Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը նախատեսում է 29,3 մլրդ դրամ վերաբաշխել առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորման համար։ Գումարը կհատկացվի Առողջապահության նախարարությանը՝ ապահովագրավճարների պետական սուբսիդավորման պակասորդը ծածկելու նպատակով։
Կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում, չզեկուցվող հարցերի շրջանակում, ընդունել է համապատասխան որոշումը։
Նախագծով նախատեսվում է 19,08 մլրդ դրամ վերաբաշխել Աշխատանքի և բարեկեցության նախարարության բյուջեից, ևս 10,22 մլրդ դրամ՝ պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից։
Որոշման նախագծի հավելվածների համաձայն՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծրագրերի հատկացումները նախատեսվում է նվազեցնել։
Մասնավորապես՝
6 մլրդ դրամով՝ անապահով ընտանիքներին տրվող նպաստների ֆինանսավորումը,
5 մլրդ դրամով՝ Արցախից տեղահանվածներին աջակցելու ծրագիրը,
4,5 մլրդ դրամով՝ անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագիրը,
1 մլրդ դրամով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստների ֆինանսավորումը,
1 մլրդ դրամով՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության ծրագիրը,
500 մլն դրամով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների ֆինանսավորումը։
Նախատեսվում է նաև 750 մլն դրամով նվազեցնել կենսաթոշակային ապահովության ծրագրի հատկացումները, որից 400 մլն դրամը վերաբերում է կենսաթոշակների և այլ դրամական վճարների իրականացման ապահովմանը, իսկ 350 մլն դրամը՝ օրենքով նշանակված առանձին կենսաթոշակներին։
Եվս 315 մլն դրամ նախատեսվում է վերաբաշխել պարգևավճարների և պատվովճարների ծրագրից։
Նախագծում չի մանրամասնվում, թե այս կրճատումներն ինչպես կանդրադառնան համապատասխան ծրագրերի շահառուների վրա։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվում է փուլային տարբերակով՝ 2026 թվականից սկսած։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են բնակչության որոշ խմբեր, իսկ հաջորդ փուլերում նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել ապահովագրվածների շրջանակը։


