10 կմ արած աշխատանքով։ Սրանք մեր վատատեսական թվերն են, իրականում եղանակային պայմաններով պայմանավորված ավելի մեծ ծավալի աշխատանք անելու հնարավորություն ունենք»,- նշեց ՏԿԵ նախարարը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հանրապետությունում շուրջ 400 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման, կառուցման աշխատանքներ են իրականացվել։
«Գնում ենք մեր պլանային 500 կմ-ն անելու ուղղությամբ»,- հայտնեց Խուդաթյանը։


