Դեռ հանրաքվե չկա, բայց ընդդիմությունն արդեն պայքար է սկսել Zarkerak - Դեռ հանրաքվե չկա, բայց ընդդիմությունն արդեն պայքար է սկսել
Zarkerak Zarkerak - Դեռ հանրաքվե չկա, բայց ընդդիմությունն արդեն պայքար է սկսել
Դեռ հանրաքվե չկա, բայց ընդդիմությունն արդեն պայքար է սկսել

Դեռ հանրաքվե չկա, բայց ընդդիմությունն արդեն պայքար է սկսել

Հայաստանի ընդդիմությունը հերթական անգամ գտել է հասարակությանը «համախմբելու» նոր թեմա։ Այս անգամ պայքարի թիրախը Սահմանադրության հնարավոր փոփոխությունն է և դեռևս չնշանակված հանրաքվեն։ Քաղաքական հայտարարություններ են հնչում, վտանգներ են կանխատեսվում, հնչեցվում են ինքնիշխանության կորստի մասին ահազանգեր։ Ստեղծվում է տպավորություն, թե վաղն առավոտյան Հայաստանի քաղաքացիներին ստիպելու են գնալ հանրաքվեի և քվեարկել ինչ-որ պարտադրված փաստաթղթի օգտին։

Բայց մի փոքրիկ նյուանս կա, որի մասին այս աղմուկի կազմակերպիչները կարծես մոռացել են։ Հանրաքվե անցկացնելու որոշում չկա։ Դեռ չկա նաև հանրաքվեի դրվող վերջնական նախագիծ։ Կա նոր Սահմանադրության մշակման և հանրային քննարկման գործընթացի մասին խոսակցություն։ Այսինքն՝ ընդդիմությունը պայքարի է դուրս եկել մի գործընթացի վերջնական արդյունքի դեմ, որը դեռ չի կայացել։

Սա արդեն քաղաքականության բավականին հետաքրքիր տեխնոլոգիա է։ Նախ հասարակությանը ներկայացնել դեռևս գոյություն չունեցող վտանգը որպես կատարված փաստ, հետո այդ վտանգի շուրջ ստեղծել շարժում, ձևավորել համախմբում և ներկայանալ որպես ազգային շահերի պաշտպան։ Իսկ երբ իրական փաստաթուղթը հրապարակվի, հասարակությունը կարող է նույնիսկ հնարավորություն չունենալ հանգիստ քննարկելու դրա դրույթները, որովհետև քաղաքական աղմուկն արդեն կանխորոշած կլինի վերաբերմունքը։

Սահմանադրության փոփոխությունը լուրջ պետական հարց է։ Այն պետք է քննարկվի բաց, թափանցիկ և առանց արտաքին կամ ներքին քաղաքական պարտադրանքի։ Եթե նախագիծը խնդրահարույց դրույթներ ունենա, ընդդիմությունը լիարժեք իրավունք ունի քննադատելու, հակափաստարկներ ներկայացնելու և քաղաքացիներին համոզելու։ Բայց ինչո՞ւ է անհրաժեշտ նախապես հանրությանը վախեցնել, հանրաքվեն ներկայացնել որպես արդեն որոշված իրադարձություն և դեռ չտեսած փաստաթղթի շուրջ պայքարը վերածել քաղաքական շարժման։

Իսկ գուցե այս ամբողջ աղմուկի նպատակը ոչ թե Սահմանադրության բովանդակության շուրջ քննարկումն է, այլ հերթական քաղաքական քաոսի համար հարմար պատրվակ ստեղծե՞լը։

Հայաստանին պետք է ոչ թե քաղաքական վախերի արտադրություն, այլ լուրջ պետական քննարկում։ Սահմանադրության ճակատագիրը պետք է որոշվի փաստերի, իրավական հիմնավորումների և քաղաքացիների ազատ կամարտահայտության միջոցով, ոչ թե նախապես կազմակերպված քաղաքական աղմուկով։

Մկրտիչ Իսրայելյան
 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

11 Նոյեմբեր, 2026 11:39
Վեր