Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
COP31-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Պանամայի շրջակա միջավայրի նախարարի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Պանամային՝ Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ակտիվ մասնակցության համար։ Պանամայի նախարարը բարձր է գնահատել համաժողովի կազմակերպումը։ Կողմերն անդրադարձել են նաև COP18-ը հյուրընկալելու հարցում Պանամայի հայտնած պատրաստակամությանը։
Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համատեքստում կողմերը կարևորել են ծովային և ցամաքային էկոհամակարգերի վերականգնումը, պահպանվող տարածքների միջև էկոլոգիական կապակցվածության ամրապնդումը և բնության պահպանության կայուն ֆինանսավորումը։ Նրանք ընդգծել են, որ այդ միջոցառումները պետք է շոշափելի օգուտներ բերեն տեղական համայնքներին և բնիկ ժողովուրդներին։
Արամ Մեյմարյանը կարևորել է Ռիոյի երեք կոնվենցիաների շրջանակում գործողությունների համադրումը և հայտնել Հայաստանի պատրաստակամությունը՝ Պանամայի հետ փորձ փոխանակելու բնության վրա հիմնված լուծումների, պահպանվող տարածքների կառավարման և շրջակա միջավայրի մոնիթորինգի ոլորտներում։


