Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմությունը մեր ներքին քաղաքականության դիսկուրսում անընդհատ խոսում են Ադրբեջանի և Թուրքիայի մասին, տալիս են Ադրբեջանի նախագահի անունը, տալիս են Թուրքիայի նախագահի անունը։ Սա բնական երևույթ պետք է համարել, որովհետև սա արտահայտում է Հայաստանի նախկին քաղաքական միտքը, որի մեջ եղել ենք այդ թվում և մենք։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ո՞ւմ հետ ենք խոսել խաղաղության մասին, պայմանական ասած հեռավոր ինչ-որ երկրների հետ։ Այսինքն խաղաղությունը քննարկել ենք բոլոր երկրների հետ, բայց այն սուբյեկտը ում հետ պետք է խաղաղություն հաստատեինք, ընդհակառակը, իր հետ նույնիսկ շփվելը եղել է խնդիր»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը հիշեց, որ Մյունխենի դռնփակ նիստերից մեկում հայտարարել է, որ Հայաստանը և իր գլխավորած Կառավարությունը միշտ խաղաղություն հաստատելու դիրքերից են հանդես եկել։
«Օրինակ մենք օտարերկրյա այցերից վերադարձել ենք, ու ասել ենք, որ Ժողովուրդ ջան հաստատել ենք տևական խաղաղություն, բայց Ավստրալիայի հետ, Բրազիլիայի հետ, Արգենտինայի հետ։ Մենք բաց ենք թողել մի կարևոր նյուանս, որ մեր խնդիրը խաղաղություն հաստատելն է մեր միջավայրի հետ, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ու հիմա քանի որ մեր քաղաքական մտածողության մեջ չկա սա, ասում են՝ արա գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած, փոխանակ նրանց հետ խաղաղություն հաստատեք, հլա սրանց խելքին աշեցեք, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը ընդգծեց, որ իր Կառավարության խնդիրը Պարագվայի հետ անշրջելի խաղաղություն հաստատելն ու ինչ-որ կենացներ ասելը չէ, այլ Հայաստանի միջավայրի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ անշրջելի խաղաղություն հաստատելը։


