Հոգեբուժական հաշվառման փաստը չպետք է նույնացվի հասարակության համար վտանգ ներկայացնելու հետ․ հոգեբույժ Zarkerak - Հոգեբուժական հաշվառման փաստը չպետք է նույնացվի հասարակության համար վտանգ ներկայացնելու հետ․ հոգեբույժ
Zarkerak Zarkerak - Հոգեբուժական հաշվառման փաստը չպետք է նույնացվի հասարակության համար վտանգ ներկայացնելու հետ․ հոգեբույժ
Հոգեբուժական հաշվառման փաստը չպետք է նույնացվի հասարակության համար վտանգ ներկայացնելու հետ․ հոգեբույժ

Հոգեբուժական հաշվառման փաստը չպետք է նույնացվի հասարակության համար վտանգ ներկայացնելու հետ․ հոգեբույժ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ընդհանրապես Բաղրամյան պողոտայում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած սպանության և առհասարակ նմանատիպ դեպքերի մասին տեղեկատվության մեջ մարդուն դեռ մեղավոր չճանաչելով հանդերձ ընդգծելը, որ հաշվառված հիվանդ է, նպաստում է նրան, որ հասարակության մեջ ընկալում է ձևավորվում, թե իբր նման հիվանդները աջ ու ձախ մարդկանց կարող են վնասել: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ և հոգեբույժ Արմեն Սողոյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահրվել էր 29-ամյա երիտասարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց և մահացել նոյեմբերի 8-ին։ Նույն օրը հայտարարվեց նաև սպանողին ձերբակալելու մասին, ով ըստ ՆԳՆ հաղորդագրության հաշվառված է հոգեբուժական հաստատությունում և որևէ կապ չի ունեցել տուժողի հետ:

Սողոյանն ընդգծեց, որ նմանատիպ տեղեկատվությունների տարածումը նպաստում է նաև նրան, որ բուժման կարիք ունեցող անձիք ամաչում են և խուսափում բուժման դիմելուց, որի արդյունքը շատ ավելի վատ հետևանքն է:

Բժիշկը նաև նշեց, որ որևէ կերպ նման ընդգծումներ չպետք է կատարել, իսկ հասարակությունը պետք իմանա, որ հոգեկան խանգարում ունենալը վերաբերում է ինչպես շատ թեթև դեպքերին, այնպես էլ ծանր խանգարումներին, ինչպես սոմատիկ հիվանդությունների պարագայում է:

«Հոգեկան խանգարումներին  ընդհանուր մոտեցումը կործանարար է հենց հասարակության համար»,-նշեց Սողոյանը:

Անդրադառնալով հոգեբուժական կենտրոնների գործունեության արդյունավետության մասին հարցին նա ընդգծեց. «Հոգեբուժարանը կատարում է իր գործառույթները և տալիս է համապատասխան բուժումը, հակառակը պնդելու հիմքեր չկան: Լինում են բողոքի դեպքեր, սակայն դրանք բավականին չնչին տոկոս են կազմում: Պետք է հասկանալ, որ մարդը դիմում է բուժման համար, ստանում է համապատասխան բուժում, վիճակը կարգավորվում է ու դուրս է գրվում, այսինքն նման դեպքերում բուժումը շարունակվում է արտահիվանդանոցային պայմաններում: Նման անձիք բոլորիս նման մարդ են, ուղղակի կան դեպքեր, երբ անհրաժեշտ է համապատասխան դեղահաբերի կանոնավոր ընդունումը, ինչպես օրինակ շաքարախտով հիվանդների մոտ է, որպեսզի վատթար առողջական հետևանքների չհանգեցնի: Կան նաև արտահիվանդանոցային բուժման դեպքեր, երբ դեղահաբերի ընդունման կարիք անգամ չկա»: 

Սողոյանը նշեց, որ հիվանդներին համապատասխան բուժում տրամադրելուց ու  դուրս գրելուց հետո որևէ այլ վերահսկողություն չկա ու չի իրականացվում նրանց նկատմամբ:

«Ընդհանրապես արտահիվանդանոցային բուժման պարագայում ոչ ոք լծակ չունի մարդուն ստիպելու համապատասխան դեղորայքը ստանալու և ընդունելու համար»,-ասաց բժիշկը:

Նա բացատրեց, որ օրենքով հստակ սահմանված է, որ անձի հոսպիտալացումը պետք է լինի միայն հոժարակամ, իսկ ոչ հոժարակամ հոսպիտալացումը վերաբերում է այն դեպքերին, եթե տվյալ պահին կա հստակ վտանգ անձի կամ իր շրջապատի համար: 

Պատասխանելով հարցին, թե շրջապատի համար վտանգ ներկայացնելու կամ որպես այդպիսին դիտարկվելու դեպքում, եթե հիվանդը չի ցանկանում մեկուսացվել ինչպիսի համոզման մեխանիզմներ գոյություն ունեն Սողոյանը նշեց. «Օրենքը այս դեպքում պաշտպանում է թույլին, այսինքն մարդուն տեղափոխում են հիվանդանոց, որտեղ հոգեբույժները հետազոտում են և որոշում կայացնում, թե արդյոք տվյալ մարդը իր հոգեկան վիճակով վտանգ ներկայացնում է: Եթե դրական որոշում է կայացվում, ապա իր կամքին հակառակ պահվում է հիվանդանոցում, որից հետո դիմում են դատարան, որտեղ արդեն որոշում է կայացվում մարդուն վերհսկողության տակ պահելու կամ չպահելու մասին: Հոգեբույժների կողմից բացասական որոշում կայացնելու դեպքում մարդուն պետք է բաց թողնեն»:

Սողոյանը նշեց, որ Հայաստանում այնուամենայնիվ կան գործատուներ, որոնք մարդկանցից պահանջում են հաշվառված չլինելու մասին տեղեկանքներ կամ գրություններ, ինչը խտրականության դրսևորում է:

«Մարդկանց նման վիճակի մեջ չի կարելի դնել, օրենքով ընդամենը մի քանի սահմանափակումներ կան, երբ հոգեկան խանգարման վերաբերյալ ախտորոշում ունեցողները չեն կարող աշխատել որպես քաղծառայող, ուժային կառույցներում կամ բժշկության ոլորտում, մնացած դեպքերում որևէ սահմանափակումներ չկան: Անկախ ամեն ինչից, քանի որ հասարակությունը կարծրատիպերի մեջ է, ինչ էլ անենք միևնույնն է նման հիվանդություն ունեցող մարդիկ խտրականության մեջ են լինելու»,-ասաց Սողոյանը:

Անդրադառնալով մարդուն վերագրվող հանցանքի նկատմամբ անմեղսունակ ճանաչելու դեպքում բուժման գործընթացին և դուրս գրման հավանականությանը՝ Սողոյանը նշեց, որ նման պարագայում անհատի համար նշանակվում է դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում տրվում է եզրակացություն տվյալ անձի մեղսունակ կամ անմեղսունակ լինելու վերաբերյալ:

«Անմեղսունակ ճանաչվելու դեպքում իրականացվում է հարկադիր բուժում, որը ժամկետ չունի: Նման դեպքում անհատը այնքան է մնում հարկադիր բուժման մեջ, մինչև համապատասխան հանձնաժողովը գտնի, որ վտանգ չի ներկայացնում և դիմեն դատարան հարակադիր բուժումը վերացնելու համար»,-բացատրեց բժիշկը:

Նա նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում հաշվառված է շուրջ 70 հազար հիվանդ:

 

11 Նոյեմբեր, 2026 12:40
Վեր