Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Թուրքիան ներկա փուլում շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել և սահմանը բացել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը՝ ըստ որի` Անկարան պատրաստ է սահմանի բացմանը, սպասում է հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորմանը` ասաց արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ Սաֆրաստյանի՝ Հարավային Կովկասը՝ որպես տարածաշրջան, սկսում է բացվել աշխարհի համար և ինտեգրվում է համաշխարհային գործընթացների մեջ. «Թուրքիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, որ սահմանը բացվի ու նոր լրացուցիչ հնարավորություններ ստանա՝ մտնելու այդ գործընթացների մեջ: Մյուս կողմից Թուրքիայի համար հիմա Հայաստանի հետ հարաբերությունները չունեն այն կարևոր նշանակությունը, ինչը որ ունեին առաջ, նախկինում ՀՀ-ին անընդհատ ճնշում էին, փորձում էին զիջումներ կորզել և այլն: Հիմա Թուրքիան փորձում է դառնալ ավելի կարևոր պետություն աշխարհում, դրա համար իր համար կարևոր է, որ Հայաստանի հետ, որն ի համար վտանգ չի ներկայացնում, ունենա նորմալ սահման»:
Սաֆրաստյանը նշեց, որ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ մինչև Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները չկարգավորեն՝ սահմանը չեն բացի, ըստ թուրքագետի՝ դա ուժի մեջ է. «Եթե չլինեին Էրդողանի մի քանի անգամ հնչեցրած հայտարարությունները, կասեի, որ Թուրքիան կարող է որոշ քայլեր ձեռնարկել, բայց քանի որ երկրի ղեկավարն է հայտարարել, այստեղ հարց է՝ արդյոք նա կդրժի իր խոսքը, սա արդեն անձնական հեղինակության խնդիր է: Մի դեպք կա, որ Էրդողանը մի բան ասել է, հետո նշել՝ որ ավելի կարևոր է անել այն, ինչն ասել էր, որ չէր անի: Արդյոք ինքը կգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում էլի այդ ճանապարհով՝ կասկածում եմ»:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Թուրքիայի հռետորաբանությունը փոխվել է. «Կարևորն այն է, որ որոշակի քայլեր տեսնում ենք, սակայն իրական քայլեր Թուրքիան չի անում՝ կապված Էրդողանի հայտարարությունների հետ: Այդ քայլերը նախապատրաստական բնույթ են կրում և սկզբունքորեն չեն փոխում իրավիճակը»:
Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր ժամկետների մասին՝ Սաֆրաստյանն ասաց. «Թուրքիան կառուցում է երկաթգիծ՝ Կարսից դեպի Նախիջևան, որի ավարտը 2028 թվականին է նախատեսված, կարծում եմ՝ կա հավանականություն, որ մինչ այդ թվականը կբացվի հայ-թուրքական սահմանը»:
Սաֆրաստյանը նաև նկատեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ կարևոր է Հայաստանի համար. «Նոր հնարավորություններ կբացվեն, բայց ռիսկեր էլ կան: Թուրքական տնտեսությունը շատ ավելի հզոր է, քան Հայաստանինը, կարող է չափից ավելի մեծ ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա, բայց պետք է կարողանալ այդ ռիսկերը կառավարել»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում առկա տրամադրություններին՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Հայ ժողովուրդն իրավունք ունի Թուրքիայի նկատմամբ ունենալու բացասական հիշողություններ, բայց դա չեմ կարծում, որ խոչընդոտ է, դա պետք է հաղթահարվի ժամանակի ընթացքում»:


