Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆիզիկայի առարկայի ատեստավորման այս տարվա արդյունքները բավականին ցածր են նախորդ տարիների ցուցանիշների համեմատ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշել է, որ եթե նախորդ տարիներին տարբեր առարկաների ատեստավորման հաղթահարման միջին շեմը եղել է մինչև 70 տոկոս, ապա ֆիզիկայի այս տարվա արդյունքները զգալիորեն ցածր են։
Անդրեասյանի խոսքով՝ ներկայում ընթանում է բողոքարկման գործընթացը, և նախարարությունը հետևողական կլինի դրա օբյեկտիվ իրականացման հարցում։ «Ֆիզիկայի մեր բոլոր ուսուցիչներին խնդրում եմ հանգիստ լինել։ Մենք նրանց բողոքները ստացել ենք, դրանք մանրամասն կդիտարկվեն, և նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի որոշումը լինի հնարավորինս արդար և օբյեկտիվ»,- ասել է նախարարը և հիշեցրել, որ նախորդ տարիներին աշխարհագրության, քիմիայի և ռուսերենի ատեստավորման ընթացքում ևս խնդիրներ են առաջացել։
«Այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է եղել լրացուցիչ փորձագիտական կարծիք ստանալու, այդ հարցերը լուծվել են հօգուտ ուսուցիչների, եթե առկա են եղել ոչ միանշանակ կամ երկակի մեկնաբանություն ունեցող հարցեր»,-հավելել է Ժաննա Անդրեասյանը։


